Նորություններ

Բաժիններ

 

Ընդունելության պատկեր, գիտահետազոտական գործունեության արդյունքներ. կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը

08 Դեկտեմբեր 2017

2017-2018 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների ներկայացմամբ՝ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Պարույր Քալանթարյանի զեկուցմամբ, այսօր սկսվեց ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը: Ինչպես ներկայացրեց պրոռեկտորը, ընդունող հանձնաժողովն աշխատել է մայիսի 5-ից նոյեմբերի 5-ը, գործընթացը կազմակերպվել է պատշաճ, որևէ դիմորդի կամ ծնողի կողմից բողոք չի եղել: Իսկ արդյունքները, Պարույր Քալանթարյանի ներկայացմամբ, այսպիսին են՝  այս տարի ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատ է ընդունվել 858  դիմորդ, հեռակա բակալավրիատ՝ 188, առկա մագիստրատուրա՝ 420, հեռակա մագիստրատուրա՝ 247 դիմորդ: Գիտական խորհուրդը ընդունող հանձնաժողովի աշխատանքը գնահատեց բավարար:

Պարույր Քալանթարյանը զեկուցեց նաև «ՀՊՏՀ ՊՈԱԿ կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) կազմի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամներ» բաժնում փոփոխություններ կատարելու մասին» հարցը՝ ներկայացնելով կազմի նոր անդամների ցանկը, որը ևս հաստատվեց:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը հանդես եկավ 2017թ գիտահետազոտական արդյունքների և 2018թ. խնդիրների մասին զեկուցմամբ՝ նշելով, որ հաշվետու  ժամանակահատվածում համալսարանի գիտահետազոտական գործունեությունը կազմակերպվել և իրականացվել է «ՀՊՏՀ 2012-2017 թթ. գիտահետազոտական և նորաստեղծական գործունեության զարգացման հայեցակարգով» սահմանված նպատակներին համապատասխան:

Պրոռեկտորը ներկայացրեց համալսարանում գիտահետազոտական ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը, գիտությանն ուղղված ֆինանսավորումը, գիտական հրատարակությունների ծավալն ու թեմատիկ ուղղությունները, ամբիոնային գիտահետազոտական աշխատանքները, գիտության միջագայնացումը, նախանշեց 2018թ. անելիքները: Գագիկ Վարդանյանի գնահատմամբ, կատարված քայլերը հնարավորություն են տալիս մոտենալու հետազոտական համալսարան դառնալու տեսլականի իրագործմանը, և այդ ճանապարհին հնարավոր է նաև նոր ենթակառուցվածքների ստեղծում:

Համալսարանում գիտահետազոտական գործունեության իրագործման համար պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին՝ աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելու համար, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին՝ գործընթացը պատշաճ լուսաբանելու համար, «Տնտեսագետ» հրատարակչության խմբագրահրատարակչական բաժնի վարիչ Նաիրա Խչեյանին՝ տպագիր նյութերի ձևավորման համար և տնտեսական մասին՝ նյութական աջակցության համար: Համալսարանի գիտահետազոտական գործունեության արդյունքները գիտական խորհուրդը բավարար գնահատեց՝ արձանագրելով, որ 2017թ. աշխատանքների ծավալն, ընդհանուր առմամբ, կատարված է:

Գագիկ Վարդանյանը զեկուցեց նաև ատենախոսության թեմա և գիտական ղեկավար վերահաստատելու մեկ հարց, ապա ներկայացրեց տպագրության ենթակա մի շարք հրատարակություններ: Այսպիսով, գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Մարտիրոս Պետրոսյանի «Անձնակազմի տնտեսագիտություն», լեզուների ամբիոնի դասախոս Անահիտ Շահինյանի “Customs” «Մաքսային գործ» մասնագիտության ուսանողների համար և լեզուների ամբիոնի դոցենտ Լիդա Տոնոյանի, դասախոսներ Գայանե Վարդապետյանի, Ռուզաննա Հարությունյանի, Արմինե Գասպարյանի “Учебное пособие по русскому языку для студентов экономистов”  ուսումնական ձեռնարկները:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 559 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք