Էջեր

Գրադարանի մասին

09 Հոկտեմբեր 2013

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  գրադարանը հիմնադրվել է 1975- ի հոկտեմբերին՝ բուհի հիմնադրման հետ միաժամանակ: Գրադարանի առաջին վարիչն է եղել  Դոնարա Փալանջյանը, 1994թ-ից գրադարանը ղեկավարել է Վեներա Ավալյանը, իսկ 2013թ-ից գրադարանի տնօրենն է Արմինե Հովհաննիսյանը: Երևանի պետական համալսարանից ստացած ոչ հարուստ ֆոնդը (մոտ 40000 միավոր)  տարիների ընթացքում  համալրվել է դասագրքերով , գեղարվեստական գրականությամբ,  գիտական ամսագրերով, ատլասներով, բառարաններով. այժմ այն կազմում է մոտ 180.000 միավոր: Հիմնադրման տարիներին գրադարանը սպասարկել է մոտ 1000 ընթերցողի, այժմ գրադարանը ունի 7000 ընթերցող: 2008թ. հունվարին ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքից գրադարանը տեղափոխվել է համալսարանի նորակառույց  թիվ 5 մասնաշենք:

Գրադարանի   ֆոնդերի համալրման հիմանական աղբյուրը գնումներն են, նվիրատվությունները և բաժանորդագրությունը: Ֆոնդերում պահպանվող գրականության գերակշիռ մասը՝ մոտ 160 000 միավոր,  ուսումնական  ձեռնարկներ են, դասագրքեր, գիտական աշխատություններ: Գրադարանում կա նաև գեղարվեստական գրականություն, բառարաններ, ատլասներ: Գրադարանն այսօր համալրվում է 25 անուն թերթերով և ամսագրերով:
Ընթացքի մեջ են էլեկտրոնային գրադարանի և էլեկտրոնային գրացուցակի համալրման աշխատանքները, որոնք հնարավորություն կտան ոչ միայն պահպանել գրքային ֆոնդը, այլև լավացնել սպասարկման որակը: Գրադարանում են պահվում ՀՊՏՀ-ում գործող մասնագիտական խորհրդում պաշտպանված ատենախոսություններն ու դրանց սեղմագրերը, ինչպես նաև այլ բուհերում պաշտպանված սեղմագրերի օրինակները:
Գիտակցելով ժամանակակից գրադարանների  դերն ու  նշանակությունը, զուգակցելով աշխատանքի  ավանդական և նոր մեթոդները՝ գրադարանն իրագործում է ֆոնդերի շարունակական համալրում՝  օգտագործելով նաև էլեկտրոնային ռեսուրսներ,  համագործակցում է  համալսարանի այլ ստորաբաժանումների, ամբիոնների, այլ համալսարանների հետ, փորձում է գտնել սպասարկման նոր, նաև ուսանողների հետ հետադարձ կապի ձևեր:

 ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱԺԻՆՆԵՐԸ


ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ

Սպասարկման բաժինը կատարում է ընթերցողների գրանցում,  իրականացնում է  գրադարանային սպասարկումը, ուղղորդում  է ընթերցողին  դեպի գրացուցակներ,  գրապահոցից պատվիրված գրականությունը հանձնում է ընթերցողին:

        


ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ և ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

 

Համալրման, մշակման և մատենագրության բաժնում կազմապերպվում է գրքային ֆոնդի համալրումը, համապատասխան մատյաններում գրանցվում են նոր գրքերը, կազմվում և խմբագրվում են քարտարանները, ելնելով գրադարանային դասակարգման  պահանջներից՝ կատարվում է գրքերի մշակում, վերահսկվում է գրքի շարժը գրապահոց, գրանցվում են ընթացիկ մամուլի ստացումները, վերահսկվում է հին, ակտավորված գրականության դուրս գրումը: Կազմվում և բուհի համապատասխան ստորաբաժանումներին են ներկայացվում թերթերի, գիտական ամսագրերի, տեղեկատու հրատարակությունների ցանկը: Այս բաժնում են կատարվում  էլեկտրոնային գրացուցակի,  սեղմագրերի և ընթացիկ մամուլի մասնագիտական հրապարակումների  քարտարանների ստեղծման աշխատանքները:


ՄՈՒՇԵՂ ԱԴՈՆՑԻ ԱՆՎԱՆ ԳԻՏԱԿԱՆ և ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀՆԵՐ

Գեղեցիկ կահավորված,  լուսավոր ընթերցասրահներն ամեն օր սպասարկում են  շուրջ 50  ուսանողների, դասախոսների և բուհի այլ ստորաբաժանումների աշխատակիցների: Ընթերցասրահները համալրված են համակարգիչներով, ինչն ընթերցողներին հնարավորություն է տալիս օգտվել համացանցից, էլեկտրոնային գրադարանից, ծանոթանալ օրվա մամուլին: Գրադարանում գործում են Մուշեղ Ադոնցի անվան գիտական և երեք ուսանողական ընթերցասրահներ: Եվս մեկ ընթերցասրահ գործում է  Քանաքեռ- Զեյթուն համայնքում  գտնվող  ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում:

     

Ուսանողական ընթերցասրահներ

      

 Զեյթունի ուսանողական ընթերցասրահ


ԳՐԱՊԱՀՈՑ

Գրապահոցում է պահվում գրադարանի գրքային ողջ ֆոնդը: Համալրման բաժնից ստացված գրականությունը  դասակարգվում է ըստ գիտության ճյուղերի և  դասավորվում գրադարակների վրա այբբենական կարգով: Այս բաժնում  գրքերի պահպանման համար ստեղծված են հակահրդեհային և սանիտարահիգիենիկ պայմաններ: Ընթերցողների մուտքը գրապահոց արգելված է :

                  


 ՄԱԿ-Ի   ԱՆԿՅՈՒՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՄԱԿ-ի գրականության անկյունը բացվել է 2013թ. ապրիլին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և ՀՊՏՀ միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Այն տեղակայված է ՀՊՏՀ գրադարանի գիտական ընթերցասրահում: ՄԱԿ-ի հրատարակությունների ֆոնդը այսօր  ներառում է ավելի քան 850 միավոր անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով: Մշտապես թարմացվող և համալրվող ՄԱԿ-ի գրականությունը պարունակում է նյութեր ՄԱԿ- արժեքների, գլոբալ օրակարգի, մարդու իրավունքների, տարածաշրջանային խնդիրների, սոցիալական քաղաքականության, տնտեսական համագործակցության, ժողովրդագրական գործընթացների քաղաքացիական հասարակության զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և այլ խնդիրների վերաբերյալ: Համալսարանը ՄԱԿ-ի անկյունը օգտագործում է նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական և այլ միջոցառումների կազմակերպման համար:

ՄԱԿ-ի անկյան պատասխանատու՝ Նաիրա Անդրյան
Կոնտակտային տվյալներ. 
հեռախոս 010-59-34-85,077-24-00-57
էլեկրոնային հասցե Nairaandryan@mail.ru 
Հասցե՝ Նալբանդյան -128