Էջեր

Ֆինանսական հատվածի հետազոտություններ

10 Հուլիս 2017


ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային արդյունավետության վերլուծությունը և եկամտաբերության վրա ազդող 

հիմնական գործոնները |2017|

ՀՊՏՀ «Ամբերդ»  գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացված սույն հետազոտության շրջանակներում փորձ է կատարվում վերլուծել  ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային գործունեությունը, դրա հետ կապված ծախսերը, ռիսկերը, իրականացնել ներդրումային արդյունավետության գնահատում: Հետազոտության առանցքային մասն  է կազմում նաև ներդրումային գործունեության և եկամտաբերության վրա ազդող գործոնների համակարգային վերլուծությունը: Կատարված գործոնային վերլուծության արդյունքում բացահայտվել են ֆոնդերի եկամտաբերության և ռիսկի վրա ազդող հիմնական գործոնները, տրվել է դրանց քանակական և որակական գնահատականը: Հետազոտության հիմնական խնդիրներն են եղել կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային հիմնական սահմանափակումների , ֆոնդերի ակտիվների, պարտավորությունների դինամիկայի, հիմնական  ծախսային ուղղությունների վերլուծությունը, կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կառուցվածքի բացահայտումը, ներդրումային փաթեթի կառավարման տեսանկյունից հիմնական կառավարման ուղղությունների հատկանշումը, կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության, ռիսկերի վերլուծությունը,  դրանց կառավարման արդյունավետության գնահատումը, գործոնային վերլուծության արդյունքում ֆոնդերի եկամտաբերության ու կառավարման արդյունավետության վրա ազդող հիմնական գործոնների բացահայտումը, դրանց ազդեցության չափի գնահատումը և այլն:



Կենտրոնական գործընկերոջ համակարգի միջազգային փորձի և ՀՀ-ում դրա ներդրման հնարավորությունների վերլուծություն  |2017|

 Կենտրոնական գործընկերոջ համակարգերի (CCP) միջազգային փորձի ուսումնասիրությունը և քլիրինգի ու վերջնահաշվարկի ոլորտում ժամանակակից միտումների դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ այն հանդիսանում է արժեթղթերի շուկայում գործարքների կատարման, ռիսկերի նվազեցման կարևորագույն մեխանիզմներից մեկը: Այնուհանդերձ շատ երկրներ, գիտակցելով հանդերձ CCP համակարգի անհրաժեշտությունը կամ հաշվի առնելով համակարգի ծախսերը, իրենց շուկաների ծավալները, չեն ձևավորում CCP համակարգ կամ գնում են տարածաշրջանային CCP համակարգերին ինտեգրման ուղիով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ պատվերով ՀՊՏՀ Ամբերդ գիտահետազոտական կենտրոնի կողմից կատարված հետազոտության իրականացման արդյունքում ուսումնասիրվել են արժեթղթերի շուկայում գործարքների կատարման համակարգերի և կենտրոնական գործընկերոջ համակարգի Թուրքիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի փորձը: Այնուհետև ուսումնասիրվել և ամփոփվել են քլիրինգի և վերջնահաշվարկի ոլորտում կենտրոնական գործընկերոջ համակարգերի հետ կապված միջազգային միտումները: Մի շարք երկրների փորձի ուսումնասիրման արդյունքում իրականացվել է կենտրոնական գործընկերոջ համակարգի առավել մանրամասն հետազոտություն պարզելու համակարգի գործողության առանձնահատկությունները՝ առավել ուշադրություն դարձնելով կարգավորման պահանջներին և դեֆոլտ մենեջմենթի համակարգին: Այնուհետև հետազոտվել է ՀՀ-ում  կենտրոնական գործընկերոջ համակարգի ներդրման նպատակահարմարությունը և հնարավորությունները: