Նորություններ

Բաժիններ

 

Արտերկիր է մեկնում ՀՊՏՀ 31 ուսանող. նրանց հաջողություն մաղթեց բուհի ղեկավարությունը

16 Հունվար 2018

Եվրամիության «Էրազմուս+» ծրագրով արտասահման է մեկնում ՀՊՏՀ ուսանողների հերթական խումբը. 31 ուսանող (այդ թվում՝ 24-ը՝ բակալավրիատից, 7-ը՝ մագիստրատուրայից) 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակում կսովորի արտասահմանյան համալսարաններում: ՀՊՏՀ-ականներին  6 ամսով կհյուրընկալեն 10 երկրների 13 համալսարաններ, այդ թվում՝ Բելգիայի Հասելթի, Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի,  Վառնայի տնտեսագիտական:

 Ավանդույթի համաձայն, մեկնող ուսանողներին ու նրանց ծնողներին հանդիպեց ու հաջողություն մաղթեց համալսարանի ղեկավարությունը: Նիստերի սրահում կայացած հանդիպմանն այսօր ներկա էին ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, բոլոր ֆակուլտետների դեկանները, ՀՊՏՀ-ում ծրագրի համակարգող, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: Նրանք  շնորհավորեցին «Էրազմուս+»-ի հաղթողներին, ապա քննարկեցին ուսումնակազմակերպական մի շարք հարցեր:

Ողջույնի խոսքում ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց ներկաների Նոր տարին և  բարեմաղթանքներ հղեց: Արձանագրելով, որ տարեցտարի աշխուժանում է «Էրազմուս+»-ի հանդեպ ուսանողների հետաքրքրությունն ու մեծանում է մրցակցությունը՝ ՀՊՏՀ-ում ծրագրի կայացման համար ռեկտորը հատուկ շնորհակալություն հայտնեց Վարդ Ղուկասյանին:

«Դուք արտերկրում դառնալու եք մեր երկրի պատվիրակները, պետք է հնարավորինս լավ դրսևորեք ձեզ, լավագույնս ներկայացնեք Հայաստանը»,- նշեց Կորյուն Աթոյանը:

Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն ուսանողներին հորդորեց լավ սովորել, յուրացնել եվրոպական կրթական լավագույն փորձը՝ վերադառնալուց հետո այն մեր համալսարանում տեղայնացնելու ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու համար:

Վարդ Ղուկասյանն ու արտաքին կապերի բաժնի աշխատակից Տաթևիկ Հովհաննիսյանը, ով նախորդ տարի մասնակցել է «Էրազմուս+» ծրագրին,  փաստաթղթերի, ուսումնական, ինչպես նաև կենցաղային հարցերի վերաբերյալ օգտակար խորհուրդներ հղեցին մեկնողներին, հորդորեցին հարցերի դեպքում առցանց դիմել արտաքին կապերի բաժին, պատասխանեցին ծնողների հարցերին:

Հանդիպման ավարտին ուսանողները լուսանկարվեցին բուհի ղեկավարների հետ:

Մեկնող ուսանողները հուսավառ են ու վստահ՝ հարազատ համալսարան են վերադառնալու գիտելիքների մեծ պաշարով, հարստացած փորձով ու նոր ասելիքով:

Սիրելի' ՀՊՏՀ-ականներ, մաղթում ենք հաջող ուսումնառություն և բարի վերադարձ:

 

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ

Նորությունը դիտվել է 1951 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք