Էջեր

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՇԱՎԱՐՇ ՍԵԴՐԱԿԻ

24 Սեպտեմբեր 2012

Ծնվել է 1930-ի հունիսի 16-ին Տավուշի մարզի Սևքար գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի վիճակագրության տեխնիկումում: 1950-ին ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ, այնուհետև` ասպիրանտուրա: 1961-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

Շ. Մարգարյանի ղեկավարությամբ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում կազմվել են առաջին միջճյուղային հաշվեկշիռները: Այդ աշխատանքի մեթոդաբանությունն ու փորձը, որ հավանության են արժանացել ԽՍՀՄ ԿՎՎ-ի կողմից և երաշխավորվել մյուս հանրապետություններում ևս կիրառելու համար, տեսական և գործնական համակողմանի հիմնավորումներով ամփոփվեցին նրա դոկտորական ատենախոսության մեջ:

1959-1974-ին նա Տնտեսագիտության ինստիտուտում զբաղեցրել է գիտական քարտուղարի, այնուհետև` քաղաքատնտեսության բաժնի վարիչի պաշտոնը: 1974-1979-ին աշխատել է ԵրՊԻ քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ, իսկ 1979-1984-ին`  ԵԺՏԻ ռեկտոր: 1990-ից մինչև կյանքի վերջը ղեկավարել է ԵՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոնը, ապա` Իջևանի մասնաճյուղը:

Հեղինակ է շուրջ 80 գիտական ուսումնասիրության, այդ թվում` 7 մենագրության, որոնցից են`«Հայկական ՍՍՀ մեքենաշինության մասնագիտացումն ու կոոպերացումը» (Եր., 1961), «Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության միջճյուղային կապերը» (Եր., 1970), «Զարգացած սոցիալիզմի ընդլայնված վերարտադրության բնորոշ գծերը» (Եր., 1979):

Զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում (ԳՖՀ, Իսպանիա, Հունաստան, Սիրիա, ՌԴ և այլն):

Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ են պաշտպանել շուրջ երկու տասնյակ ասպիրանտ ու հայցորդ:

Պարգևատրվել է Աշխատանքային փառքի մեդալով, ՀԽՍՀ ԳԽ պատվոգրով:

Մահացել է 2000-ի հոկտեմբերի 14-ին Իջևանում: