Էջեր

ՀՊՏՀ առաջին կուրսեցիների հետ համալսարանի ռեկտորի հանդիպումները շարունակվում են

09 Սեպտեմբեր 2013

Այսօր ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը  մեծ դահլիճում հանդիպեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ինչպես նաև  տնտեսության  կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետների  ուսանողների հետ: Ինչպես արդեն նշել ենք, ռեկտորի հանդիպումների հիմնական նպատակը առաջին կուրսեցիներին ուսման վարձավճարների թանկացման հետ կապված պարզաբանումներ ներկայացնելն է, ինչպես նաև բուհում այս տարվանից ներդրված  նոր սոցիալական փաթեթներին, նոր կանոնակարգին ծանոթացնելը:

Հանդիպման ընթացքում ռեկտորը ևս մեկ անգամ նշեց, որ լավ սովորող և սոցիալապես անապահով ոչ մի ուսանող չի զրկվի կրթություն ստանալու հնարավորությունից: Եվս մեկ անգամ ներկայացվեցին հանրակացարանի, ճաշարանի, կրթաթոշակների տրամադրման հարցերը:

Ըստ ռեկտորի՝ առաջին կուրսեցիներն ունեն ևս մեկ աննախադեպ հնարավորություն. բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են սոցիալապես անապահով  և դժվարանում են ուսման վարձը վճարել, կարող են դիմում գրել և ներկայացնել իրենց դեկաններին: Դիմումները կքննարկվեն ռեկտորատում և կլինեն համապատասխան լուծումներ: Հանդիպման ավարտին ռեկտորը պատասխանեց նաև ուսանողների հարցերին:

Վաղը՝ սեպտեմբերի 5-ին, տեղի կունենա հանդիպում կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ, իսկ առաջին կուրսեցիների հետ ռեկտորի հանդիպումների շարքը կավարտվի սեպտեմբերի 6-ին՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի հետ հանդիպմամբ:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին