Էջեր

Մաքսային և հարկային մասնագիտացված լսարաններ՝ ՀՊՏՀ մագիստրոսների համար

13 Ապրիլ 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը այսօր կատարել են ֆինանսական ֆակուլտետում ՀՀ ՊԵԿ հովանավորությամբ հիմնանորոգված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած հարկային և մաքսային մասնագիտացված երեք լսարանների բացումը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որտեղից հայտնում են նաև, որ այս իրադարձությունն ուղղակիորեն ածանցվում է 2011 թ. սեպտեմբերի 7-ին վավերացված ՀՊՏՀ-ՊԵԿ համագործակցության պայմանագրից, համաձայն որի՝ նոր ուսումնական տարվանից ՀՊՏՀ-ում սկիզբ է դրվում աննախադեպ մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման:

«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև անցած տարվա սեպտեմբերին ստորագրված համագործակցության պայմանագիրը հաջողությամբ կյանքի է կոչվում։ Արդեն այս ուսումնական տարվանից մեր բուհում կիրականացվի հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացմամբ պիլոտային մագիստրոսական ծրագիր: Հենց այս համագործակցության շրջանակներում է նաև, որ Պետական եկամուտների կոմիտեի աջակցության շնորհիվ այսօր մեր բուհում բացվեցին արդի պահանջներին համապատասխան նորոգված և ժամանակակից տեխնիկայով հագեցած 3 հրաշալի լսարաններ։ Վստահ եմ, որ այս լսարանները նո´ր որակ, նո´ր շունչ և նո´ր լիցքեր կհաղորդեն ուսումնական գործընթացին»,– հայտարարել է ռեկտոր Կորյուն Աթոյանը։

Անդրադառնալով ՀՊՏՀ–ի և Պետեկամուտների կոմիտեի միջև ստեղծված համագործակցությանը` ռեկտորը նշել է. «Մեր համալսարանում սկիզբ առած բարեփոխումները ոչ թե նպատակ են, այլ միջոց՝ ուղղված կրթության որակի բարձրացմանը և արդի տնտեսության պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստմանը, իսկ բարձրակարգ տնտեսագետը տեսնում է ոչ միայն ներկան, այլև կանխատեսում ու կերտում է երկրի ապագան»։

Ի նշան երախտագիտության՝ համատեղ կրթական ծրագրերի իրականացման և ՀՊՏՀ–ին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ցուցաբերած նյութատեխնիկական աջակցության համար ՀՊՏՀ ռեկտորատի նիստի որոշմամբ ՊԵԿ նախագահին շնորհվել է «ՀՊՏՀ բարեկամ» պատվավոր կոչում։ Բացի այդ՝ Կորյուն Աթոյանը ՊԵԿ նախագահին կրթությունը, գիտությունը, ինտելեկտը խորհրդանշող հուշանվեր է նվիրել։ Պետեկամուտների կոմիտեի հետ համատեղ ծրագրերն իրականություն դարձնելու գործում գործուն ներգրավվածության համար ռեկտոր Կորյուն Աթոյանը հուշանվեր է հանձնել նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին։

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին, ընդգծել է ծրագրի կարևորությունն իրենց համակարգի համար։ Նրա խոսքով՝ ՀՊՏՀ–ի հետ իրականացվող կրթական ծրագիրը նոր ֆորմատ է, որը ենթադրում է բակալավրիատից հետո լավ կադրերին շատ խիստ պայմաններով մագիստրատուրա ընդունել՝ հարկային, մաքսային վարչարարություն և վերլուծական կարողություններ մասնագիտացումներով։ Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ իրենց համակարգին շատ կադրեր են պետք, որոնց պատրաստման համար ևս նախատեսվում է շարունակել բուհի հետ համագործակցությունը։

«Մենք համոզված ենք, որ այս կրթական ծրագրերը լուրջ էֆեկտ են տալու և երկու տարի հետո մենք լուրջ կադրային ռեզերվ ենք ստեղծելու»,– ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահը՝ ավելացվելով, որ նորաբաց լսարաններում պետք է լավ կադրեր պատրաստվեն։ «Ես կարծում եմ, որ մենք շատ լավ գործ ենք սկսել և կուրախանանք, եթե մենք առաջին շրջանավարտներն ունենանք մեր համակարգ»,– ընդգծել է Գագիկ Խաչատրյանը։

Tert.am