Էջեր

ՀՊՏՀ-ում ներդրվել են նոր մագիստրոսական կրթական ծրագրեր

12 Հունիս 2017

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում շարունակվում է 2017-2018 ուստարվա համար մագիստրատուրայի ընդունելությունը: Այս տարի ՀՊՏՀ-ն ընդունելություն է իրականացնում նաև կրթական նոր ծրագրերով, մասնավորապես, ներդրվել են արտերկրի բուհերի, ինչպես նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ համատեղ մագիստրոսական կրթական ծրագրեր: Նոր մասնագիտություններն ուսանողներին հնարավորություն են ընձեռում ուսումնառության ընթացքում  սովորել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրի համալսարաններում՝ փորձառություն անցնելով ու հարստացնելով գործնական հմտությունները: Այս տարի ներդրված ծրագրերը ներկայացնում ենք ստորև.

«Նախագծերի կառավարում» («Նախագծերի կառավարումը զբոսաշրջության և անշարժ գույքի ոլորտներում» մասնագիտությամբ). համատեղ իրականացնում են  Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային,  Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանները և Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետը (Իտալիա): «Նախագծերի կառավարում»   մասնագիտությամբ մագիստրոսական ուսման տևողությունը 2 տարի (4 կիսամյակ) է. 1-ին տարում ուսումնառությունն իրականացվելու է Հայաստանում՝ ՀՊՏՀ-ում և ՃՇՀԱՀ-ում, 2-րդ տարում ուսանողները կսովորեն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (ՎՊՀ): Մագիստրանտները կստանան Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի մասնաճյուղում  փորձառություն անցնելու և ավարտական թեզը կատարելու հնարավորություն: Ուսումնառության ավարտին կտրվի 3՝ ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ և ՎՊՀ դիպլոմ: Շրջանավարտներին կշնորհվի կառավարման, նախագծերի կառավարման մագիստրոս որակավորումը: Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ որակի ապահովման բաժնից տրամադրված սույն տեղեկատվական նյութում:

«Բիզնեսի կազմակերպում» (մասնագիտացումը՝ «Բիզնեսի գնահատում»).

մագիստրոսական ծրագրի շրջանակում Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ համատեղ իրականացվում է 90 կրեդիտ բեռնվածությամբ և մեկ ու կես տարվա տևողությամբ «Բիզնեսի գնահատում» կրթական  ծրագիրը: Նպատակն է Հայաստանում պատրաստել բիզնեսի գնահատման բարձրակարգ մասնագետներ, ովքեր կտիրապետեն բիզնեսի արժեքի գնահատման մեթոդաբանությանը և ժամանակակից մեթոդներին, ինչպես նաև բիզնես մոդելների և ռազմավարությունների մշակման համար պահանջվող կիրառական խնդիրների լուծման գործիքակազմին: Սույն մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել որպես բիզնեսի տարբեր տեսակների և բիզնես նախագծերի գնահատող փորձագետներ կամ խորհրդատուներ, սեփականության կառավարման մասնագետներ, ինչպես նաև ստեղծել բիզնեսի գնահատման և խորհրդատվական ֆիրմաներ: 

«Գործարար կառավարում» (MBA)  և  մասնագիտացված «Գործարար կառավարում» (EMBA) . մագիստրոսական ծրագրերը կազմակերպվում են ՀՊՏՀ-ի և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի միջև 2017թ. ապրիլի 12-ին կնքված կրկնակի աստիճանաշնորհման կրթական ծրագրի իրկանացման համաձայնագրի շրջանակում: Դասընթացներն անցկացվելու են անգլերեն, ԱՄՆ-ից, Կանադայից, եվրոպական և այլ երկրներից ժամանած պրոֆեսորադասախոսական կազմի կողմից: Դասընթացները հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան ՈւՄԵՖ համալսարանի և ՀՊՏՀ-ի կրկնակի դիպլոմներ: Բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին ՈւՄԵՖ համալսարանը հնարավորություն կընձեռի սովորել Ժնևի կամպուսում: Ուսման տևողությունը 2 տարի է: 

Վերոնշյալ ծրագրերի մասին մանրամասներ կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/ndunelutyun_2017/Full-time_Masters.pdf : Այցելեք նաև ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/UMEFYerevan/:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին