Նորություններ

Բաժիններ

 

«Կայուն տնտեսական զարգացման մոդել Հայաստանի Հանրապետության համար». միջոցառում ՀՊՏՀ-ում

26 Հոկտեմբեր 2016

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և «ԱՅՍԵԿ Հայաստան» հասարակական կազմակերպությունը, ԵՊԼՀ, ԵԿՏԱ, ԵՄՀ, ԵՊՀ, ՀՌՀ, ՀՊՏՀ, ՀՊՄՀ հետ համատեղ, նախաձեռնել են «Երիտասարդությունը հանուն կայուն զարգացման» խորագիրը կրող ֆորումների շարք, որը ներառում է 7 ֆորում` Հայաստանի վերոնշյալ բուհերում: Նախաձեռնությունն ուղղված է յուրաքանչյուր համալսարանում ՄԱԿ-ի հաստատած 17 կայուն զարգացման նպատակներից նախապես ընտրվածների շուրջ քննարկումների կազմակերպմանը՝ բուհերի ու այլ առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Ֆորումների շրջանակում այսօր մեր բուհում արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ «Կայուն տնտեսական զարգացման մոդել ՀՀ-ի համար» խորագրով քննարկում էր, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան  գրասենյակի ղեկավար  Արմինե Հալաջյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գլխավոր խորհրդական Արտակ Մելքոնյանը, ՀՊՄՀ էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը, կենտրոնի աշխատակիցները, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նախառաջ շնորհավորելով գործընկերներին ՄԱԿ-ի օրվա առիթով, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 24-ին:  Համալսարանի ղեկավարը նշեց, որ ՀՊՏՀ-ի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության համագործակցությունն ունի մի քանի տարվա պատմություն:

«2013թ. կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում մենք մինչ օրս բազմաթիվ համատեղ միջոցառումներ ենք կազմակերպել, որոնց թվում՝ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովներ, մեր համալսարանի ուսանողների մասնակցություն ՄԱԿ-ի կամավորական աշխատանքներին, գրականության նվիրատվություն մեր գրադարանում տեղակայված ՄԱԿ-ի անկյանը»,-նշեց ռեկտորը և ընդգծեց, որ  իբրև Հայաստանի Հանրապետության առաջատար տնտեսագիտական համալսարանի, ՀՊՏՀ-ին առավելապես հետաքրքրում են ՄԱԿ-ի կողմից սահմանված տնտեսագիտական ուղղվածության նպատակները և դրանց իրագործման հնարավոր ուղիների որոնումը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանի ամբողջական ելույթին կարող եք  ծանոթանալ  այստեղ:

Կարինե Դանիելյանը ելույթ ունեցավ «Կայուն զարգացման համաշխարհային գործընթացը և փոխկապակցված նպատակները» թեմայով, որի շրջանակում անդրադարձավ մոլորակի ապակայունացման միտումներին (օրինակ՝ կլիմայի փոփոխության, խմելու ջրի որակի վատացման հիմնախնդիրներին, աղետների ռիսկերի աճին), թափոնների հետևանքով օվկիանոսներում  «աղբի կղզիների» առաջացման, մարդու կողմից բնության ոչ խելամիտ օգտագործման և այլ խնդիրների: Դիտարկելով կյանքի որակի վրա ազդող հիմնախնդիրները՝ բանախոսը շեշտեց, որ կայուն զարգացումը տնտեսական աճն է, որը զուգակցվում է էկոլոգիական անվտանգության և սոցիալական արդարության վրա:

Հաջորդ բանախոսը Արմեն Գրիգորյանն էր, ում ելույթը խարսխված էր «Կայուն զարգացման 8-րդ և 9-րդ նպատակների վրա, որոնք են՝ խթանել համապարփակ ու կայուն տնտեսական աճ, զբաղվածություն ու արժանապատիվ աշխատանք բոլորի համար, ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել կայուն  արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը:

Մեր համալսարանի հետազոտական կենտրոնի ղեկավարն այս համատեքստում խոսեց մասշտաբային բնակարանաշինության մասին՝ այն դիտարկելով  որպես  տնտեսական աճ ապահովող   եզակի ճյուղ: Արմեն Գրիգորյանը տեսակետ հայտնեց, որ լայնածավալ շինարարության պայմաններում հնարավոր է մշակել զարգացման մոդել, որը լուծում է նաև սոցիալական խնդիրներ՝ բնակչությանն ապահովելով բնակարաններով:

Ներկայացվեցին հանքագործական և մշակող արդյունաբերության՝ շինարարության փոխկապակցված ճյուղերի թողարկման, արտահանման, տեսակարար կշիռների 2001-2014 թթ. ցուցանիշները, ցույց տրվեց, որ շինարարությունը արագ աճող ճյուղ է:

Որպես ներառական և կայուն արդյունաբերության զարգացմանն աջակցելու առավել արդյունավետ ուղի՝ բանախոսն անդրադարձավ նաև արդյունաբերական գյուղատնտեսությանը և դիտարկեց  գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող պատճառները:

Վերջին բանախոսն Արտակ Մելքոնյանն էր, ում ելույթը սոցիալական ձեռնարկատիրության, դրա զարգացման և դերի վերաբերյալ էր:

Զեկուցումներից հետո ֆորումի մասնակիցներն ակտիվ քննարկում ծավալեցին և հարցադրումներ հնչեցրին:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն` այստեղ

Նորությունը դիտվել է 963 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք