Այսօր ՀՊՏՀ հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ընդլայնված նիստ, որին բացի ֆակուլտետի կազմի մեջ մտնող ամբիոնների գիտնական մանկավարժներից, մասնակցում էին նաև այլ ամբիոններից այս ֆակուլտետում դասավանդող դասախոսները: Օրակարգում ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 2011-2012 թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ու երկրորդ կիսամյակի խնդիրներն էին: Զեկուցումով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը:
«Ավարտվեց ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Շատերի համար սովորական, սակայն ինձ համար այն յուրահատուկ էր, դժվարին մի փորձաշրջան, որովհետև առաջին անգամ որպես դեկան իմ դիտարկումները կատարեցի ուսումնական կիսամյակի վերաբերյալ և այսօր պետք է դրանք ներկայացնեմ ձեր ուշադրությանը»,- սկսելով իր ելույթն` ասաց Էդգար Ղազարյանը: Դեկանի տեղեկացմամբ` ֆակուլտետն այսօր համալսարանում ամենամեծն է. այստեղ սովորում է 1957 ուսանող, որից 993-ը` առկա բակալավրիատում: Անդրադառնալով ուսման առաջադիմությանը` ֆակուլտետի ղեկավարն այն ներկայացրեց խորհրդի նիստի ուշադրությանը: Այսպիսով` առկա բակալավրիատում առաջադիմությունը կազմել է 73, 4, առկա մագիստրատուրայում` 78,5, հեռակա մագիստրատուրայում` 63,6: Ֆակուլտետի բոլոր կրթաձևերում միայն A ցուցանիշով սովորում է 236 ուսանող, որից 117-ը` առկա բակալավրիատում:
Այնուհետև Էդգար Ղազարյանը խոսեց ուսումնական գործընթացում տեղ գտած թերությունների ու բացթողումների մասին և այս առնչությամբ հայտնեց իր մտահոգությունը: Դեկանին մասնավորապես անհանգստացնում են բացակայությունների մեծ թվաքանակը, խմբային դասաձախողումները, դասախոսների ծանրաբեռնվածության նշված ժամաքանակի թերակատարումը, ակտիվության գնահատականի բացակայությունը մատյաններում, ուսումնական գործընթացի ձախողումը, ուսման վարձի հավաքագրման անբավարար մակարդակը, բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողների փորձաշրջանի անարդյունավետ կազմակերպումը: Նա հոդորեց պրոֆեսորդասախոսական կազմի անդամներին, ֆակուլտետի աշխատակիցներին, որ գործուն մասնակցություն ունենան նշված թերությունների վերացման գործում:
Խոսելով առաջիկա անելիքների ու խնդիրների մասին, ֆակուլտետի դեկանն ասաց, որ առաջիկայում պետք է վերափոխվեն ուսումնական պլանները` մշակելով միասնական ձև, ճիշտ կազմակերպվեն ընտրովի դասընթացները, անցկացվի արդյունավետ փորձառություն և պետական ավարտական քննությունները կազմակերպվեն` համաձայն գործող նոր կարգի:
Էդգար Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ համաձայն գործող աշխատանքային օրենսդրության պահանջների, ամբիոններում հիմնական աշխատող դասախոսների աշխատաժամանակը սկսվում է ժամը 9.00-ին և ավարտվում 17.30-ին, հետևաբար բոլորն այս ժամերին պետք է բուհում լինեն և արտալսարանային աշխատանք կատարեն:
Վերջում դեկանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:


