Նորություններ

Բաժիններ

 

«Բարեխղճության կրթական ցանց» ծրագիրը հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում

29 Օգոստոս 2013

Այսօր ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում հյուրընկալվեցին «Ինթեգրիթի Էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության «Բարեխղճության կրթական ցանց» ծրագրի տնօրեն տիկին Էլեն Գոլդբերգը, ինչպես նաև ծրագրի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մենեջեր Հարություն Ալեքսանյանը:
Հանդիպումը  «Ինթեգրիթի Էքշն»-ի` Հայաստանում իրականացվող միջոցառումների շարքից էր: Նախորդող միջոցառումը օգոստոսի 24-28-ը կայացել է Ծաղկաձորում` «Ուսումնական պլանների մշակումը բարեխղճության դասավանդման համար» խորագրով:  Քառօրյա սեմինարի աշխատանքներին մասնակցել է ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, ինչպես նաև հայաստանյան մի շարք համալսարանների ներկայացուցիչներ, պատվիրակներ Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից:

 

«Բարեխղճության կրթական ցանց» ծրագրի տնօրենի այցը մեր համալսարան պայմանավորված էր «Ինթեգրիթի Էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության և ՀՊՏՀ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսվող համագործակցությամբ, որի նպատակն է իրականացնել ուսումնական, գիտահետազոտական աշխատանքներ, նպաստել նոր ուսումնական դասընթացների մշակմանը:

Ներկայացնելով հյուրերին և այցելության նպատակը` պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը նշեց, որ խոսվելու է բարեխղճության մասին, ինչն ըստ էության նշանակում է` խոսել սոցիալական կապիտալի մասին, վստահության մասին, քանի որ եթե մի տեղ բացակայում է բարեխղճությունը, այնտեղ ի հայտ են գալիս կոռուպցիոն ռիսկեր: Այս առումով նա կարևորեց առաջավոր երկրների փորձը և մասնավորապես համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ծանոթությունը «Բարեխղճության կրթական ցանց» ծրագրին:

 

Տիկին Գոլդբերգը ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության գործունեությունն ամբողջ աշխարհում և իրականացվող երկու հիմնական ծրագրերը` «Բարեխղճության կրթական ծրագիր» և «Համայնքային բարեխղճության ձևավորում»:

Կարևորելով հասարակության մեջ բարեխղճության սերմանումը` տիկին Գոլդբերգը նշեց, որ այն բանաձևվում է որպես հաշվետվողականություն, կարողունակություն և էթիկա` առանց կոռուպցիայի:

Հարություն Ալեքսանյանը ներկայացրեց ծրագրի գործունեությունը իր ղեկավարած տարածաշրջանում, հույս հայտնեց, որ համագործակցությունը ՀՊՏՀ-ի հետ կլինի փոխշահավետ, կծառայի նոր ծրագրերի ներդրմանն ու կիրառմանը:

Այնուհետև ելույթ ունեցան և բանախոսներին հարցեր ուղղեցին ֆինանսական հաշվառման ամբիոնի ասիստենտ Սուրեն Բաբաջանյանը, փիլիոսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ Արամ Սարգսյանը, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը:

Հ.Գ. Վերջին լուսանկարը՝  «Ինթեգրիթի Էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նորությունը դիտվել է 381 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք