Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, մեկ շաբաթյա այցով Հայաստան է ժամանել Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Վիլյամ Կովաչիչը: Այցի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը մշակելու մրցակցային քաղաքականության համապարփակ փաստաթուղթ: Պրոֆեսոր Կովաչիչը հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի հետ:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպվելու է «Անցումային տնտեսություններում մրցակցային քաղաքականության մշակումը» թեմայով դասախոսություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողների համար: Ուսանողներին ներկայացվելու է նաեւ ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում հրապարակված «Հայաստանի մրցակցության օրենքի եւ քաղաքականության վերաբերյալ» զեկույցը: Ուսանողների հետ հանդիպման ընթացքում պրոֆեսոր Կովաչիչը ներկայացնելու է Հայաստանում մրցակցային միջավայրի առկա խնդիրները եւ վերջինիս բարելավմանն ուղղված առաջարկությունները, ինչպես նաեւ պատասխանելու է ուսանողների կողմից թեմայի շուրջ բարձրացված հարցերին:
Պրոֆեսոր Կովաչիչը զբաղեցրել է ՄՆ Դաշնային առեւտրի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը, դրան զուգահեռ մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված հարցերի վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրել զարգացող երկրների կառավարություններին եւ մրցակցային մարմինների ղեկավարներին, այդ թվում` Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի, Եգիպտոսի, Ռումինիայի, Լեհաստանի եւ այլն:


