Էջեր

ՀՊՏՀ պաշտոնական կայքը վերակառուցվել և նորացվել է. առաջին այցելուն ՀՊՏՀ ռեկտորն է

14 Փետրվար 2017


Սիրելի այցելուներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կայքն այսօրվանից Ձեզ է ներկայանում նորովի: Պահպանելով համալսարանի բրենդային գույները՝  կայքն ամբողջությամբ վերակառուցվել է: Նոր կայքի առաջին այցելուն ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն է:

Կայքը սկսվում է մեծ բաներներով, որոնք առաջին իսկ պահից ընթերցողի ուշադրությունն են հրավիրում բուհական կարևոր իրադարձությունների, ինչպես նաև համալսարանի մասին անհրաժեշտ տեղեկատվության վրա: Առանձին պորտալի է վերածվել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի էջը, որը գործում է առանձին կայքի սկզբունքով՝ իր առանձին բաներներով, խորագրերով ու բաժիններով: ՀՊՏՀ կայքի գլխավոր էջում ավելացվել են փոքր բաներները՝ 3-ից դառնալով 6-ը: Դրանք ներկայացնում  են «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, համալսարանի գրադարանը, որը տանում է էլեկտրոնային գրադարանի կայք, միջազգային համագործակցությունն ու ծրագրերը, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը, կրթությունն ու կարիերան և մեդիա բաժինները: Հիմնովին թարմացվել են բոլոր էջերն ու խորագրերը, բոլոր վարչական ու ուսումնական ստորաբաժանումները,  դրանցում առկա տեղեկատվությունը, դասախոսական կազմի կենսագրականները, վերանայվել ու լրացվել է անհրաժեշտ տեղեկատվությունը, թարմացվել է փաստաթղթերի բաժինը՝ ներկայացվել են ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ  կարգերն ու կանոնակարգերը: Առաջիկայում կայքը կհարստացվի ոչ միայն ուսանողներին, այլև դիմորդներին հետաքրքրող տեղեկատվությամբ. խոսքը մասնագիտական կրթական ծրագրերի, դրանց նկարագրերի, վերջնարդյունքների ու կարևոր այլ տեղեկատվության մասին է:

Վերակառուցվել են մեր կայքի ամենաակտիվ և ամենաշատ այցելուներ ունեցող բաժինները՝ «Նորություններն» ու «Հայտարարությունները»: Դրանք ներկայացվում են նոր ձևավորմամբ և տեխնիկական լուծումներով՝ հնարավորություն տալով «էջը թերթելով» տեսնել միանգամից մի քանի տասնյակ նորություններ՝ ի տարբերություն նախորդ կայքի, երբ գլխավոր էջում երևում էին 4 նորություններ: Նույն հնարավորությունն ունի նաև «Հայտարարությունների» բաժինը: Նորությունների վերջում տեխնիկական նոր լուծումը թույլ է տալիս իմանալ, թե քանի անգամ են դրանք դիտվել: Նորամուծություն է կայքում նորությունների արխիվի ստեղծումը, որը, ինչպես նախորդ տարիների փորձն է հուշում, բավական օգտակար և անհրաժեշտ գործառույթ է: Այն ներկայացված է օրացույցի ձևով: Կայքում ստեղծվել է նաև էլեկտրոնային հեռախոսագիրք, որը հնարավորություն կտա մեր կայքի հազարավոր այցելուներին շատ արագ գտնել համալսարանի ղեկավար կազմի և հիմնական ստորաբաժանումների, ինչպես նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի և մասնաճյուղերի պատասխանատուների հեռախոսահամարները:

Կայքի համար արվել է նոր ֆոտոնկարահանում, փոխվել ու թարմացվել են բոլոր խորագրերի լուսանկարները: ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջը շարունակում է կցված մնալ կայքին. սոցիալական ցանցի հանրահայտ տարբերանշանը կայքի վերևում է՝ ՀՊՏՀ յութուբյան էջի տարբերանշանի և նամականու կողքին: Ի դեպ, վերջինը հնարավորություն է տալիս ՀՊՏՀ ստորաբաժանումներին անմիջապես մուտք գործել  սեփական էլ.փոստի ծառայություն:

Կայքի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2016թ. տարեվերջից: Ստանալով համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի հավանությունն ու համաձայնությունը՝ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործուն աջակցությամբ սկսեց կայքի վերափոխման գործընթացը:

«Նախորդ 5 տարիներին մեր համալսարանում կատարվել են հիմնարար բարեփոխումներ՝ բուհի գործունեության տարբեր ուղղություններով: Մեր փոփոխությունների համատեքստում էր նաև լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ստեղծումը, ինչի նպատակը համալսարանի աշխատանքը թափանցիկ, հաշվետու ձևով հանրայնացնելն էր: Կարծում եմ, մենք մեր առջև դրված խնդիրը լավագույնս ենք լուծել, այսօր մեր ծրագրերի, համալսարանի բարեփոխումների ու ձեռքբերումների մասին հանրային տեղեկացվածության աստիճանը բավական բարձր է: Ուստի պատահական չէ, որ դրական վերաբերմունք դրսևորեցինք բաժնի կողմից բխած զարգացման նոր ծրագրին: Վստահ եմ, որ մեր համալսարանի նորացված կայքը՝ պահպանելով իր լավ ավանդույթները, զարգացման մի նոր փուլ կմտնի՝ շարունակելով մեծացնել իր լսարանը՝ մնալով հավատարիմ իր շահառուների կարիքներին և համալսարանի գործունեության նպատակներին»,- նշեց համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ դառնալով  վերակառուցված կայքի առաջին այցելուն:

Շուրջ 6 տարվա պատմություն ունեցող ՀՊՏՀ պաշտոնական կայքը նախորդ տարիներին ստեղծել է այցելուների մեծ բանակ՝ տարեկան 450-470 հազար: Ուրախությամբ կարող ենք նշել, որ մեր դասախոսների, աշխատակիցների, ուսանողների և այլ շահառուների համար համալսարանի կայքը դարձել է վստահելի աղբյուր, որից սակայն դեռ մեծ են ակնկալիքները: Առաջիկայում կայքի հարստացման և արդիականացման աշխատանքները կշարունակվեն, նախատեսում ենք այն հարստացնել ուսումնական և կրթական գործընթացին վերաբերող ռեսուրսներով, նոր և անհրաժեշտ տեղեկատվությամբ:

ՀՊՏՀ պաշտոնական կայքի սիրելի այցելուներ, հուսով ենք, որ նորացված կայքը ձեզ համար ավելի գրավիչ և աշխատանքային առումով ավելի հարմար կլինի՝ թե՛ օգտագործման ձևի և թե՛ ինֆորմացիոն հագեցվածության առումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին