Նորություններ

Բաժիններ

 

«Ամբերդ» կենտրոնի հետազոտողը՝ ««Էրազմուսի» միջազգային շաբաթ» ծրագրի մասնակից

21 Հունիս 2017

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, տնտեսագիտության թեկնածու Գայանե Թովմասյանը սույն թվականի հունիսի 12-16-ը մասնակցել է  Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի  Կիպրոսի համալսարանում կազմակերպված վարչական աշխատողների միջազգային շաբաթին՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում:

««Էրազմուսի» միջազգային շաբաթ» ծրագիրն ունեցել է 67 մասնակից աշխարհի 21 երկրի 52 համալսարաններից: Հայաստանից մասնակցել է միայն մեր բուհը:

Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Գայանե Թովմասյանը՝ հավելելով. «Այս տարի նշվում էր «Էրազմուսի» 30 տարին, և կազմակերպիչներն ամեն ինչ շատ լավ էին կազմակերպել: Մասնակիցներից յուրաքանչյուրն իր հետ բերել էր իր երկրին և համալսարանին վերաբերող տեղեկատվական նյութեր, նաև ներկայացրել ազգային խոհանոցը: Միջոցառումը հագեցած էր, եղել են տարբեր ելույթներ, ինչպես նաև մասնակիցների համար հունարենի մի քանի դաս է կազմակերպվել: Կազմակերպվել է նաև ճանաչողական էքսկուրսիա Պաֆոս քաղաք, որը 2017թ. ընտրվել է մշակույթի եվրոպական մայրաքաղաք: Միջազգային շաբաթվա ընթացքում ելույթ եմ ունեցել՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և իր հետազոտական քաղաքականությունը» թեմայով, որի շրջանակներում մանրամասն ներկայացրել եմ համալսարանն իր ամբողջական կառուցվածքով՝  ֆակուլտետներով, մասնագիտություններով, մատնանշել եմ համալսարանի միջազգային ծրագրերը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնն՝ իր հետազոտական ուղղություններով: Ընդ որում, որպես նախաբան, տեղեկատվության կարգով համառոտ ներկայացրել եմ մեր երկիրը»:

Ելույթի նյութն առկա է Կիպրոսի համալսարանի կայքում հետևյալ հղմամբ՝ http://www.ucy.ac.cy/ir/documents/LLP_Erasmus/STAFF_TRAINING/ERASMUS_STAFF_WEEKS/ERASMUS_STAFF_

WEEK_2016-2017/15_June_11.30-11.50_Gayane_Tovmasyan.pdf:

Մեր աշխատակցի խոսքով՝ մասնակիցներից ոմանք արդեն եղել էին Հայաստանում, մյուսներն էլ պատրաստվում էին գալ, ներկաները տպավորվել են մեր երկրի պատմությամբ ու ներկայացված լուսանկարներով:

«Բոլոր մասնակիցների հետ կոնտակտային տվյալներ եմ փոխանակել, ոմանց հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորության դեպքում միասին «Էրազմուսի» ծրագիր կազմակերպելու, նաև համատեղ հետազոտություններ կատարելու կամ գիտական հոդվածներ տպագրելու շուրջ: Այցի հիմնական արդյունքները ներկայացրել եմ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնին (որը ՀՊՏՀ-ում համակարգում է սույն ծրագիրը-հեղ.) և «Ամբերդի» աշխատակիցներին՝ աշխատանքային քննարկման ժամանակ: Ծրագիրը նոր ծանոթությունների հաստատման, մտքերի ու գաղափարների փոխանակման, փորձի ձեռքբերման հիանալի հնարավորություն էր, որը, հուսով եմ, դրական ազդեցություն կունենա ՀՊՏՀ-ում հետազոտական և կրթական գործընթացի բարելավման, միջազգային համագործակցության ընդլայնման վրա»,- պատմեց Գայանե Թովմասյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1679 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք