Էջեր

Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի մասին նոր գրքի շնորհանդեսը

17 Դեկտեմբեր 2011

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ «Առաջնորդման մեթոդաբանությունը` ըստ Գարեգին Նժդեհի» գրքի շնորհանդեսը։ Ինչպես հայտնում են Հայաստանի երիտասադրական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, գիրքը տպագրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ «Առաջնորդման մեթոդաբանությունը՝ ըստ Գարեգին Նժդեհի» գրքի հեղինակը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ, փիլիսոփայության դոկտոր Վալերի Միրզոյանն է: Ժողովածուում շարադրվում և մեկնաբանվում է քաղաքական, ռազմական, պետական գործիչ Գարեգին Նժդեհի հայեցակարգն առաջնորդման էության, առաջնորդի բնութագրի, իրավունքների և պարտականությունների, առաջնորդման մեթոդների մասին:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, շնորհավորելով բուհի ուսնողներին և պրոֆեսորադասախոսական կազմին գրքի տպագրման առթիվ, ընդգծեց, որ այն ընթերցելիս յուրաքանչյուր ոք շատ բան կունենա մտորելու, շատ հարցեր կունենա ինքն իրեն տալու։ Արտակ Դավթյանը ցանկացավ ներկաներին, որպեսզի ընթերցելով գիրքը՝ կարողանանք վերագտնել իրական արժեքները և փորձենք կյանքում ապրել ու առաջնորդվել այդ իրական արժեքներով։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը համոզմունք հայտնեց, որ «Առաջնորդման մեթոդաբանությունը՝ ըստ Գարեգին Նժդեհի» գիրքը շատ լավ ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդում են մարդկանց՝ լինեն նրանք ուսանողական ինքնակառավարման մարմիններում ընդգրկված երիտասարդներ, թե կառավարման մարմիններում ներգրավված անձինք։ Ըստ պատգամավորի՝ գիրքն ուսուցողական է։ Այն նաև հնարավորություն է տալիս ավելի մեծ լսարանի հաղորդակից դարձնել մեծ հայրենասեր Գարեգին Նժդեհի ուսմունքին։

Գրքի հեղինակ Վալերի Միրզոյանը նշում է, որ Նժդեհի տեսական ժառանգությունը մտքի ու հույզի գերագույն մի խտացում է։ Դրա մի շյուղն անգամ ունակ է արթնացնելու հայ մարդուն, տոգորելու ազգային ու անձնային հպարտությամբ, դարձնելու անպարտելի։ Նա իր խոսքում նշեց, որ բացի ուսանողներից, գիրքը հասցեագրված է նաև փիլիսոփաներին, կառավարման տեսաբաններին, քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին, ձեռներեցներին, բոլոր այն անձանց, ովքեր գործ ունեն մարդկանց կառավարման խնդիրների հետ: Այն կարող է գործածվել նաև նժդեհագիտության հետագա հետազոտություններում, որպես մեթոդաբանական ձեռնարկ բուհական մի շարք դասընթացներում։

Tert.am