Նորություններ

Բաժիններ

 

Զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի մասնագետ Մահմուդ Խանը հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում

31 Հոկտեմբեր 2012

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում ԱՄՆ Վերջինիայի Թեք համալսարանի հյուրընկալության և զբոսաշրջության կառավարման ամբիոնի պրոֆեսոր Մահմուդ Խանը հանդիպեց ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի, այս մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ: Ներկայացնելով պրոֆեսորին` ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրի (USAID) ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության բարձրացման ծրագրի աշխատուժի թիմի ղեկավար Տիգրան Տանանյանը նշեց, որ Մահմուդ Խանը վերոնշյալ բնագավառի աշխարհում հայտնի մասնագետ է և ոլորտին վերաբերող կրթական ծրագրեր է ուսումնասիրել, գնահատել ու մշակել Մալայզիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Կիպրոսում, Թայվանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Բանախոսի խոսքով` պրոֆեսորին Հայաստան է հրավիրել իրենց կազմակերպությունը, որպեսզի ուսումնասիրի Հայաստանի կրթական համակարգում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտը և ներկայացնի առաջարկություններ: 

Տիգրան Տանանյանը նշեց նաև, որ Մահմուդ Խանը նախօրյակին արդեն հանդիպել է ՀՊՏՀ-ի և հայաստանյան մյուս բուհերի զբոսաշրջության և հյուրընկալության կառավարման մասնագետներ պատրաստող ամբիոնների գիտնական մանկավարժների հետ, քննարկել բնագավառին առնչվող խնդիրներ: 
Կարևորելով հյուրընկալության ոլորտի մասին գիտելիքները` Մահմուդ Խանը նշեց, որ Հայաստանը հյուրընկալության և զբոսաշրջության համար շատ նպաստավոր երկիր է, և անհրաժեշտ է, որպեսզի ոլորտը զարգանա: Ճանաչված պրոֆեսորը խոսեց նաև այն կարևոր հատկանիշների մասին, որոնք պետք է ունենան զբոսաշրջության և հյուրընկալության գործի կառավարիչներն ու կազմակերպիչները, աշխատակիցները: Այս բնագավառների աշխատակիցների մարդկային հատկանիշներից կարևորելով անկեղծ ու անմիջական ժպտալու կարողությունը` պրոֆեսորը նշեց, որ ոլորտում զբաղվածները պետք է լինեն հոգեբան, հասկանան մարդկային տարբեր բնավորությունները և կարողանան լեզու գտնել բոլորի հետ: Մահմուդ Խանը անկեղծորեն պատմեց նաև Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին` ասելով, որ այստեղ ամեն ինչ կա զբոսաշրջության զարգացման համար. գեղեցիկ ու անկրկնելի բնություն, հրաշագեղ հուշարձաններ և ամենակարևորը` հաճելի և հյուրասեր մարդիկ: 
Ավարտին բանախոսը պատասխանեց ներկաների հարցերին;

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նորությունը դիտվել է 460 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք