Էջեր

Հայտագրվեց ՀՊՏՀ առաջին դիմորդը

05 Մայիս 2014

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովն այսօր ժամը 9.00-ին մեկնարկեց դիմորդների հայտագրման գործընթացը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները ներկա գտնվեցին ՀՊՏՀ առաջին դիմորդի՝ Արփինե Փեթակչյանի հայտագրմանը: Մեզ հետ զրույցում Արփինեն պատմեց, որ շտապել է օր առաջ ներկայացնել դիմում-հայտը, որովհետև լսել է, որ մեր բուհում հայտագրման համար մեծ հերթեր են գոյանում, իսկ ինքը, քանի որ հեռվից է գալիս, խուսափում է լրացուցիչ բարդություններից: ՀՊՏՀ առաջին դիմորդը Լոռու մարզի Տաշիր քաղաքից է, շուտով կավարտի Տաշիրի թիվ 1 ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքը, ուսման առաջավոր է.

«7-եր չունեմ, սովորում եմ 8 և 9-ով: Տնտեսագիտությունն եմ ընտրել, որովհետև կարծում եմ՝ պահանջարկ վայելող մասնագիտություն է: Մի փոքր վարանում եմ մասնագիտությունների հաջորդական ընտրության հարցում: Երեկ ամբողջ օրը մայրիկիս հետ ՀՊՏՀ պաշտոնական կայքում մասնագիտությունների ցանկն էինք նայում: Հավանաբար, առաջինը կհայտագրեմ կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությունը»,- ասաց Արփինեն ու մոտեցավ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանին, ով սիրով ու համբերատար կերպով աջակցեց առաջին դիմորդին՝ ձևաթղթում ներմուծել իր տվյալները, այնուհետև տեղեկացրեց, որ համալսարանն ունի ուսանողի տուն, և ուսանող դառնալու պարագայում Արփինեն կարող է օգտվել «Տնտեսագետ» ուսանողի տան հարմարավետ ու մատչելի ծառայություններից: 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաջողություն է մաղթում Արփինեին և այս տարվա բոլոր դիմորդներին, ցանկանում, որ դիմորդի կարգավիճակը նրանց համար առանց դժվարությունների փոխակերպվի ուսանողի կարգավիճակի:

 

ՀՊՏՀ դիմորդներին տեղեկացնում ենք

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 1-ը, ժամը 18.00-ն է: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը՝ նշելով, որ նշված ընթացքում ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն աշխատելու է ամեն օր, ժամը 9.00-ից մինչև 18. 00-ն: Հանգստյան օրեր են լինելու միայն մայիսի 9, 10 և 11-ը: Ընդունող հանձնաժողովի համար աշխատանքային են բոլոր շաբաթ-կիրակիները, ինչպես նաև  մայիսի 28-ը:

Դիմորդներին անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  http://www.asue.am/am/էջեր-220//դիմորդների-հայտերի-ընդունումն-սկսվում-է-մայիսի-5-ին-1560:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ