Նորություններ

Բաժիններ

 

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեզը դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ-ում

23 Նոյեմբեր 2015

Մեր համալսարանի մեծ  դահլիճում այսօր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին,  տարբեր  ֆակուլտետների ուսանողներին համախմբել էր  «Համաշխարհային և տարածաշրջանային վերջին ցնցումների համատեքստում Հայաստանի քաղաքականության մարտահրավերները» թեմայով դասախոսությունը, որը վարեց  Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեզը: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ:

Ողջույնի խոսքով  հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ կարևոր ավանդույթ է ձևավորվել Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀՊՏՀ-ի համագործակցության շրջանակներում:

«Նմանատիպ հանդիպումները չափազանց կարևոր են և' պրոֆեսորադասախոսական համակազմի ու ուսանողության, և' ներկայացնող կողմի համար: Մի կողմից համալսարանը թարմ տեղեկատվություն է ստանում տնտեսական և քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ, մյուս կողմից՝ ներկայացնող կողմի համար չափազանց մեծ կարևորություն են ներկայացնում տնտեսագետ մասնագետների և երիտասարդության առաջադեմ հատվածի՝ ուսանողության դիտարկումներն ու նկատառումները թեմայի շուրջ»,-ասաց ռեկտորը՝ ավելացնելով, որ ՀՊՏՀ-ն բարձր է գնահատում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ակնկալելով, որ այսուհետ ևս կկազմակերպվեն համանման դասախոսություններ և քննարկումներ:

Ներկաներին ողջունեց նաև պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:

Սկսելով դասախոսությունը՝ Տերեսա Դաբան Սանչեզը խոսեց տնտեսական ցնցումների մասին, ներկայացրեց դրանց տեսակները, ապա պարզաբանեց ցնցումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Որպես տնտեսական մեծ ցնցում, ընդգծվեց, օրինակ,  նավթի գների անկումը: Այնուհետև բանախոսն անդրադարձավ աշխարհի այն խոշոր տնտեսություններին, որոնք մեծ ազդեցություն ունեն մեր երկրի տնտեսության վրա. մասնավորապես, խոսվեց  Ռուսաստանի, Չինաստանի մասին: Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը ներկայացրեց համաշխարհային տնտեսության փոփոխականներ, որոնց վերլուծության արդյունքում էլ կանխատեսումներ կատարվեցին մի շարք երկրների, նաև Հայաստանի  տնտեսական զարգացման վերաբերյալ:

Ուշագրավ է՝ ընդգծվեց, որ Հայաստանում բարենպաստ եղանակային պայմանները թույլ են տվել առատ բերք ստանալ, և գյուղատնտեսության ոլորտում այս տարի զգալի աճ է արձանագրվել, բացի դրանից, այս տարի դրական շարժ է գրանցվել Հայաստանի հանքաարդյունաբերության ոլորտում,  ինչը թույլ է տվել Հայաստանին որոշակիորեն  զսպել արտաքին գործոններով  պայմանավորված տնտեսական ցնցումները: Դասախոսոության երկրորդ հատվածում բանախոսն անդրադարձավ մարտահրավերների պարագայում Հայաստանի տնտեսական՝ մասնավորապես դրամավարկային քաղաքականությանը: Ուսանողները հնարավորություն ստացան իրենց հարցերն ուղղելու բանախոսին:

Հանդիպումը եզրափակեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ բոլորի անունից  շնորհակալություն հայտնելով Տերեսա Դաբան Սանչեզին՝ արժեքավոր և հետաքրքիր դասախոսության համար:  «Կարծում եմ, որ ուսանողների մի մասին այն շատ հետաքրքրեց և նրանց մոտ կիսատ հարցեր մնացին, այնպես որ, կխնդրենք տիկին Սանչեզին առաջիկայում, հնարավորության դեպքում, քննարկում կազմակերպել»,-ասաց ռեկտորը:

Նշենք, որ այսօրվա դասախոսության նյութը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում, որին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://media.asue.am/upload/FINAL--CCA_REO_Presentation-ENG_3_1.pdf :

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն` այստեղ 

 

Նորությունը դիտվել է 290 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք