Էջեր

Տնտեսական քաղաքականություն

27 Նոյեմբեր 2015

 

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային արդյունավետության վերլուծությունը և եկամտաբերության վրա ազդող հիմնական գործոնները |2017|

 ՀՊՏՀ «Ամբերդ»  գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացված սույն հետազոտության շրջանակներում փորձ է կատարվում վերլուծել  ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային գործունեությունը, դրա հետ կապված ծախսերը, ռիսկերը, իրականացնել ներդրումային արդյունավետության գնահատում: Հետազոտության առանցքային մասն  է կազմում նաև ներդրումային գործունեության և եկամտաբերության վրա ազդող գործոնների համակարգային վերլուծությունը: Կատարված գործոնային վերլուծության արդյունքում բացահայտվել են ֆոնդերի եկամտաբերության և ռիսկի վրա ազդող հիմնական գործոնները, տրվել է դրանց քանակական և որակական գնահատականը: Հետազոտության հիմնական խնդիրներն են եղել կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային հիմնական սահմանափակումների , ֆոնդերի ակտիվների, պարտավորությունների դինամիկայի, հիմնական  ծախսային ուղղությունների վերլուծությունը, կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կառուցվածքի բացահայտումը, ներդրումային փաթեթի կառավարման տեսանկյունից հիմնական կառավարման ուղղությունների հատկանշումը, կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության, ռիսկերի վերլուծությունը,  դրանց կառավարման արդյունավետության գնահատումը, գործոնային վերլուծության արդյունքում ֆոնդերի եկամտաբերության ու կառավարման արդյունավետության վրա ազդող հիմնական գործոնների բացահայտումը, դրանց ազդեցության չափի գնահատումը և այլն:



Կենտրոնական գործընկերոջ համակարգի միջազգային փորձի և ՀՀ-ում դրա ներդրման հնարավորությունների վերլուծություն  |2017|

 Կենտրոնական գործընկերոջ համակարգերի (CCP) միջազգային փորձի ուսումնասիրությունը և քլիրինգի ու վերջնահաշվարկի ոլորտում ժամանակակից միտումների դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ այն հանդիսանում է արժեթղթերի շուկայում գործարքների կատարման, ռիսկերի նվազեցման կարևորագույն մեխանիզմներից մեկը: Այնուհանդերձ շատ երկրներ, գիտակցելով հանդերձ CCP համակարգի անհրաժեշտությունը կամ հաշվի առնելով համակարգի ծախսերը, իրենց շուկաների ծավալները, չեն ձևավորում CCP համակարգ կամ գնում են տարածաշրջանային CCP համակարգերին ինտեգրման ուղիով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ պատվերով ՀՊՏՀ Ամբերդ գիտահետազոտական կենտրոնի կողմից կատարված հետազոտության իրականացման արդյունքում ուսումնասիրվել են արժեթղթերի շուկայում գործարքների կատարման համակարգերի և կենտրոնական գործընկերոջ համակարգի Թուրքիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի փորձը: Այնուհետև ուսումնասիրվել և ամփոփվել են քլիրինգի և վերջնահաշվարկի ոլորտում կենտրոնական գործընկերոջ համակարգերի հետ կապված միջազգային միտումները: Մի շարք երկրների փորձի ուսումնասիրման արդյունքում իրականացվել է կենտրոնական գործընկերոջ համակարգի առավել մանրամասն հետազոտություն պարզելու համակարգի գործողության առանձնահատկությունները՝ առավել ուշադրություն դարձնելով կարգավորման պահանջներին և դեֆոլտ մենեջմենթի համակարգին: Այնուհետև հետազոտվել է ՀՀ-ում  կենտրոնական գործընկերոջ համակարգի ներդրման նպատակահարմարությունը և հնարավորությունները:




Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման ուղիները Հայաստանի Հանրապետությունում |2017|

Աշխատությունը նվիրված է ՀՀ գյուղատնտեսության ոլորտում բնակլիմայական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հիմնահարցերին: Ուսումնասիրության շրջանակներում մշակվել է գյուղատնտեսության ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգային դրույթները: Զգալի տեղ է հատկացվել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական սակագների հաշվարկման մեթոդական մոտեցումներին և դրանց հիման վրա կատարված հաշվարկներին` ըստ առանձին գյուղատնտեսական մշակաբույսերի և անասնատեսակների մարզային կտրվածքով:

Գիրքը օգտակար է ագրոապահովագրություն իրականացնող ընկերությունների, ագրարային ոլորտի մասնագետների, գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների, ասպիրանտների և ուսանողների համար:


 

Մասշտաբային բնակարանաշինությունը՝ որպես  ներքին արտադրության խթանմամբ, տնտեսական աճի ապահովման և համաչափ տնտեսական զարգացման ուղղություն |2016|

2009 թ. տնտեսական ճգնաժամը ՀՀ կառավարությանը ստիպեց վերանայել տնտե­սու­թյան աճի որդեգրած մոդելը և որոնել տնտեսական կայունութ­յան և հետագա աճի ապա­հով­ման նոր մոտեցումներ: Ուստի և տնտեսական զարգացման առկա գերա­կա­յութ­յուն­նե­րին զու­գահեռ մշակվել և հաստատվել են նորերը՝ ընդլայնելով կառավա­րու­թյան ան­մի­ջական ուշադրության կենտրոնում գտնվող ճյուղերի թիվը: Թեև գործա­դրված ջան­քերը և կի­րառ­ված հակացիկլային քաղաքա­կանությունը նպաստել են տնտե­սական կայու­նության վե­րա­կան­գն­մանը, սակայն դեռևս չի հաջողվել գտնել տնտեսու­թյու­նում բեկում մտցնելու և աճի նախ­կին ցուցանիշներին մոտենալու բա­նա­լին: Այդ նպատակով իրակա­նաց­ված հետա­զո­­տու­թ­յունը նպատակ է դրել օբյեկտի­վո­րեն գնահատել ներքին պահանջարկի և ար­տա­հան­ման խթանման մոդելներով զար­գաց­ման հնարա­վորությունները Հայաստանի Հան­րա­պե­տու­թ­յու­նում, վերհանել դրանց համեմա­տա­կան առավելութ­յունները, վերլուծել տնտե­սա­կան զար­­գաց­ման որդեգրած գերա­կայու­թյունների՝ արդեն իսկ ապա­հոված ար­դյունք­ներն ու հե­տագա աճի հեռա­նկար­­նե­րը, ինչպես նաև նախանշել աճի ապահովման նոր մո­տե­ցումներ: Իբ­րև առան­ձին նպա­տակ է սահմանվել մասշտաբային շինարարության և, մաս­նա­վո­րա­պես, բնա­կա­րա­նա­շի­նության խթանմամբ տնտեսական աճի ապահովման նպա­տա­կա­հար­մա­րու­թյան գնա­հա­տումը, թեպետ վերջինը համարվում է աճի ապահովման ամենա­քն­նա­դատված սցե­­նար­ներից մեկը:


 

ՀՀ մարզերում փոքր և  միջին բիզնեսի զարգացման ազդեցությունը աղքատության կրճատման վրա |2016|

 

Աղքատություն գոյություն ունի ժամանակակից աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Կախ­ված երկրի զարգացման աստիճանից, պետության սո­ցիա­լա­կան քաղա­քա­կա­նու­թյու­նից և այլ պատճառներից՝ աղքատությունն ունի առա­ջացման և դրսևորման տար­բեր ձևեր և չափեր: Մինչև Խորհրդային Միու­թյան փլուզումը աղքատության և գոր­ծա­զրկու­թյան մակրոտնտեսական ցու­ցանիշները Հայաստանում ամենացածրն էին: 1987 թ. աղ­քատության գծից ցածր եկամուտ էր ստանում Խորհրդային Հայաստանի բնակ­չու­թյան միայն 20 տո­կոսը: Անկախացումից հետո աղքատության մակարդակն աճեց: Վեր­ջին տա­րիներին աղքատության մակարդակը Երևանում գնահատվում է շուրջ 30 տո­կոս, իսկ մարզերում՝ ավելի բարձր:

Հայտնի է, որ աղքատության կրճատման արդյունավետ ուղիներից մեկը փոքր և մի­ջին ձեռնարկատիրությունն է: Այն նպաստում է միջին խավի ձևա­վոր­մանը, սո­ցիա­լա­կան լարվածության թուլացմանը, գործազրկության կրճատ­մանը: Ուստի, սույն աշխա­տան­քում փորձ է արվել մշակել փոքր և մի­ջին ձեռնարկատիրության զարգացման մի­ջո­ցով ՀՀ մարզերում աղքա­տու­թյան կրճատման մի շարք ուղիներ, որոնք ունեն ինչպես մե­թոդական, այնպես էլ գործնական նշանակություն և կարող են կիրառվել ոլորտում իրա­կանացվող պե­տական քաղաքականության մշակման գործընթացներում:


 

Հայաստանի Հանրապետության արտահանման բազմազանեցման և աճի հնարավորությունները |2016|

Սույն հետազոտությունը նվիրված է ՀՀ տնտեսական աճի ներքին գոր­ծոն­նե­րի արդյունավետ օգտագործման միջոցով համաշխարհային առևտրային կա­պերին Հայաստանի մասնակցության առավել օպտիմալ ուղիների ընտ­րու­թյա­նը, արտաքին առևտրից հատույցի մեծացմանը, ներքին շուկան գործ­ըն­կեր երկրների մրցակցությունից հնարավորինս անկորուստ պաշտպանելուն, ար­տահանման բազմազանեցման և աճի գործնական միջոցառումներին ու դրանց արդյունավետության բարձրացմանը:



Սփյուռքի ներդրումները ՀՀ տնտեսության մեջ. զարգացման հեռանկարներ |2015|

Աշխատությունը նվիրված է ՀՀ սոցիալական և տնտեսական զարգացմանը Սփյուռքի կազմակերպությունների և գործարար համայնքի մասնակցությանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների մեջ սփյուռքահայերի ներդրումների գնահատմանը, ինչպես նաև տնտեսության նորամուծական գործընթացներին հայկական սփյուռքի ներգրավվածության մակարդակի բարձրացմանը: Միջազգային փորձի ուսումնասիրության և ՀՀ տնտեսական զարգացման գերակայությունների հիման վրա ներկայացվել է սփյուռքի ներուժի առավել ռացիոնալ օգտագործման և ներդրումների խթանման հիմնական ուղղությունները:



 

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գերակայությունների գնահատումը և կանխատեսումը |2015|

Սցենարային մեթոդների վրա հիմնված էկոնոմետրիկ և դինամիկ ստո­խաստիկ ընդհանուր հավասարակշռության (DSGE) մոդելների կիրա­ռումը հնարավորություն է ընձեռնում ստանալ հիմնավորված սոցիալ-տնտե­սական զարգացման ուղղությունների գնահատականները` հաշվի առնելով ՀՀ տնտե­սությանը բնորոշ ռիսկերը և անորոշությունը: Սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման համար օգտագործվել են արդի տնտեսամա­թեմատիկական մոդելներ, որոնք կարևոր տեղ կունենան տնտեսական կան-խատեսումներում: Ստացված արդյունքները նպաստում են միջնաժամկետ և կարճաժամկետ խնդիրների ու կանխատեսումների համաձայնեցմանը, ինչ-պես նաև նրանց ներկայացմանը զարգացման երկա­րաժամկետ միտումների կանխատեսման հետ որպես մի ամբողջություն:

 


 

ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները մաքսային միության անդամակցության պայմաններում |2015|

Այսօր առավել սուր հնչեղություն են ստանում տնտեսական ու սոցիալական անվտանգության հիմնահարցերը, գլոբալացման ընթացքը հաշվեկշռվում է տարածաշրջանային ինտեգրացիոն միավորների աճող ներգործությամբ, սրվում է արդյունքների նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը:

Ներկայում, ինչպես պետական մարմիններին, այնպես էլ տնտեսագետներին և հասարակության լայն շերտերին հետաքրքրող կարևորագույն հարցերից մեկը Մաքսային միությանն անդամակցության ազդեցությունն է ՀՀ տնտեսության վրա: Հետազոտական աշխատանքում քննարկվում են ՀՀ ներդրումային և հարկային առանձնահատկությունները Մաքսային միությանն անդամակցելու պայմաններում:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալու տնտեսական էֆեկտը հնարավոր չէ միանշանակ գնահատել, կապված այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են սահմանների բացակայությունը ՄՄ անդամ երկրներից որևէ մեկի հետ, արդյունաբերության զարգացման վրա ազդող տնտեսական գործոնները, վերջին տարիներին  ՀՀ արտահանման դինամիկան և կառուցվածքը, ԱՊՀ միջև գործող համաձայնագրերը, և Ռուսաստանի հետ այլ երկկողմ համաձայնագրերը:

Սակայն այսօր ամբողջ աշխարհը մտնում է զանազան ինտեգրացիոն նախագծերի զարգացման փուլ, քանի որ սա է համարվում լիակատար գոյատևման պայմանը ժամանակակից իրականության մեջ, այդպիսին է պետության տնտեսական հաջողության այսօրվա բանաձևը:

 


ՀՀ տարածքային համաչափ զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները |2015|

Հետազոտությունում պարզաբանվել է ՀՀ տնտեսական տարածքների (մար­զե­րի) սոցիալ-տնտեսական անհամաչափության պատճառները, գնահատվել են տարածքների կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը, ապա­կենտրո­նացման մա­կար­դակը, համաշխարհային պրակտիկայում առավել կիրառելի և արդյունավետ տարածքային տնտեսական քաղաքականության փորձի և գործնական արդյունքների ուսումնասիրության հիման վրա մշակվել են առկա անհամաչափություն­ներն ու ան­համամասնությունները մեղմելու կամ չեզոքացնելու գործնական առաջարկներ: Հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել ազգային տնտե­սու­թյան զարգացման հիմնախնդիրներն ուսումնասիրող մասնագետների կողմից, ինչ­պես նաև «Կառավարում» մասնագիտության բակալավրական և մագիստրոսա­կան դաս­ըն­թացներում, ասպիրանտների, մագիստրոսների գիտական աշխատանք­նե­րում:


 

Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գերակայությունները արդի փուլում |2015|

Հետազոտությունում պարզաբանվել է ՀՀ տնտեսական տարածքների (մար­զե­րի) սոցիալ-տնտեսական անհամաչափության պատճառները, գնահատվել են տարածքների կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը, ապա­կենտրո­նացման մա­կար­դակը, համաշխարհային պրակտիկայում առավել կիրառելի և արդյունավետ տարածքային տնտեսական քաղաքականության փորձի և գործնական արդյունքների ուսումնասիրության հիման վրա մշակվել են առկա անհամաչափություն­ներն ու ան­համամասնությունները մեղմելու կամ չեզոքացնելու գործնական առաջարկներ:

Հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել ազգային տնտե­սու­թյան զարգացման հիմնախնդիրներն ուսումնասիրող մասնագետների կողմից, ինչ­պես նաև «Կառավարում» մասնագիտության բակալավրական և մագիստրոսա­կան դաս­ըն­թացներում, ասպիրանտների, մագիստրոսների գիտական աշխատանք­նե­րում:


 

Հայաստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում. տնտեսություն և քաղաքականություն |2015|

Հարավային Կովկասը, որպես Ասիան Եվրոպային կապող բնական դար­պաս, մշտա­­­պես աշ­խար­հի հզոր երկրների ուշադրության կենտրոնում է: Սա ոչ միայն մի աշ­խար­հագրական տարածք է, որ­տեղ բախվում են գեր­տե­րու­թյուն­ների և բուն տա­րա­ծա­շրջա­նում գտնվող երկրների տնտեսական ու ռազ­մա­քաղաքական շահերը, այլև կրո­նա­կան ու մշակութային հա­կա­դրու­թյուն­նե­րի սահմանային գո­տի:

Հետազոտական աշխատանքի շրջանակում ուսումնասիրվել են տա­րա­ծա­շրջա­նում հիմ­­նա­կան խաղացող հանդիսացող երկրների շահերը, բա­ցա­հայտ­վել առկա հա­կա­սու­թյուն­ները, փորձ է արվել գոյություն ունեցող հա­կա­մար­տությունների լուծման ուղ­ղու­թյամբ ներկայացնելու որոշակի առա­ջար­կու­թյուն­ներ: Այս համատեքստում հատկապես կարևոր­վել են այն հիմ­նա­հար­ցե­րը, որոնք վերաբերում են Հայաստանին: Կատարվել են վեր­լուծություններ Հա­­յաստանի ազգային անվտանգության ուղղակի կամ անուղղակի սպառ­­նա­լիք­­ների բացահայտման ուղղությամբ: Ուշադրության է արժանացել Հայաս­տա­նի և նրա ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջև հարա­բե­րու­թյուն­ների ներ­կա վիճակը:

Հետազոտության արդյունքում ներկայացվել են որոշակի առա­ջար­կու­թյուն­ներ:


 

Ֆինանսական շուկաներ  և ծառայություններ  |2014|

«Ֆինանսական շուկաներ և ծառայություններ» հետազոտական ուղղության շրջանակներում առաջադրվել է ՀՀ ֆինանսական շուկայի վրա արտաքին ազդեցության ուղղությունների և ֆինանսական շուկայում ներքին աղբուրների շնորհիվ երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսների ձևավորման ներուժի բացահայտման և գնահատման նպատակը: Հետազոտության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ և ներկայումս գտնվում է ինքնիշխան պարտքի հատվածում, երբ բյուջետային շարունակական դեֆիցիտը կարող է կանգնեցնել պետություններին իրացվելիության խնդրի առջև: Միևնույն ժամանակ, բյուջետային դեֆիցիտի կրճատումը կարող է հանգեցնել տնտեսական աճի դանդաղեցմանը: Հիշյալ նկատառումից ելնելով` հետազոտական նպատակադրման կարևոր ուղղություններից մեկը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների բացահայտումն է, ինչպես նաև ներկայումս ուրվագծվող այն արտաքին գործընթացների մշտադիտարկումը, որոնք կարող են էապես ազդել ՀՀ տնտեսության ֆինանսական հատվածի վրա


Հարկաբյուջետային  քաղաքականությունը և ՀՀ կառուցվածքային  բյուջեի գնահատումը  |2014|

Սույն հետազոտությունը նվիրված է ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության և կառուցվածքային բյուջեի գնահատմանը: Նոր մոտեցումներ է ցուցաբերվել մասնավորապես կա-ռուցվածքային բյուջեի գնահատման մեթոդաբանական հարցերին: ՀՀ կառուցվածքային բյուջեն վերլուծվել է ներուժային ՀՆԱ-ի և ՀՆԱ ճեղքի գնահատման մշակված մոտեցմամբ` կիրառելով տրենդի և տատանումների տարանջատման, արտադրական ֆունկցիայի կառուցման, Հոդրիկի և Պրեսկոտտի (HP- filter) ֆիլտրի, Կալման ֆիլտրի մեթոդները: Իրականացվել է նաև ֆիսկալ քաղաքականության կայունացնող ֆունկցիայի վերլուծություն, որի հիմքում գլխավոր նշանակությունը տրվել է ֆիսկալ ազդակների ցուցանիշին:  Հատուկ ուշադրության է արժանացել ՀՀ-ի համար բիզնեսի ակտիվության փուլերի փոփոխության բացահայտմանն առնչվող խնդիրը: 

Սույն հետազոտությունը նախատեսված է ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության մշակմամբ զբաղվող մասնագետների համար: Այն օգտակար կլինի երիտասարդ հետազոտողների, գիտնականների, մագիստրանտների, ասպիրանտների, դասախոսների, ուսանողների համար


 

Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության հրատապ խնդիրները |2014|

Գրքում ամփոփվում է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 2013 թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին «Ազգային անվտանգութուն հետազոտություններ» ծրագրի ՀՀ պարենային անվտանգության ուսումնասիրությունը: Դիտարկվում է պարենի համաշխարհային շուկայի զարգացումների, գյուղատնտեսության պետական կարգավորման և Մաքսային միությանը անդամակցության ազդեցությունը ՀՀ շուկայի վրա, կարևորվում է պարենային անվտանգության գնահատման մեթոդաբանության կատարելագործման, Հայաստանի և ԼՂՀ պարենային հաշվեկշիռների մոտարկման խնդիրները, առաջարկվում են ագրարային ոլորտի նորմուծական զարգացման ուղիներ: 



 

ՀՀ տնտեսության  տեխնոլոգիական ներուժի  գնահատումը և զարգացման հիմնախնդիրները  |2014|

Գրքում ներկայացվել են Հայաստանի Հնարապետությունում տեխնոլոգիական զարգացման, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնախնդիրների շուրջ կատարված հետազոտությունների արդյունքները: Տնտեսական համակարգում տեխնոլոգիական զարգացման ազդեցությունների ուսումնասիրության նպատակով համապատասխան երկրների հետ համեմատական վերլուծության միջոցով կատարվել է ՀՀ միջազգային դիրքի (մասնավորապես ԱՊՀ տարածքում) համակողմանի բնութագրում: Ոլորտի առկա իրավիճակի հնարավորինս ամբողջական պատկերի ստացման նպատակով հետազոտություններն իրականացվել են պաշտոնական վիճակագրության և միջազգային չափանիշների, դասակարգումների ու գնահատականների հիման վրա: Բացահայտվել են նաև քանակական փոխկապակցվածությունները ՀՀ գիտատեխնիկական առաջընթացի և տնտեսական զարգացման միջև, բնորոշվել են դրանց բնութագրող առանցքային ցուցանիշները: Ուսումնասիրությունները թույլ են տվել բացահայտել ՀՀ տեխնոլոգիական ոլորտի ներկա վիճակը, ուժեղ և թույլ կողմերը, տնտեսական աճի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող տեխնոլոգիական ցուցանիշները, ազդեցության բնույթը և ուժը, մատնանշել զարգացման համար առավել նպատակահարմար ուղղությունները, որոնց բարելավումը կարող է բերել նշանակալի տնտեսական աճի: Աշխատանքը պարունակում է ուսումնասիրությունների վրա հիմնված ռազմավարական բնույթի առաջարկություններ: 

Գիրքը կարող է օգտակար լինել տնտեսության զարգացման և ոլորտի հիմնահարցերով զբաղվող մասնագետների, գիտաշխատողների, ասպիրանտների, ուսանողների ինչպես նաև ոլորտի կառավարման խնդիրներով զբաղվող տնտեսական քաղաքականություն մշակողների լայն շրջանակի համար:


Տարածական զարգացում  |2014|

ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի «Տարածական զարգացում» hետազոտական ուղղության խմբի գիտական զեկույցում գնահատվել են ՀՀ-ում տարածական զարգացման հնարավորությունները և բացահայտվել դրանց իրականացման հիմնական ուղղությունները: Մշակվել են ՀՀ տարածական զարգացման հայեցակարգային հիմնադրույթները, վերլուծվել քաղաքների զարգացման բազմաթիվ մոդելներ, ուսումնասիրվել են տարածական զարգացման միջազգային փորձը և դրա կիրառման հնարավորությունները ՀՀ-ում: Կատարվել են ՀՀ մարզերի և համայնքների տնտեսական ռեսուրսների հետազոտություն և տարածքներում կրեատիվ արդյունաբերոթյան զարգացման վերլուծություն: Հաշվարկվել է ՀՀ մարզերի տնտեսական զարգացման համաթիվը: Վերլուծվել են նաև Եղեգնաձոր քաղաքում նոր արժեշղթաների ձևավորման և Վայոց Ձորի մարզում գինեգործության կլաստերի զարգացման հնարավորությունները: 

Գիտական զեկույցը նախատեսված է դասախոսների, գիտաշխատողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների և ուսանողների համար:


Տնտեսական զարգացում  |2014|

Աշխատանքում ներկայացված են տնտեսական զարգացման հայեցակարգային ընկալումները, զարգացմանը միտված մակրոտնտեսական քաղաքականության, կայուն զարգացման ինովացիոն բաղկացուցիչի արդունավետության, տնտեսական զարգացման և քաղաքական կայունության փոխառնչության, ՀՀ տնտեսությունում ներդրումներից ակնկալվող վերադարձի հիմնախնդիրները, ՀՀ տնտեսական զարգացումը ինտեգրման համատեքստում: Նախատեսված է այդ հարցերով զբաղվող մասնագետների, ուսանողների, ասպիրանտների, դասախոսների համար:



Մակրոտնտեսական վերլուծություն, մոդելավորում  և  կանխատեսում  |2014|

Աշխատանքում համակարգված տեսքով ներկայացված են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը և զարգացման միտումները: Վերլուծված է ՀՆԱ-ի և արտադրության ծավալների դինամիկան ըստ ոլորտների, ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները և հնարավոր ռիսկերը: Հետազոտված է ՀՀ տնտեսական աճի վրա ներքին տնտեսական գործոնների ազդեցությունը: Ձևակերպված է համապատասխան էկոնոմետրիկ մոդել: Գնահատված է համախառն կապիտալի, մարդկային կապիտալի, աշխատուժի աճի տեմպի ազդեցությունը տնտեսական աճի տեմպի վրա: 
Հետազոտությունը կարող է օգտագործվել մակրոտնտեսական իրավիճակը և դինամիկան համակողմանի վերլուծելու համար և ՀՆԱ-ի աճի վրա տարբեր գործոնների ազդեցության գնահատման համար: