Նորություններ

Բաժիններ

 

Հայաստանը Չինաստանի քաղաքական, տնտեսական և ակադեմիական հետաքրքրության կենտրոնում է. ՀՊՏՀ ներկայացուցիչը մասնակցել ՉԺՀ-ում կայացած փորձագիտական քննարկմանը

14 Դեկտեմբեր 2017

ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վարդան Աթոյանն օրերս վերադարձել է Չինաստանից, որտեղ նոյեմբերի 30-ին մասնակցել է փորձագիտական կլոր սեղանի՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Չինաստանի (ՉԺՀ) միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

«Միջոցառումն անցկացվում էր Սիան քաղաքում, որը ոչ միայն պատմական Մետաքսի ճանապարհի մեկնակետն է, այլև ժամանակակից քաղաքական և տնտեսական «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնության սիրտը: Փորձագիտական քննարկման կազմակերպիչը Շենսիի մանկավարժական համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտն էր, որի հրավիրյալ փորձագետը լինելու պատիվն ունեմ:

Նշված համալսարանի աշխատակիցներից բացի, միջոցառմանը մասնակցում էին Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի և ՉԺՀ պետական խորհրդին առընթեր Զարգացման հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները: Կլոր սեղանի քննարկումների առանցքում մեր երկրների համագործակցության պատմության, արդի փուլի, ինչպես նաև տնտեսական, քաղաքական և հումանիտար գործակցության հեռանկարներն էին: Հատկապես պետք է ընդգծել նշանակալի մեկ փաստ. կլոր սեղանի բացման արարողությանը Կենտրոնական Ասիայի ինստիտուտի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց Հայաստանի հետազոտության կենտրոնի բացման մասին, ինչը մեկ անգամ ևս փաստում է մեր երկրի հանդեպ աճող հետաքրքրությունը Չինաստանի ոչ միայն քաղաքական, այլ նաև ակադեմիական շրջանակներում»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Վարդան Աթոյանը՝ ավելացնելով, որ ինքը հանդես է եկել առաջարկությամբ՝ ստեղծելու «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծին մասնակցող երկրների ուղեղային կենտրոնների ասոցիացիա, որն արժանացել է մասնակիցների հետաքրքրությանն ու հավանությանը:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 289 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք