Էջեր

Նշվեց «Էկոնոմ պլյուս» ամսագրի 10-ամյակը

17 Դեկտեմբեր 2011

Նոյեմբերի 21-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և բուհի ուսխորհուրդը կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված ՀՊՏՀ ուսանողական խորհրդի «Էկոնոմ պլյուս» ամսագրի 10-ամյակին։

Ինչպես նշեց ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Բեջանյանը, թեև մեր օրերում լրատվության պակաս չկա, այնուամենայնիվ, ուսանողական մամուլ չունենալը հավասարազոր է լիարժեք ուսանողական մարմին չունենալուն։ «Ուսանողական մամուլի միջոցով բարձրաձայնվում են ուսանողներին հուզող խնդիրները, ինչպես նաև հրապարակվում է երիտասարդին անհրաժեշտ տեղեկությունը։ Պարբերականում բարձրաձայնվում է բուհում առկա խնդիրների մասին՝ միաժամանակ նշելով դրանց լուծման ուղիները»,- ասաց ամսագրի գլխավոր խմբագիրը՝ տեղեկացնելով, որ պարբերականի էջերում տեղ են գտնում նաև բազմաթիվ սուր հրապարակումներ։

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը ընդգծեց, որ 21-րդ դարում գիտելիքն է լավագույն ապագա կերտելու գրավականը։ Եվ այդ գործում իր ուրույն տեղը պետք է ունենա նաև «Էկոնոմ պլյուսը»՝ որպես ուսանողների ուղեկից, խորհրդատու և լավ բարեկամ։

Նշենք, որ 10 տարիների ընթացքում տպագրվել է «Էկոնոմ պլյուսի» 60 համար՝ 90000 տպաքանակով։ «Էկոնոմ պլյուս» պարբերականն այսօր լույս է ընծայվում 1500 տպաքանակով, բաղկացած է 16 էջից: 

Աղբյուր` Panorama.am