Նորություններ

Բաժիններ

 

Հայաստանի պետական տնտեսագիտական և Արցախի պետական համալսարանները համագործակցության պայմանագիր ստորագրեցին

15 Ապրիլ 2014

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր հյուրընկալեց Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչներին՝ ռեկտոր Մանուշ Մինասյանին,  պրոռեկտորներ Գեորգի Սահակյանին և Վիտյա Յարամիշյանին: Հանդիպմանը, որին ՀՊՏՀ-ից մասնակցում էին նաև ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գևորգյանը, արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Հակոբյանը,  կողմերը քննարկեցին համագործակցության առկա ներուժն ու հնարավորությունները, անդրադարձան համատեղ նախնական աշխատանքային ծրագիր մշակելու անհրաժեշտությանը:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ու Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր՝ մատնանշելով համագործակցության ուղղություններն ու խնդիրները, համատեղ իրականացվելիք միջոցառումներն ու ծրագրերը: Մասնավորապես, փոխգործակցությունը կլինի ուսումնական, գիտական, նյութատեխնիկական օժանդակության, ՀՀ_ում և ԼՂՀ-ում համատեղ ուսանողական ճամբարների և ամառային դպրոցների կազմակերպման, ուսանողական գիտաժողովների, առարկայական օլիմպիադաների, մարզական սպարտակիադաների կազմակերպման, խորհրդատվության տրամադրման և այլ հարթակներում:

 «Կարծում եմ, մեր համագործակցությունը կկայանա այն սահմաններում, ինչ թույլ կտան մեր հնարավորությունները: Վստահ եմ, որ համագործակցությունը հաջողություն կունենա, քանի որ մենք պատրաստակամ ենք դրանում ներդնել մեր ջանքերը»,- հանդիպումը եզրափակեց ՀՊՏՀ ռեկտորը:



 


  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի  բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ 

 

Նորությունը դիտվել է 430 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք