Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ աշխատակիցներն իրենց փորձը հարստացնում են արտերկրի համալսարաններում

14 Դեկտեմբեր 2017

«Էրազմուս+» ծրագրով դեկտեմբերի 4-8-ը ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Հայկ Բեջանյանը վերապատրաստվել է Կրակովի  տնտեսագիտական համալսարանում:

Առաջին օրը ՀՊՏՀ ներկայացուցիչը հանդիպել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանին, մասնակից դարձել միջմշակութային միջոցառման (մի քանի երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ցուցահանդես-վաճառք):

Կրակովի տնտեսագիտական համալսարանում մեր պատվիրակին ընդունել են միջազգային կապերի բաժնի աշխատակիցները, ծանոթացրել համալսարանի ստորաբաժանումներին, դասավանդման մեթոդոլոգիային:

Հայկ Բեջանյանը տպավորված է բուհի գրադարանով և այն բնութագրեց իբրև  ժամանակակից ու գերհզոր:

Հաջորդիվ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժնում աշխատակիցներ Վյաչեսլավ Բաբանին և Անդրեյ Բորոն պարզաբանել են իրենց աշխատանքի առանձնահատկությունները:

Հայկ Բեջանյանը տպավորված է նաև լեհական համալսարանի ուսանողական ինտերնետային պլատֆորմով, որը ուսանող-դասախոս երկխոսության ուրույն հարթակ է, և օժանդակում է ուսումնական գործընթացին: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժնի աշխատակիցների հետ նա քննարկել է ՀՊՏՀ-ում նմանատիպ պլատֆորմ ստեղծելու հնարավորությունները:

Աշխատանքային վերջին օրը տնտեսագիտության թեկնածուն հանդիպել է մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարեկ Դոբրովսկուն, մասնակցել դասախոսության, որտեղ ներկայացրել է ՀՀ տնտեսությունը, անդրադարձել ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակին ու իրականացվող տնտեսական քաղաքականությանը: Ի դեպ, պրոֆեսորը լավ տեղեկացված է եղել հայերի ու Հայաստանի մասին:

Տարբեր ստորաբաժանումներում Հայկ Բեջանյանը ներկայացրել է ՀՊՏՀ գործունեությունը և ինչպես նշում է՝ մեր բուհի պաշտոնական կայքը և էլեկտրոնային գրադարանն արժանացել են  լեհական բուհի  գրադարանի աշխատակիցների հիացմունքին ու բարձր գնահատականին:

Այցելության ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք նախատեսում են լեհական համալսարանի ներկայացուցիչների այցը ՀՊՏՀ կամ համագործակցություն այլ ձևաչափերով: Օրինակ, առցանց ուսուցման կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Անետա Պովրոզնիկը խոստացել է Հայաստանում հեռահար ուսուցման ներդրման և զարգացման համար մասնագիտական աջակցություն  տրամադրել:

Հայկ Բեջանյանը պատրաստ է ստացած փորձը ներդնել ՀՊՏՀ-ում և այս ուղղությամբ՝ արտաքին կապերի բաժնում ներկայացրել է իր առաջարկությունները:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում սույն միջազգային ծրագիրը համակարգում է արտաքին կապերի բաժինը:

         

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 672 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք