Նորություններ

Բաժիններ

 

Համագործակցության համաձայնագիր ՀՊՏՀ-ի և ՄԱԿ-ի միջև. ՄԱԿ-ի անկյուն՝ մեր բուհում

04 Ապրիլ 2013

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)-ի հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) միջև այսօր կնքվեց համագործակցության համաձայնագիր, որը ստորագրեցին մեր բուհում ստորագրեցին համալսարանի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և ՄԱԿ-ի ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:
«Այսօր սկիզբ է դրվում մի համագործակցության, որը հնարավորություն կտա ուսանող երիտասարդներին ծանոթացնելու ՄԱԿ-ի գործունեությանը, մասնակցելու համատեղ գիտաժողովների, ձեռք բերելու դիվանագիտական հմտություններ»,-կարևորելով երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը` ասաց Մարիա Դոցենկոն և հույս հայտնեց, որ այս համագործակցությունը երկուստեք արդյունավետ կլինի: Վերջինս նշեց նաև, որ ուսանողները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներ են, վստահելի գործընկերներ` ՄԱԿ-ի արժեքների` մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության ու անվտանգության, մարդկային կայուն զարգացման առաջմղման հարցում:

Բարձր գնահատելով համագործակցությունը ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հետ` Գագիկ Վարդանյանը նշեց, որ շնորհիվ համատեղ աշխատանքի` մեր ուսանողները այսուհետ հնարավորություն կունենան ներգրավվելու ՄԱԿ-ի ծրագրերում, դառնալու իրազեկ և ակտիվ քաղաքացիներ:
ՄԱԿ-ի նախաձեռնությամբ համալսարանի գրադարանի ընթերցասրահում այսօր բացված ՄԱԿ-ի անկյունը և Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների 1000 օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդեսը համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումներից առաջինն էր: Ցուցադրված գրքերն ու լուսանկարները՝ պատկերավոր ու գունագեղ, պատմում էին ՄԱԿ-ի ծավալած գործունեության, այստեղ իրականացվող ծրագրերի ու նախագծերի մասին: Մաիրա Դոցենկոյի խոսքով` ներկայացված գրականությունը մշտապես կթարմացվի և կհարստացվի նորերով: ՀՊՏՀ ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, գրադարանի աշխատակիցները հետաքրքությամբ ծանոթացան ցուցադրությանը:

«Այսօր որքան էլ որ կարևորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ու համացանցի դերը մեր կյանքում, այնուհանդերձ գիտելիքների ստացման գործում հիմնական միջոցը մնում է գիրքը»,-շնորհակալություն հայտնելով համալսարանում ՄԱԿ-ի անկյուն բացելու և ՄԱԿ-ի կողմից հրատարակված գրքերը ցուցադրելու համար` ասաց Գագիկ Վարդանյանը:










ՀՊՏՀ Լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժին

Նորությունը դիտվել է 432 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք