Էջեր

«Սոցիալական հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիա

07 Նոյեմբեր 2017

Սոցիալական հետազոտությունների լաբորատորիան ՀՊՏՀ գիտաուսումնական գործընթացին աջակցող՝ Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանում է:

Լաբորատորիան միավորում է հետազոտական ընդհանուր հետաքրքրություններով, ստեղծագործական մտածելակեպով օժտված, սովորելու և սեփական փորձով կիսվելու պատրաստ համախոհների: Լաբորատորիան ազատ ստեղծագործական և հետազոտական միջավայր է, որտեղ կիրառական և տեսական ուղղվածությամբ նախագծերի շուրջ կարող են համագործակցել պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, անկախ հետազոտողները, գիտաշխատողները, ասպիրանտները և  ուսանողները:

Լաբորատորիան, ստեղծելով համատեղ նախագծերի իրականացման համար համապատասխան միջավայր, կոչված է ձևավորելու փոխհամագործակցության մշակույթ՝ հետազոտական փորձով կիսվելու և ստեղծագործական նախաձեռնություններով հանդես գալու ասպարեզներում:

Լաբորատորիայի նպատակն է խթանել սոցիալ-տնտեսական ուղղվածությամբ որակյալ հետազոտությունները և գիտական նախագծերը, աջակցել ուսումնական գործընթացում դրանց արդյունքների ներդրմանը, նպաստել հետազոտական կարողությունների բարելավմանը, երիտասարդ մասնագետների մուտքին հետազոտական հանրություն, ձևավորել փոխհամագործակցության մշակույթ:

Ըստ այդմ, Սոցիալական հետազոտությունների լաբորատորիայի գործառույթների շրջանակում են.

  • սոցիալ-տնտեսական ուղղվածությամբ կիրառական և տեսական նշանակություն ունեցող հետազոտությունների և գիտական նախագծերի մշակումն ու իրականացումը,
  • հետազոտական կարողությունների և փորձի գենեռացումը և փոխանակումը,
  • թրեյնինգի և մենթորինգի մշակույթի ձևավորումը,
  • նորարարական մեթոդների և տեսությունների ներդրումը ՀՊՏՀ դասավանդման պրակտիկա՝ համապատասխան մոդուլների և մեթոդական ուղեցույցների մշակման և փորձարկման միջոցով,
  • տեղեկատվական և վիճակագրական բազաների ստեղծումը և հանրայնացումը:

Մեզ համար կարևոր է աջակցել երիտասարդ մասնագետների, մագիստրոսների հետազոտական կարողությունների ընդլայնմանը, զինել անհրաժեշտ հետազոտական փորձով՝ դրանով նպաստել աշխատաշուկայում մեր բուհի շրջանավարտների հարաբերական առավելությունների ձևավորմանը:

Լաբորատորիայի հետազոտա­կան հիմնական ուղղություններն են.

-         Սոցիալական ոլորտի զարգացումներ

-         Աղքատության և անհավասարության հիմնախնդիրներ

-         Սպառողի վարքագծի և սպառողական շուկաների վերլուծություններ

-         Աշխատաշուկայի և զբաղվածության խնդիրներ

-         Միգրացիան և տնտեսական հետևանքներ

-         Արտաքին առևտուր 

-         Մարդկային կապիտալ

-         Սոցիալ-տնտեսական իրավիճակի և քաղաքականությունների վերլուծությունները

-         Մարզային սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները:

Ներկայումս ընթացքի մեջ են հետևյալ աշխատանքները

-         Ոuսումնամեթոդական մոդուլների մշակում և փորձարկում

-         Քաղաքականության փաստաթղթերի ուսումասիրություն և քննարկում  

-         Աղքատության վրա տնտեսական աճի և անհավասարության ազդեցության գնահատում հետազոտական  նախագծի նախապատրաստում

-         Գնաճի սոցիալական ազդեցության գնահատում հետազոտական նախագծի  իրականացում:

ՀՊՏՀ Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի Տնտեսամաթեմա­տիկական մեթոդների ամբիոնի հետ սերտ համագործակցության արդյունքում ընտրվել և հաստատվել են լաբորատորիայի հետազոտական ուղղություններից բխող ավարտական աշխատանքների թեմաներ, իսկ համապատասխան ուսանողներին հնարավորություն է ընձեռնվել իրենց ուսումնաարտադրական փորձառությունն անցկացնել լաբորատորիայում:

Լաբորատորիայի աշխատանքի արդյունքներն ամփոփվում են տպագիր և էլեկտրոնային հրապարակումների տեսքով՝ լաբորատորիայի կայք էջում: Նախագծերի միջանկյալ և վերջնական արդյունքներն ամփոփվում են հետազոտական սեմինարներում: Առանձին թեմաների շուրջ նախատեսվում են կլոր-սեղանի ձևաչափով քննարկումներ: Հետազատական կարողությունների զարգացման, նորարարական մեթոդների և հետազոտությունների արդյունքների ներդրումը բուհի դասավանդման պրակտիկա ապահովելու տեսանկյունից լաբորատորիան մշակում է համապատասխան մոդուլներ և մեթոդական ուղեցույցներ և համապատասխան փորձարկումից հետո աջակցում է դրանց ներդրմանը:  

Լաբորատորիան բաց է համագործակցության համար այն անձանց և կազմակերպությունների հետ, որոնք կարևորում են հետազոտության որակը և արդիականությունը: Մեր կարևոր գործընկերներն են ՀՊՏՀ գիտաուսումնական լաբորատորիաները: Պայմանավորված հետազոտական հիմնական ուղղություններով գործընկերների շրջանակը կընդգրկի շահառու պետական և մասնավոր կառույցներ, Հայաստանի և արտերկրի հետազոտական ինստիտուտներ, գիտահետազոտական լաբորատորիաներ, քաղաքականություն մշակող և իրականացնող կառույցներ, ուսուցման կենտրոններ և այլն: