Էջեր

Ուսման հրավեր

30 Մարտ 2016

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը տրամադրել է «ՄԻՖԻ» ՌԴ Ազգային հետազոտական միջուկային համալսարանի Ֆինանսական և տնտեսական անվտանգության ինստիտուտի և ՀՀ ԿԲ միջև առկա համագործակցության, հնարավոր հեռանկարների վերաբերյալ տեղեկանք, որը ներկայացնում ենք ստորև. 

2010թ. ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ), ՌԴ Ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության (Ռոսֆինմոնիտորինգ) և վերջինիս կազմում գործող Ֆինանսական մոնիտորինգի միջազգային ուսումնամեթոդական կենտրոնի (ՌԴ ուսումնամեթոդական կենտրոն) միջև կնքվել է ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ազգային համակարգի համար կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

Համաձայնագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի ՀՀ քաղաքացիների համար սահմանվում է ընթացիկ ուսումնական տարվա ընդունելության քվոտա ՌԴ Ազգային հետազոտական միջուկային համալսարանի Ֆինանսական և տնտեսական անվտանգության ինստիտուտում (ՄԻՖԻ) (Институт финансовой и экономической безопасности Национального исследовательского ядерного университета «МИФИ» www.mephi.ru) «Ֆինանսական և տնտեսական կառույցների տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ ուսում ստանալու նպատակով: Ուսումը իրականացվում է ՌԴ ուսումնամեթոդական կենտրոնի հաշվին: Միաժամանակ, ուսանողներին հատկացվում է նաև անվճար բնակության վայր (հանրակացարան): 2016թ-ի համար սահմանվել է 10 ուսանողի համար քվոտա:

Դիմորդները հանձնում են 3 գրավոր քննություն. մաթեմատիկա, ֆիզիկա, ռուսերեն լեզու առարկաներից: Գրավոր քննությունը հաջողությամբ հանձնած դիմորդների ընդունելության հարցը որոշվում է ՄԻՖԻ կողմից՝ մրցութային հիմունքներով, սահմանված քվոտայի շրջանակներում՝ ելնելով քննությունների արդյունքում ստացած ընդհանուր միավորից:

Ներկայումս ստացվել է առաջարկություն ավելի խորացնել համագործակցության ուղղությունները ՀՀ-ի հետ, և նշվել է, որ Համալսարանը պատրաստ է կրթության և գիտության ոլորտներում համագործակցել տնտեսագիտական ուղղվածությամբ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր, հետազոտական աշխատանքներ, փորձի փոխանակում, ուսանողների և դասախոսական կազմի փոխանակում, տրամադրելով կրկնակի դիպլոմներ, կազմակերպելով համաժողովներ, սեմինարներ և այլ գիտագործնական միջոցառումներ, տրամադրելով մեթոդական աջակցություն և խորհրդատվություն: Համագործակցության ուղղությունները և ձևաչափը կարող են սահմանվել ԲՈՒՀ-ի և Համալսարանի միջև փոխադարձ համաձայնությամբ: Հետաքրքրության դեպքում ՖԴԿ-ն կարող է հանդիսանալ միջնորդ ՀՀ ԲՈՒՀ-երի և Համալսարանի միջև: