Նորություններ

Բաժիններ

 

Ամփոփվեցին ՀՊՏՀ նախաձեռնած «Դասախոսական գավաթ-2018» մարզական խաղերը

08 Փետրվար 2018

Հանդիսավոր մրցանակաբաշխությամբ այսօր ամփոփվեցին  ՀՊՏՀ «Դասախոսական գավաթ-2018» մարզական խաղերը: Մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումն այս անգամ տեղի ունեցավ հունվարի 29-ից փետրվարի 8-ը: Այն մեկտեղել էր հայաստանյան 13 բուհերի ավելի քան 250 մարզասեր դասախոսների, ոգեշնչել ու խանդավառել նրանց առողջ ապրելակերպի հորդորով: Մասնակցում էին ՀՊՏՀ, ԵՊՀ, ԵՊԼՀ, ՀՊՄՀ, ԵՊԲՀ, ՃՇԱՀ, ՀԱԱՀ (Ագրարային), ՀՖԿՊԻ, ՀԱՊՀ, ՀՌՀ (Սլավոնական), ՎՊՄՀ, ՀՖՀ (Ֆրանսիական), ՀԱՀ (Ամերիկյան) դասախոսական թիմերը, որոնք խաղերի շրջանակում մրցեցին  հրաձգություն, սեղանի թենիս, շախմատ և վոլեյբոլ մարզաձևերում: 1-3-րդ տեղերը զբաղեցրածները պարգևատրվեցին գավաթներով, պատվոգրերով, ինչպես նաև՝ ՀՊՏՀ ղեկավարության կողմից արժանացան հատուկ նվերների:

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ  Ռազմիկ Ստեփանյանը, Հայաստանի վոլեյբոլի մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, դասախոսներ, ուսանողներ, լրագրողներ, մարզասերներ: 

Բացման խոսքով հանդես եկավ Հովհաննես Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ արդեն 5-րդ տարին անընդմեջ, ՀՊՏՀ ղեկավարության հովանու ներքո հաջողությամբ  իրականացվում են «Դասախոսական գավաթ» միջբուհական խաղերը: Ամբիոնի ղեկավարն ամփոփեց այս տարվա միջոցառումը, նշեց, որ բոլոր առաջնություններն անցել են բարձր մրցակցային մթնոլորտում: Խաղերի կազմակերպմանն աջակցելու համար նա հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի վոլեյբոլի մարզական ֆեդերացիային, հրաձգարանի և շախմատի դահլիճների տրամադրման համար՝ Երևանի պետական և Հայաստանի ազգային ագրարային համալսարաններին, ինչպես նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ նախաձեռնությանն աջակցելու համար:

                       Ռազմիկ Ստեփանյանն իր  ելույթում ուսանողական մարզական ֆեդերացիայի անունից նախ շնորհավորեց մասնակիցներին, ապա նշեց, որ ֆեդերացիայի առաջնային խնդիրներից է ոչ միայն միջազգային  հարթակներում մեր մարզիկներին պատշաճ ներկայացնելը, այլև դասախոսներին մարզական միջոցառումներում ներգրավելը: Խաղերի կազմակերպման համար, Ֆեդերացիայի անունից փոխնախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ-ին: 

Ելույթ ունեցավ ռեկտոր Կորյուն Աթոյանը. շեշտադրվեց, որ ՀՊՏՀ-ն զգալի ուշադրություն է հատկացնում մարզական միջոցառումներին, կարևորում է միջբուհական համագործակցությունը և համալսարանական սպորտի զարգացումը: Շնորհավորելով մասնակիցներին և հաղթող թիմերին՝ Կորյուն Աթոյանը շեշտեց, որ սպորտը բարեկամություն է, ընկերություն է, որը չի կարող համալսարանների միջև առկա կապերը չամրապնդել:

Ռեկտորը հյուրերի հետ միասին հանձնեց մրցանակակիրների պարգևները: Այսպես, հրաձգության առաջնությունում 1-ին տեղն է զբաղեցրել ԵՊՀ-ն, 2-րդը՝ ԵՊԲՀ-ն, 3-րդը՝ ՀԱՊՀ-ն: Շախմատում 1-3-րդ մրցանակային տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար ՀՊՄՀ, ԵՊՀ, ՀՌՀ թիմերը: Սեղանի թենիսի առաջնության մրցանակակիրներն են ՀՌՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀԱՊՀ-ն, իսկ վոլեյբոլում լավագույններն են ԵՊՀ, ՀԱԱՀ, ՀՊՏՀ թիմերը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալագրեր հանձնեց միջոցառմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած, մրցանակային տեղեր չզբաղեցրած թիմերին: Միջոցառման ավարտին Կարեն Ասմարյանը ռեկտոր Կորյուն Աթոյանին պարգևատրեց Վոլեյբոլի ֆեդերացիայի հուշամեդալով՝ վոլեյբոլ մարզաձևի մասսայականացմանն աջակցելու համար:

Դասախոսական խաղերի ողջ ընթացքը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ուշադրության կենտրոնում էր, մենք արձանագրել ենք գեղեցիկ ակնթարթներ, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը

Շնորհավորում ենք մրցանակակիրներին, մասնակիցներին  ու կազմակերպիչներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 953 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք