Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը համագործակցության համաձայնագիր կնքեց շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանի հետ

23 Նոյեմբեր 2017

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը և ՀՊՏՀ հետ համատեղ գործարար կառավարման (MBA) մագիստրատուրայի կրկնակի աստիճանաշնորհման կրթական ծրագիր իրականացնող ՈՒՄԵՖ համալսարանն այսօր սկսեցին համագործակցություն: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը և շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանի ռեկտոր Միքելե Ակերիբը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը և կենտրոնի հետազոտող Գայանե Թովմասյանը:

Կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, որ համաձայնագրով «Ամբերդ» հետազոտական կենտրոնը և շվեյցարական ՈՒՄԷՖ համալսարանը նախաձեռնում են համագործակցություն գիտական  ու հետազոտական ներուժի զարգացման բնագավառում՝ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում, հետազոտողների փոխանակում, հետազոտական արդյունքների համատեղ հրապարակում, միջազգային աշխատաժողովների և գիտաժողովների համատեղ կազմակերպում և այլն:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ողջունեց նախաձեռնությունը և նշեց, որ ՀՊՏՀ-ն շատ է կարևորում արտասահմանյան համալսարանների հետ համագործակցությունը: Ռեկտորը հույս հայտնեց, որ եվրոպական սույն համալսարանի հետ համագործակցությունը փոխշահավետ կլինի երկու կողմերի համար՝ ընդգծելով, որ «Ամբերդ» կենտրոնն արդեն նման փորձ ունի Չինաստանի Շենսիի մանկավարժական համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հետ:

ՈՒՄԵՖ համալսարանի ռեկտոր Միքելե Ակրիբը ևս ուրախություն հայտնեց սույն նախաձեռնության առթիվ և նշեց, որ իրենք նախատեսում են համատեղ աշխատանքն սկսել արդեն իսկ 2018թ. հունվարից: Նրա խոսքով՝ ՀՊՏՀ հետազոտական կենտրոնից արդեն իսկ ստացվել է հետազոտական մեկ ծրագրի հայտ, որն իրենք ուսումնասիրում են: Միքելե Ակերիբը նույնպես հույս հայտնեց, որ այս համաձայնագիրը ավելի կամրապնդի երկու համալսարանների համատեղ գործակցությունը:

Ավելի ուշ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը մեր խնդրանքով մանրամասնեց համագործակցության բովանդակությունը՝ մինչ այդ ներկայացնելով համագործակցության ձեռքբերման նախընթաց աշխատանքը, կենտրոնի և շվեյցարական համալսարանի ներկայացուցիչների հանդիպումն ու հետազոտական հետաքրքրությունների շուրջ երկկողմ քննարկումը:

«Ցանկանում ենք նշել, որ շվեյցարական ՈՒՄԷՖ համալսարանի հետ մեր կենտրոնի կնքած համաձայնագիրը համագործակցության մեծ ներուժ ունի: Մենք ծրագրում ենք համագործակցել գիտական ու հետազոտական ներուժի զարգացման մի շարք բնագավառներում, որոնց շարքում հատկապես կարևոր են փոխադարձ հետաքրքրության տիրույթում գտնվող համատեղ հետազոտական նախագծերի իրականացումը և հրապարակումները, միջազգային դրամաշնորհային ծրագրերին համատեղ մասնակցությունը, հետազոտողների փոխանակումները, ինչպես նաև համատեղ գիտաժողովների և ֆորումների անցկացումը: Կարևոր է նաև այն, որ շվեյցարական կողմն արդեն իսկ տվել է սկզբունքային համաձայնություն՝ իր միջոցներով հյուրընկալելու կենտրոնի մեկ հետազոտողի, որպեսզի վերջինս կարողանա դաշտային հետազոտություններ իրականացնել (այսինքն առաջնային տեղեկատվություն հավաքել) հենց Շվեյցարիայում, ինչը հնարավորություն կընձեռի առավել առարկայական պատկերացում կազմել զբոսաշրջության ոլորտում շվեյցարական փորձի առանձնահատկությունների վերաբերյալ»,- ասաց հետազոտական կենտրոնի ղեկավարը: Նրա խոսքով՝ նման ձևաչափերով համագործակցության հուշագրերը և դրանց բարեհաջող իրականացումը մեծ նշանակություն ունեն նաև կենտրոնի գործունեության միջազգայնացման, հետազոտողների միջազգային շարժունության ու հետազոտական նախագծերի ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցման առումով: «Ինչպես գիտեք մենք նմանատիպ հուշագիր կնքել ենք նաև Չինաստանի Շենսիի մանկավարժական համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հետ և այդ ուղղությամբ ջանքերի ակտիվացումը հնարավորություն է ընձեռել, որ Կենտրոնի երկու հետազոտողներ մասնակցեն տարբեր աշխատաժողովների՝ ներկայացնելով Չինաստանում տրենդային համարվող «Մեկ ուղի մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում հայ-չինական առևտրատնտեսական կապերի խորացման հեռանկարների առնչությամբ Կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքները:  Կարծում ենք շվեյցարական կողմի հետ համագործակցությունը նույնպես կնպաստի մեր հետազոտողների միջազգային շարժունությանը և կենտրոնի հետազոտական արդյունքների օտարալեզու հրապարակումների աճին, ինչը չափազանց կարևոր է միջազգային գիտական հարթակներում գործընկերներ որոնելու և նրանց հետ համագործակցությոն հաստատելու տեսանկյունից»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 471 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք