Էջեր

Կորյուն Աթոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել

17 Դեկտեմբեր 2011

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի  նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի  նիստին, որին ներկա են եղել խորհրդի 32 անդամներից  30 -ը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ինչպես տեղեկացնում են  ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՊՏՀ խորհրդի  նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ նիստի  օրակարգային միակ հարցը  ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն է: «Հայաստանի  պետական  տնտեսագիտական  համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառավարման վարչություն դիմում է ներկայացրել մեկ թեկնածու` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը։

Իր խոսքում ռեկտորի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի զարգացման հայեցակարգային դրույթները, ինչից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

 ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի  նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվել է  ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրությունն իրականացնել փակ գաղտնի քվեարկությամբ: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած` ՀՊՏՀ խորհրդի  30 անդամները ձայների 28 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ (1 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր են  ընտրել Կորյուն  Աթոյանին:

ՀՊՏՀ խորհրդի  նախագահ Հովիկ Աբրահամյանը բոլորի անունից շնորհավորել է  նորընտիր ռեկտորին և մաղթել հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և արգասաբեր աշխատանք:

 Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է  հայտնել ՀՊՏՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանին` այդ պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար` պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս օգտագործել նրա խորհուրդները բուհի կառավարման գործընթացում: Յուրի Սուվարյանը շնորհավորելով նորընտիր ռեկտորին և շնորհակալություն հայտնելով իր աշխատանքը գնահատելու համար` նշել է, որ այդ ողջ ընթացքում միշտ զգացել է Հովիկ Աբրահամյանի աջակցությունը բուհում զարգացում և առաջընթաց ապահովելու գործում:

 Ելույթ ունենալով` ՀՊՏՀ նորընտիր ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար ու խոստացել անել հնարավորը` բուհում ձևավորված լավ ավանդույթները շարունակելու և սկսված բարեփոխումները շարունակելու համար: Սպառելով օրակարգը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի  նիստն ավարտել է  աշխատանքները: 

 


26.04.2011 17:03