Նորություններ

Բաժիններ

 

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում նշվեց Վիճակագրության օրը

20 Հոկտեմբեր 2014

Մեր համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դահլիճում  այսօր տեղի ունեցավ Վիճակագրության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը  նախաձեռնել էր ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը՝ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, բուհի աշխատակիցներ, հատուկ հյուրեր՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը և Ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը, դասախոսներ, ուսանողներ:

Մասնագիտական օրվա առիթով նախ ներկաներին շնորհավորեց Արմինե Հովհաննիսյանը՝ նշելով , որ  ՀՊՏՀ գրադարանի կողմից կազմակերպվող միջոցառումները շարունակական կլինեն, ապա ավելացրեց,  որ գրադարանը համագործակցում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ, և միջոցառումը կազմակերպվել է այդ  համգործակցության շրջանակներում: Արժևորելով վիճակագրի մասնագիտությունը՝ տնօրենը մեջբերեց Քեյնսի խոսքերը, այն է՝ լավ տնտեսագետ դառնալու համար անհրաժեշտ է 3 բան՝ տնտեսագիտության տեսություն, վիճակագրություն և նորից՝ տեսություն:

Ներկաներին ողջունեց  դեկան Մանուկ Մովսիսյանը, ով նշեց, որ ՀՊՏՀ-ն վիճակագիրներ թողարկող հայաստանյան միակ բուհն է, տարեկան թողարկում է 25-30 մասնագետ բակալավրիատում, 10-15՝ մագիստրատուրայում:

Դեկանը ներկայացրեց Վիճակագրության համաշխարհային օրը նշելու հետ կապված մանրամասներ՝ շեշտելով, որ 2010թ. ՄԱԿ-ի Վիճակագրական հանձնաժողովի 41-րդ նստաշրջանում ընդունվեց որոշում` հոկտեմբերի 20-ը Վիճակագրության համաշխարհային օր ընդունելու վերաբերյալ, տոնը նշվում է 5-րդ անգամ: Այնուհետև ելույթ ունեցան Աննա Հովհաննիսյանը և Կարինե Կույումջյանը, նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կազմակերպության գործունեությունը, գործառույթները: Հյուրերը ևս, կարևորեցին վիճակագրի մասնագիտությունը՝ նշելով, որ այն հանրապետության համար առանցքային դերակատարում ունի: Շնորհավորանքի խոսք ասաց նաև ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի  վարիչի ժ/պ Կարեն Հակոբյանը: Բանախոսները պատասխանեցին լսարանի հարցերին: Գեղեցիկ միջոցառման համար կազմակերպիչներին իրենց  շնորհակալական խոսքն  ասացին վիճակագրության ամբիոնի պրոֆեսոր Մարտին Ֆահրադյանը և նույն ամբիոնի դոցենտ Վալերյա Ալեքսանյանը:

Միջոցառման ընթացքում դահլիճում ցուցադրվեցին  վիճակագրությանն առնչվող  գրքեր: Վերջում ուսանողներին մասնագիտական տոնի առիթով բաժանվեցին յուրատեսակ դիզայնով նոթատետրեր և էջանշան-օրացույցներ:

Օրվա առիթով շնորհավորում ենք ոլորտի աշխատակիցներին և վիճակագրություն մասնագիտության ուսանողներին:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ  

 

Նորությունը դիտվել է 610 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք