Նորություններ

Բաժիններ

 

Կայացավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հանդիպումը առաջին կուրսեցիների հետ

16 Հոկտեմբեր 2017

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ավանդույթ դարձած հանդիպումը առաջին կուրս ընդունված ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը և ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը:

Մեծաթիվ առաջին կուրսեցիների հետ հանդիպումը ռեկտորը սկսեց համալսարանի պատմությունը, հեղինակությունը, վերջին տարիների ձեռքբերումները ներկայացնելով: Կորյուն Աթոյանը նշեց, որ մեր բուհում մեծ ուշադրություն է դարձվում գիտահետազոտական աշխատանքին և դրա համար ստեղծվել են լավ պայմաններ՝ ուսանողներին հնարավորություն տալով ոչ միայն ընդգրկվելու այդ աշխատանքներում, այլև վարձատրվելու: «Աշխարհի լավագույն համալսարանները գիտահետազոտական ինստիտուտներ են, ուստի մենք շատ ենք կարևորում, որ մեր թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները հնարավորություն ունենան զբաղվել գիտությամբ՝ դրանով բարձրացնելով մեր համալսարանի հեղինակությունն ու նպաստելով նաև կրթության որակի բարելավմանը»,- ասաց բուհի ռեկտորը: Կրթության որակի բարելավումը, Կորյուն Աթոյանի խոսքով, ևս համալսարանի գործունեության առանցքում է, ինչին միտված են կրթական և ուսումնական ծրագրերի բարեփոխումները: Միջազգային ծրագրերը ևս մեր ուսանողներին լայն հնարավորություններ են տալիս սովորելու արտերկրի համալսարաններում՝ ձեռք բերելով ոչ միայն նոր գիտելիքներ և ծանթանալով արտասահմանյան կրթական փորձին, այլև մասը դառնալու միջմշակութային հաղորդակցության:

Այնուհետև ուսանողները ռեկտորին ուղղեցին իրենց հուզող շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին գրադարանային սպասարկմանը, էլեկտրոնային գրադարանի հասանելիությանը, մասնագիտական գրականության պակասին, լսարանային պայմաններին, զեղչային համակարգին, դասախոսությունների բովանդակությանը: Կորյուն Աթոյանը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, պարզաբանեց կարգեր և մոտեցումներ, իսկ որոշ խնդիրների շուրջ խոստացավ, որ դրանց լուծմանն ընթացք կտրվի: Ռեկտորը նշեց, որ համալսարանում քիչ չեն նաև բացթողումներն, առանց որոնց անհնար է պատկերացնել այսօրինակ մեծ հաստատությունները, սակայն կարևոր է, որ լինի փոխըմբռնում, սրտացավ վերաբերմունք և կրթության արժևորման բարձր գիտակցություն: Կորյուն Աթոյանը կոչ արեց չկենտրոնանալ տեխնիկական խնդիրների վրա և ուսանողական այս հրաշալի տարիները ծառայեցնել ամենակարևոր նպատակին՝ գիտելիքի ձեռքբերմանը, որը արժանապատիվ կյանքի լավագույն երաշխավորն է:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1104 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք