Նորություններ

Բաժիններ

 

Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման շուրջ ՀՊՏՀ-ում դասախոսեց նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը

06 Դեկտեմբեր 2017

ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի ղեկավար Ֆիրուզա Մայիլյանի հրավերով այսօր մեր համալսարանում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ով հանդես եկավ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում»  թեմայով դասախոսությամբ: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, դեկաններ, ամբիոնների վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, ուսանողներ:

Բացման խոսք ասաց Ֆիրուզա Մայիլյանը՝ նշելով, որ ՏՏ ոլորտի  զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և զարգացմանն առնչվող հարցերն արդիական են, ինչն էլ նկատի առնելով՝ կազմակերպվել է հանդիպումը: 

Էմիլ Տարասյանը դասախոսությունն սկսեց ուսանողներին ուղղված հարցով՝ «Ինչո՞ւ է կարևոր ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման համար»: Պատասխանները լսելուց հետո ներկայացրեց ոլորտի առավելությունները՝ ընդգծելով, որ առաջին հերթին, արտահանման վրա հիմնված ոլորտը կարողանում է շրջանցել Հայաստանի փակ սահմանները և դուրս գալ միջազգային շուկա:

Նախարարի տեղակալը ներկայացրեց վիճակագրական տվյալներ՝ ՏՀՏ ոլորտի 2016թ. հիմնական ցուցանիշները, այնուհետև անդրադարձավ ՏՏ ոլորտի սկսնակներին տրվող հարկային արտոնություններին, դրա արդյունքում արձանագրված զարգացումներին, ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական հաշվետվություններ ներկայացրած ընկերությունների կատարած 2016թ. ներդրումներին, ոլորտի զարգացումը խթանող ֆինանսական ենթակառուցվածքներին,  հաջողված ստարտափերին: Բանախոսության 2-րդ հատվածը վերաբերում էր  ՏՏ ոլորտի զարգացման համար պետության կողմից ձեռնարկվող քայլերին,  հեռանկարային ծրագրերին: Հանդիպման ավարտին  ներկաները մի շարք հարցադրումներ ներկայացրին հյուրին:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը,  եզրափակելով միջոցառումը, ընդգծեց, որ անվանը համահունչ,  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կարողանում է անընդհատ զարգացման նոր ուղիներ որոնել, ինչպես նաև աջակցել  գաղափարների իրականացմանը: Նա հույս հայտնեց, որ նախարարության և ՀՊՏՀ-ի համագործակցությունը շարունակական կլինի: Հագեցած տեղեկատվական հանդիպման համար պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչ Ֆիրուզա Մայիլյանին:

  

 

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 843 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք