Նորություններ

Բաժիններ

 

«ԱՐԱՐԱՏ» ծրագրի հիմնական արդյունքների ու ԵՄ «Կրթության, տեսաձայնային և մշակութային» գործադիր գործակալության կողմից տրված ամփոփիչ գնահատականի մասին

22 Նոյեմբեր 2017

Ներկայացնում ենք ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից ստացված տեղեկատվությունը:

Հայաստանում Եվրոպական Միության (ԵՄ) ՏԵՄՊՈՒՍ-ի ծրագիր հայաստանյան բուհերից առաջին անգամ համակարգել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ «Համալսարան-գործատու» hայկական համակարգող գործակալություն («ԱՐԱՐԱՏ»), Armenian Coordination Agency “University - Employer” (“ARARAT”), № 530321-TEMPUS-1-2012-1-AM-TEMPUS-SMHES ծրագրի նպատակն էր բարձրագույն կրթության արդիականության ու փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին և պահանջներին համապատասխանության ապահովումը՝ Հայաստանում համալսարան-աշխատաշուկա համագործակցության ցանցի ստեղծման ու գործարկման միջոցով։ Վերոնշյալ նպատակի ապահովումը բխում էր հետևյալ խնդիրների իրականացումից՝

  • գործընկեր համալսարանների և տարածաշրջանային գործատուների միջև համագործակցության խթանման նպատակով համալսարան-աշխատաշուկա ազգային ցանցի (ՀԱԱՑ) ստեղծում,
  • առաջարկվող որակավորումների շրջանակներում համալսարանների և աշխատաշուկայի միջև ակտիվ երկխոսության հաստատում,
  • որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) գործարկում և կրթական ծրագրերի՝ ուսումնառության ընդհանրական վերջնարդյունքների ժամանակին արդիականացում,
  • կարիերայի կենտրոնները, շրջանավարտների միությունները և համալսարան-աշխատաշուկա համագործակցության միավորներն արդյունավետորեն կառավարելու նպատակով համալսարանների կարողությունների ձևավորում և զարգացում։

«ԱՐԱՐԱՏ» ծրագրի աշխատանքային առաջին՝ «Կարողությունների զարգացում» փաթեթի շրջանակում տեղի ունեցած վերապատրաստման արդյունքում մշակվել և հայերեն ու անգլերեն լեզուներով հրատարակվել է  Համալսարան-աշխատաշուկա կապի ապահովման ներհամալսարանական միավորների աշխատակիցների համար նախատեսված վերապատրաստման մուդուլի փաթեթ։ Ծրագրի հայաստանյան գործընկեր բարձրագույն ուսումնական հաստատություններում (8 բուհերում) տեղի են ունեցել ներհամալսարանական աշխատաժողովներ, որոնց արդյունքում վերապատրաստված անձնակազմն այնուհետ համալրել է ծրագրի շրջանակներում ստեղծված համալսարան-աշխատաշուկա կապի ապահովման ներհամալսարանական միավորների աշխատակիցների շարքերը։ Ստեղծվել և գործարկվել է Համալսարան-աշխատաշուկա ՀՀ ազգային ցանցը (ՀԱԱՑ)՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ՀՀ բարձրագույն կրթության արդիականացման նպատակով։ ՀԱԱՑ-ը տվյալների հավաքագրման, ներդրման, մշակման և պահպանման համակարգ է, որը ծառայում է բուհերից ու աշխատաշուկայից մարդկային ռեսուրսների պատրաստման և վերջիններիս իմացության օգտագործման մասին պարբերաբար տեղեկատվության ստացման ու ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը միտված վերլուծություններ իրականացնելու համար: Մշակվել են և հրատարակվել ՀԱԱՑ գործունեությունն ապահովող համապատասխան ներքին փաստաթղթերը՝ ընդհանուր բնութագիր, կանոնակարգ և ռազմավարական պլան։ Ծրագրի շարունակականության ու ձեռք բերված արդյունքների կայունության ապահովման համար ստորագրվել է հետազոտական նախագծերի իրականացման համագործակցության հուշագիր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կետրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) և ծրագրի հայաստանյան գործընկեր բուհերի միջև՝ նպատակ ունենալով ապահովել երկկողմանի համագործակցություն ու հաշվետվողականություն, բարելավել, զարգացնել և խորացնել համալսարան-աշխատաշուկա կապը: Աշխատանքային երկրորդ փաթեթի («ՀԱԱՑ ստեղծում») շրջանակներում է նաև մշակվել և երկու լեզուներով հրատարակվել «Ուսանողների մասնակցության ուղեցույցը»։ Համալսարան-աշխատաշուկա կապի ապահովման ու ամրապնդման նպատակով (աշխատանքային երրորդ փաթեթ) մշակվել է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակավորումների և կոմպետենցիաների սահմանման գործիքակազմ ու համապատասխան մեթոդաբանություն։ Հավաքագրված և մշակված գործիքակազմով վերլուծության ենթարկված տվյալների հիման վրա ձևավորվել է ՀԱԱՑ աշխատանքներին աջակցող տվյալների էլեկտրոնային բազա, ինչպես նաև «ՀԱԱՑ տվյալների հավաքագրման համակարգի կառավարման ուղեցույց» (հրատարակվել է հայերեն և անգլերեն լեզուներով)։ Իսկ «Հետազոտողի ուղեցույցը» նախատեսված է աջակցելու և ուղղորդելու ՀԱԱՑ շրջանակներում իրականացվող հետազոտությունների համար մշակված SurveyApp գործիքի միջոցով հարցաթերթերի ձևավորման, տվյալների հավաքագրման և պահպանման գործընթացում: «Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) կիրառկում և գործարկում» աշխատանքային չորրորդ փաթեթի շրջանակում մշակվել է Ոլորտային որակավորումների շրջանակի կազմման մեթոդաբանություն հայերեն և անգլերեն լեզուներով, որը լույս է տեսել «Ոլորտային որակավորումների շրջանակի կիրառման ձեռնարկում»։ Վերոնշյալ մեթոդաբանությանը համապատասխան մշակվել և հրատարակվել են՝

-        «Կառավարում» ոլորտի որակավորումների շրջանակ,

-        «Ծրագրային համակարգերի ճարտարագիտություն» ոլորտի որակավորումների շրջանակ,

-        «Կրթություն/մանկավարժություն» ոլորտի որակավորումների շրջանակ։

Ահա օրերս ԵՄ «Կրթության, տեսաձայնային և մշակութային» գործադիր գործակալության կողմից ստացվել է «ԱՐԱՐԱՏ» ծրագրի բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների եզրափակիչ գերազանց գնահատականը՝ ամփոփելով ծրագրի հիմնական վերջնարդյունքները: Շնորհավորելով ՏԵՄՊՈՒՍ ծրագրում արդյունավետ մասնակցության արդյունքում ստեղծարարության և ձեռքբերումների համար՝ շեշտվում է, որ դրանք ամբողջությամբ համապատասխանում են ի սկզբանե սահմանված նպատակներին, հետևապես «ԱՐԱՐԱՏ» ծրագրի իրականացումը համարվում է՝ որպես արդյունավետ և հաջող օրինակ: Նշվում է նաև ծրագրի կառավարման և աշխատանքային թիմերի ներդրման ու կատարած աշխատանքների մասին ձեռք բերված արդյունքների ապահովման համար՝ այդպիսով նպաստելով բուհական կրթության առջև ծառացած հիմնական մարտահրավերներից շրջանավարտների ծառայողունակու­թյան բարձրացմանը: Իսկ «ԱՐԱՐԱՏ» և «ՀԵՆ-ԳԻՐ» ծրագրերի միջև ստեղծված սիներգիան հատկապես կարևոր էր կոնսորցիումների անդամներրի ու կրթության ոլորտի շահակիցների միջև ակտիվ երկխոսության հաստատելու տեսանկյունից: Գործակալության կողմից ստացված նամակում հույս են հայտնում, որ կապահովվի «ԱՐԱՐԱՏ» ծրագրի շրջանակներում ստեղծված գործընկերության, ձեռք բերված արդյունքների շարունակականությունը և կայունությունը՝ ներգրավելով հայաստանյան այլ համալսարաններ ևս ու մասնակցելով ԵՄ նոր ծրագրերի:


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 2246 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք