Էջեր

Մենք ներդնում ենք ճկուն համակարգ. ավարտվեց առաջին կուրսեցիների հետ ռեկտոր Կորյուն Աթոյանի հանդիպումների շարքը

09 Սեպտեմբեր 2013

Զեյթունում գտնվող ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ հանդիպմամբ այսօր ավարտվեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հանդիպումների շարքը, որի նպատակը առաջին կուրսեցիներին այս ուսումնական տարվանից հենց իրենց համար ներդրված սոցիալական փաթեթը ներկայացնելն էր: Հանդիպմանը որպես կազմակերպիչներ մասնակցում էին ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

 

 

 

Խոսքի սկզբում համալսարանի ղեկավարը ներկայացրեց բուհում վերջին տարիներին իրականացված լայնածավալ ծրագրերը՝ միտված բուհական միջավայրի բարեկարգմանը, կրթության որակի բարելավմանը, հետազոտական աշխատանքների զարգացմանը, համալսարանի միջազգայնացմանը, ապա անդրադարձավ ուսման վարձավճարների բարձրացմանը և այդ համատեքստում այս տարվանից հատուկ առաջին կուրսեցիների համար մշակված և գործողության մեջ դրված սոցիալական ծրագիրը:

«Մենք դեռ գարնանը որոշեցինք և գիտխորհրդում հաստատեցինք նոր կանոնակարգ, որը հնարավորություն է տալիս մեզ` կրթաթոշակներ տրամադրել լավ սովորող (մոգը սկսած 70,1-ից) ուսանողներին: Կրթաթոշակները տրամադրվելու են երկրորդ կիսամյակից՝ հաշվի առնելով ուսման առաջադիմությունը, բայց տրվելու են ամբողջ տարվա համար: Միաժամանակ պահպանելու ենք նախկինում գործող զեղչի համակարգը: Մեր այս համակարգը բավական ճկուն է և հնարավորություն է տալու հատկացնել նաև անհատական անվանական կրթաթոշակներ, որոշակի լուծումներ գտնել ուսման վարձերի վճարման առանձին դեպքերի համար:

Բացի այդ, ցանկանում եմ նշել, որ այս համակարգով մենք ցանկանում ենք ոչ միայն թոթափել ուսանողների սոցիալական խնդիրների բեռը, այլև խրախուսել լավ սովորողներին՝ դրանով բարելավելով կրթության որակը»,- հայտարարեց Կորյուն Աթոյանը՝ կոչ անելով այսօրվանից սկսած դիմել դեկանատներ և դիմումներ գրել՝ թե հանրակացարանից օգտվելու, թե կրթաթոշակների ցուցակներում ընդգրկվելու համար:

Այս թեմայով մանրամասներին, ինչպես նաև կանոնակարգին ծանոթանալու համար այցելելք ՀՊՏՀ պաշտոնական կայք՝ asue.am հասցեով:

Համալսարանի ղեկավարը նշեց նաև, որ համալսարանի ճաշարանն ուսանողներին սպասարկում է նվազագույն գներով, ուսանողների ամառային հանգստի կազմակերպման համար գործում է բուհի «Տնտեսագետ» մարզաառողջարանը, որտեղ անվճար հանգստանում են մի քանի տասնյակ ուսանողներ, նորաստեղծ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատանքներում ընդգրկվում և աշխատավարձ են ստանում բարձր կուրսերի ուսանողները, բոլոր լավ սովորող երեխաներին աշխատանքի տեղավորելու համար բուհը գործատուների հետ պայմանագրեր է կնքել: «Պետական տարբեր գերատեսչություններից այսօր հետաքրքրվում են մեր լավ կադրերով, վերցնում նրանց աշխատանքի և գոհունակություն արտահայտում մեր պատրաստած բարձրորակ կադրերի մասին: Այնպես որ՝ ձեզ միայն մեկ բան է պետք անել՝ լավ սովորել, իսկ մնացած խնդիրները կլուծի համալսարանի ղեկավարությունը»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորը:

Վերջում նա պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք ավելի շատ վերաբերում էին ուսումնառության գործընթացին, քան ուսման վարձերին կամ սոցիալական խնդիրներին: Ռեկտորը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, նրանց հրավիրեց համագործակցության և բոլոր խնդիրները քննարկելու պատրաստակամություն հայտնեց:

 

Ռեկտորի հանդիպումները բոլոր ֆակուլտետների ուսանողների հետ

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին