Նորություններ

Բաժիններ

 

Կայացավ «Նախագծերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկային հանդիպումը (լուսանկարներ)

11 Սեպտեմբեր 2017

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Վալենսիայի պոլիտեխնիկական (UPV), Հայաստանի պետական տնտեսագիտական (ՀՊՏՀ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային (ՃՇՀԱՀ) համալսարանների «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի աշխատակիցներ՝ ռեկտորներ Կորյուն Աթոյանի և Գագիկ Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև ուսանողներ, հյուրեր: Հանդիսավոր պայմաններում հյուրընկալող համալսարանի աշխատակազմը ներկայացրեց մագիստրոսական ծրագրի բովանդակությունը:

Համատեղ իրականացվող կրթական ծրագրի գաղափարը, այնուհետև դրա մշակումն իրականացվել է ՀՊՏՀ-ի, ՃՇՀԱՀ-ի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանների համատեղ ջանքերով: Ծրագրի իրականացման համար հիմք են հանդիսացել 3 համալսարանների միջև կնքված պայմանագրերը: Համալսարանների կողմից իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտացման ոլորտներն են նախագծերի, զբոսաշրջության և պատմամշակութային ժառանգության, երկրատեղեկատվական համակարգերի կառավարումը: Ծրագիրը կառուցված է միջոլորտային իմացության համակցմամբ, ինչը ենթադրում է մեկտեղել տնտեսագիտական կառավարման և տեխնիկական, ճարտարապետական իմացությունները:

Սա հատկապես հայաստանյան բուհերի միջև համագործակցության աննախադեպ օրինակ է, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում համալսարանները փոխճանաչում են միմյանց ուսումնական գործընթացներն ու արդյունքները՝ իրականացնելով կրեդիտների կուտակում և փոխանցում: Համատեղ մագիստրոսական երկամյա կրթական ծրագիրը նախատեսում է, որ ուսանողները 1 տարին պետք է ուսումնառեն հայաստանյան երկու բուհերում, իսկ երկրորդ տարին՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ նախատեսվում է նաև մագիստրոսական թեզի պաշտպանությունն ու դիպլոմների հանձնումը: Ուսանողներին կշնորհվեն դիպլոմներ ինչպես հայաստանյան երկու բուհերի, այնպես էլ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից:

ՃՇՀԱՀ ռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանը, շնորհավորելով ծրագրի հեղինակներին և շահառուներին, ծրագրի մեկնարկը համարեց կարևոր իրադարձություն՝ նշելով, որ ծրագիրը ոգևորությամբ է ընդունվել իրենց աշխատակազմի կողմից: ՃՇՀԱՀ ռեկտորը կարևորեց, որ Վալենսիայի նման հարուստ պատմությամբ և ավանդույթներով բուհը ողջունել է հայաստանյան բուհերի՝ համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր իրականացնելու գաղափարը՝ հույս հայտնելով, որ այս նախաձեռնությունը հարստանալու և զարգանալու ներուժ ունի:

Ելույթով հանդես եկավ նաև ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ շնորհավորելով ծրագրի բոլոր շահառուներին նման պատվաբեր, միևնույն ժամանակ պարտավորեցնող նախագիծ սկսելու առթիվ:

Նա շնորհակալություն հայտնեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ ծրագրի իրագործմանն աջակցելու համար, ինչպես նաև՝ ծրագրին առնչվող համալսարանների բոլոր աշխատակիցներին: «Այս մագիստրոսական կրթական ծրագրի իրականացումը կարևոր նախաձեռնություն է, որը նախևառաջ ուղղված է բարձրագույն կրթության համակարգի մարտահրավերների հաղթահարմանը և համաքայլ ընթանալու կրթության միջազգային զարգացումներին: Այն միտված է բարձրացնելու մագիստրոսական կրթության որակը, ուսանողներին լավագույնս նախապատրաստելու աշխատաշուկայի պահանջներին` զինելով նրանց կիրառական գիտելիքներով: Օգտագործելով մեր երկու բուհերի և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի ուժեղ կողմերը, գիտակրթական ներուժը՝ համատեղ կրթական ծրագիրը կնպաստի նաև դասավանդման որակի և մեթոդների բարելավմանը, ուսումնական գործընթացի կառավարման նոր ձևերի փորձարկմանը և ներդրմանը »,- իր խոսքում ընդգծեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ռեկտորի ելույթը կարող եք կարդալ այստեղ:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ծրագրի իրականացումը կարևորեց Հայաստանի՝ Բոլոնիայի քաղաքականության իրականացման, բուհական ինքնավարության ու ակադեմիական ազատությունների համատեքստում՝ միաժամանակ նշելով, որ ՀՊՏՀ-ն և ՃՇՀԱՀ-ը Բոլոնիայի գործընթացի ակտիվ մասնակիցներ են: Նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ աշխարհի համալսարաններն այսօր որոնումների մեջ և այս իմաստով մագիստրոսական կրթությունը հնարավորություն է տալիս բարելավել մասնագիտությունները, դրանք ավելի համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին:

Այնուհետև կրթական ծրագրի մեկնարկը վավերացվեց հայկական երկու համալսարանների միջև կրթական ծրագիր իրականացնելու մասին համաձայնագրի ստորագրմամբ՝ համալսարանների ռեկտորների կողմից:

  

 

  

 

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1159 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք