Նորություններ

Բաժիններ

 

«Աշխատուժի միջազգային միգրացիայի սոցիալ-տնտեսական հետևանքները».սեմինար՝ ՄՏՀ ամբիոնում

19 Հոկտեմբեր 2017

Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասպիրանտ Տաթևիկ Վարդանյանը Գիտության պետական կոմիտեի և ՀՊՏՀ աջակցությամբ իրականացրել է «Աշխատուժի միջազգային միգրացիայի սոցիալ-տնտեսական հետևանքները» թեմայով հետազոտություն, որն այսօր ներկայացվեց ամբիոնային գիտական սեմինարում: Ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Սեմինարի հատուկ հյուրերը Հայ-ռուսական համալսարանից էին՝   տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Իրինա Պետրոսյանը և «ՀՀ միգրացիոն գործընթացներ» հետազոտության գիտական խմբի ղեկավար, տ.գ.թ. Լարիսա Ավետիսյանը:

Ներկաներին ողջունեց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և նշեց, որ սեմինարներն արդյունավետ պետք է լինեն ինչպես կառավարությանը համապատասխան առաջարկություններ ներկայացնելու, այնպես էլ փորձագետներ ձևավորելու տեսանկյունից: Պրոռեկտորը հավելեց, որ սեմինարներում հետազոտողները նաև իրենց փորձն են ներկայացնում ուսանողներին՝ ուղղորդելով նրանց գիտահետազոտական աշխատանքի:

Դիանա Գալոյանը ներկայացրեց հյուրերին՝ նշելով, որ քննարկվում է Հայ-ռուսական համալսարանի հետ գիտական համագործակցություն սկսելու հարցը: Նա ներկայացրեց սեմինարի թեման և ամբիոնը տրամադրեց զեկուցողին:

Ինչպես ներկայացրեց Տաթևիկ Վարդանյանը՝ իր հետազոտության շրջանակում տպագրվել է 3 հոդված, որից մեկը՝ միջազգային: Ասպիրանտը ներկայացրեց կատարած հարցումների արդյունքները. ընդգրկվել են 1526 միգրանտներ և պոտենցիալ միգրանտներ: Ո՞վքեր են միտված միգրացիայի, որո՞նք են հիմնական պատճառները, ի՞նչ խնդիրների են բախվում միգրանտները, ի՞նչ աշխատանքով են զբաղվում, որքա՞ն են վարձատրվում և ուղարկում իրենց ընտանիքներին…հարցաթերթում նմանօրինակ հարցադրումներ էին:

Ուշագրավ է՝ միգրացիայի հակված են 30-44 տարեկան անձինք, հիմնական երկիրը, որտեղ պատրաստ են աշխատել՝ ՌԴ-ն է, միգրանտների ավելի քան 44%-ը աշխատում է շինարարության ոլորտում, վարձատրվում է 300 հազար և ավելի դրամի չափով, ընտանիքին ուղարկում է ամսական 110 հազարի չափ գումար, մասնագիտական կրթություն ունեցող անձինք որպես  արտագաղթելու հիմնական պատճառ նշում են երկրի ապագայի հանդեպ անվստահությունը, միջին մասնագիտական կրթությամբ և մասնագիտական կրթություն չունեցող անձինք՝ երկրի սոցիալ-տնտեսական ոչ բավարար պայմանները: Միգրանտների հիմնական խնդիրները կապված են փաստաթղթերի, լեզվի իմացության ցածր մակարդակի, արտաժամյա աշխատելու, աշխատանքի դիմաց երբեմն չվարձատրվելու հետ: Զեկուցողն անդրադարձավ Հայաստանի փաստացի բնակչության թվի փոփոխությանը 1991-2016 թթ., ՀՀ-ում երիտասարդների թվին և մնացյալ բնակչությանը 2011-2016 թթ., Հայաստանի զուտ միգրացիոն հաշվեկշռին:

Հետազոտության երկրորդ հատվածը ԵԱՏՄ պայմանագրից հետո ԵԱՏՄ երկրների միգրացիոն դաշտը կարգավորող օրենսդրության համեմատական վերլուծությունն էր:

Ասպիրանտը դիտարկել էր նաև ՀՀ օտարերկրացիների մասին օրենքը, վերհանել թերացումները. օրինակ, «Աշխատող միգրանտ» հասկացությանը հստակ ձևակերպում չի տրվում:

Զեկուցման ավարտից հետո ծավալվեց քննարկում, դիտարկումներ ներկայացրին Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1282 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք