Նորություններ

Բաժիններ

 

Ատոմ Մարգարյանը մասնակցել է մոսկովյան գիտաժողովների

31 Հոկտեմբեր 2017

Հոկտեմբերի 25-28-ին ՀՊՏՀ «Ինովացիոն ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում մասնակցել է երկու միջազգային գիտաժողովների։ Այս մասին մեզ հայտնեց Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ գիտական գործուղումը իր կողմից ղեկավարվող հայ-բելառուսական միջազգային դրամաշնորհային ծրագրով իրականացվող հետազոտությունների շրջանակներում էր, ինչպես նաև նպատակ է եղել համագործակցային կապեր հաստատել Ռուսաստանի առաջատար տնտեսագիտական բուհերի ու գիտնականների հետ։

ՀՊՏՀ գիտնականը Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան համալսարանի Կառավարման և ինովացիաների բարձրագույն դպրոցում (МГУ-ВШУИ) կայացած «Ինովացիոն տնտեսություն և կառավարում. մեթոդներ և տեխնոլոգիաներ» 2-րդ միջազգային համաժողովի լիագումար նիստում հանդես է եկել «Ինովացիոն արդյունքների առևտրայնացման հիմնախնդիրները նոր արդյունաբերական քաղաքականության համատեքստում» թեմայով զեկուցմամբ։ Այդ ներկայացուցչական համաժողովին մասնակցել են 7 երկրների 100-ից ավելի ներկայացուցիչներ (http://hsmi.msu.ru/

Հոկտեմբերի 26-27-ին Ատոմ Մարգարյանը մասնակցել է նաև «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանում (ГУ-ВШЭ) կայացած «Միգրացիա. նոր միտումները և ուղղությունները» թեմայով միջազգային համաժողովին։ «Ես տպավորված եմ մոսկովյան համաժողովներում առկա ստեղծարար մթնոլորտից։ Հատկապես տպավորիչ էր ազգային հետազոտական համալսարանի դրվածքը, որտեղ ընթացող գիտաժողովներին դասախոսների և գիտնական-հետազոտողների կողքին նույն ակտիվությամբ ու եռանդով մասնակցում են մագիստրանտներն ու ասպիրանտները։ Այն ենթակառուցվածքը, որ ձևավորվել է այս համալսարանում վերջին տասնամյակում, հատկապես գիտասումնական լաբորատորիաների, կենտրոնների և ինստիտուտների հզոր ցանցը, թույլ է տալիս լինել մրցունակ ու ցանկալի գործընկեր աշխարհի առաջատար համալսարանների համար»,-ասաց  գիտաուսումնական լաբորատորիայի զեկավարը՝ հավելելով, որ մոսկովյան գիտաժողովներին մասնակցության ընթացքում թե՛ Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի և թե՛ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի գիտնականների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ՝ լաբորատորիաների համագործակցության, միջազգային հետազոտական նախագծեր իրականացնելու վերաբերյալ։ 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 245 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք