Էջեր

ՍՈՒՎԱՐՅԱՆ ՅՈՒՐԻ ՄԻՔԱՅԵԼԻ

24 Սեպտեմբեր 2012

Ծնվել է 1943-ի մայիսի 25-ին ԼՂ Սղնախ գյուղում: 1960-ին ավարտել է Ավետարանոց գյուղի միջնակարգ դպրոցը, 1965-ին` Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 1968-ին` ասպիրանտուրան: 1970-ին պաշտպանել է թեկնածուական («Աշխատանքի արտադրողականության և աշխատավարձի աճի տեմպերի հարաբերակցությունը»), իսկ 1983-ին` դոկտորական («Ամբողջական աշխատանքի արտադրողականությունը Հայաստանի արդյունաբերության մեջ») ատենախոսությունները: 1984-ին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 2006-ին ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2010-ին` ՀՀ ԳԱԱ իսկական անդամ: 1987-1994-ին Յու. Սուվարյանը եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահի տեղակալ: 1991-1992-ին համատեղությամբ աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական: 1994-ից ԵՊՏԻ կառավարման ամբիոնի վարիչն է, 2006-2011` ՀՊՏՀ ռեկտորը: 2012-ից ՀՊՏՀ ռեկտորի խորհրդականն է:

Հրատարակել է ավելի քան 220 գիտական աշխատություն, այդ թվում` 30 մենագրություն տնտեսագիտության ու կառավարման հիմնարար խնդիրների վերաբերյալ: Դրանցից են`«Աշխատանքի արտադրողականության բարձրացման նյութական խթանումը արդյունաբերության մեջ» (Եր., 1976), «Աշխատանքի արտադրողականությունը և արտադրության արդյունավետությունը» (Եր., 1976), «Հասարակական աշխատանքի արտադրողականությունը. չափումը, վերլուծությունը, խթանումը» (Եր., 1980, ռուսերեն), «Աշխատանքի արտադրողականության աճի կառավարումը արդյունաբերությունում» (Եր., 1987, ռուսերեն), «Աշխատանքի արտադրողականությունը. տարածաշրջանային հիմնախնդիրներ» (համահեղինակությամբ, Մոսկվա, 1988), «Էկոնոմիկայի ինտենսիվացման տնտեսական մեխանիզմը» (Եր., 1990), «Ռազմավարական կառավարում. մեթոդաբանությունը և արդի հիմնախնդիրները» (Եր., 1996), «Հանրային կառավարման տեսության և պատմության ուրվագծեր» (Եր., 2004), «Գիտակրթական համակարգը և տնտեսական զարգացումը» (համահեղինակությամբ, Եր., 2011) և այլն:

Յու. Սուվարյանի ընդհանուր խմբագրմամբ և համահեղինակությամբ հրատարակվել են «Մենեջմենթ» հայերեն բնագիր բուհական առաջին դասագիրքը (Եր., 1999, 2002, 2009), «Հայ կառավարչական մտքի պատմության ուրվագծեր» (Եր., 2005)` տվյալ ասպարեզին վերաբերող առաջին մեծածավալ հետազոտությունը:

Նրա գիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ տնտեսագիտության դոկտորի և թեկնածուի աստիճաններ են ստացել յոթանասունից ավելի ասպիրանտ ու հայցորդ:

ՀՊՏՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է, Մենեջմենթի հայկական ընկերակցության նախագահը, Հայերենի բարձրագույն խորհրդի անդամ, տնտեսագիտական եզրաբանության ճյուղային հանձնաժողովի նախագահը, եղել է  «Բանբեր ՀՊՏՀ» տեսական հանդեսի գլխավոր խմբագիրը:

Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» (2000), ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» (2007), Միջազգային փիլիսոփայական ակադեմիայի «Դավիթ Անհաղթ» (2010), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի» (2011) մեդալներով: