Էջեր

ՀՊՏՀ խորհրդի նիստը նախագահել է Հովիկ Աբրահամյանը

18 Հունվար 2013

Հունվարի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նիստին ներկա է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։


Հովիկ Աբրահամյանը ողջունել է նիստի մասնակիցներին, և քանի որ սա 2013-ի առաջին հանդիպումն է եղել, շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` համոզմունք հայտնելով, որ 2013 թվականը կլինի նորանոր ձեռքբերումների տարի:


ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2012 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2013 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկույցով:


Ռեկտորն ամփոփել է բուհի 2012 թ.-ի ուսումնագիտական և ֆինանսատնտեսական տարին՝ միաժամանակ նախանշելով 2013 թ.-ի անելիքներն ու ցուցանիշները: Ելույթում Կորյուն Աթոյանն անդրադարձել է ուսումնամեթոդական աշխատանքներին, ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանը, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը, փորձառության կազմակերպման, ուսումնադաստիարակչական հարցերին, հասարակայնության հետ կապերին, շարունակական կրթությանը, բուհի միջազգայնացմանն ու տնտեսական գործունեությանը և այլ հարցերի:
Կորյուն Աթոյանը խորհրդին ներկայացրել է նաև օրակարգի երկրորդ` ՀՊՏՀ-ում հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հարցը: Նման կառույցի ձևավորման անհրաժեշտությունը բուհի ղեկավարը հիմնավորել է կրթության որակի և մրցունակության բարձրացման հանգամանքով` նշելով, որ հետազոտական կենտրոնի նպատակն է լինելու խրախուսել և աջակցել երկրի տնտեսական քաղաքականության հիմնախնդիրների ուսումնասիրությունը:


Հովիկ Աբրահամյանը` ողջունելով այս նախաձեռնությունը, հնարավոր է համարել հետազոտական կենտրոնի համագործակցությունը խորհրդարանի համապատասխան կառույցների հետ: Պարոն Աբրահամյանի գնահատմամբ՝ կրթության որակի բարելավմանն ու ընդհանրապես բարեփոխումներին ուղղված մեծ աշխատանք ու ծրագրեր են իրականացվել, որոնք էլ հանգամանալից արտացոլված են կազմված հաշվետվության մեջ: Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ առաջին անգամ է, որ հաշվետվության մեջ այս թափանցիկությամբ մատնանշվել են նաև թերությունները: Սա ողջունելի մոտեցում համարելով՝ խորհրդարանի ու բուհի խորհրդի նախագահն ասել է, որ պետք է ամեն ինչ անել դրանք շտկելու համար:


Քվեարկությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդն ընդունել է օրակարգային հարցերը:

www.tert.am