Նորություններ

Բաժիններ

 

Դեպի առողջ ապրելակերպ. նախանշվեցին 2018թ. համալսարանական մարզական միջոցառումները

19 Հունվար 2018

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանի նախաձեռնությամբ մեր համալսարանում այսօր տեղի ունեցավ հանդիպում՝ հայաստանյան բուհերի ֆիզդաստիարակության ամբիոննների վարիչների,  մարզական ոլորտի ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ: Քննարկվեցին 2018թ. հանրապետությունում իրականացվելիք ուսանողական մարզական միջոցառումները, «ՀՊՏՀ դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերի անցկացմանը, ինչպես նաև ՀՀ բուհերում մարզական ակումբների ստեղծման գործընթացին առնչվող հարցեր:

Ներկա էին  Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ղեկավար Լևոն Վահրադյանը,  Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանը, ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության աշխատակից Արմեն Ոսկանյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, կանանց մինչև 16 և 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը և այլք:

Միջոցառումները քննարկվեցին ըստ ժամանակագրության: Բուհերի ներկայացուցիչները «ՀՊՏՀ դասախոսական գավաթ» միջբուհական ամենամյա առաջնությանը մասնակցելու պատրաստակամություն հայտնեցին: Ինչպես նշեց Հովհաննես Գաբրիելյանը՝ ակնկալվում է 15 համալսարանի մասնակցություն, այդ թվում՝ մարզերից:

ՀՀ-ում ուսանողական մարզական խաղերի անցկացման հետ կապված ընդգծվեց, որ այս տարի եռակողմ համագործակցության արդյունքում աննախադեպ աշխատանք է իրականացվելու՝ հանրապետական ու միջազգային խաղերում ուսանողների ակտիվ մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Խաղերը կազմակերպելու են ՀՀ ԿԳՆ-ն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան:

Կարևորելով առողջ ապրելակերպի քարոզումն ու սպորտի մասսայականացումը՝ ներկաները մեծ անհրաժեշտություն համարեցին բուհերում մարզական ակումբների ստեղծման գաղափարը և հայտնեցին, որ այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Ի դեպ, ՀՊՏՀ-ում ակումբն արդեն հիմնադրվել է և արդեն իսկ զբաղվում է մարզական միջոցառումների կազմակերպմամբ:

Քննարկման արդյունքում ուրվագծվեցին առաջիկա ամիսներին կազմակերպվելիք  հիմնական միջոցառումները: Նոր տարում այս հանդիպումը միջբուհական համագործակցության ամրապնդման  առաջին քայլն էր: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ

Նորությունը դիտվել է 1009 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք