Էջեր

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԵՂԻՇԻ

24 Սեպտեմբեր 2012

Ծնվել է 1936-ի փետրվարի 29-ին Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում: 1953-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1965-ին` Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

1965-1967-ին աշխատել է Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկումում որպես քաղաքատնտեսության դասատու: 1967-ից` ԵՊՀ ասպիրանտ, 1969-ից` քաղաքատնտեսության ամբիոնի ասիստենտ: 1971-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Անհրաժեշտ  արդյունքը և աշխատուժի  վերարտադրությունը» թեմայով:

1975-ին Գ. Կիրակոսյանը տեղափոխվել է ԵԺՏԻ քաղաքատնտեսության ամբիոն` ավագ դասախոս, ապա` դոցենտ: 1989-ին Թբիլիսիի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Աշխատուժի վերարտադրության ծախսերը» թեմայով: 1991-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1989-1991-ին զբաղեցրել է ԵԺՏԻ քաղաքատնտեսության ամբիոնի վարիչի, 1991-ին` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի, 1993-2006-ին` ռեկտորի պաշտոնները: 2006-2012 թթ.`  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչն է, 2012թ.-ից  ՀՊՏՀ  ռեկտորի խորհրդական:

Եղել է ՀՀ տնտեսագետների միության նախագահը, ղեկավարել Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդը::

Գ. Կիրակոսյանի հեղինակությամբ հրատարակված գիտական աշխատանքների թիվն անցնում է 120-ից, որից 18-ը  մենագրություններ, համահեղինակությումբ  գրքեր, տնտեսագիտական բառարան, ուսումնական ձեռնարկներ են: Դրանցից են` «Աշխատուժի ծախսերի փոխհատուցման ձևերը սոցիալիզմի ժամանակ» (Եր., 1980), «Անձնական պահանջմունքները և աշխատուժի ծախսերի փոխհատուցումը» (Եր., 1984), «Անցումային տնտեսության վերափոխումները» (Եր., 2002): Նա համահեղինակ է «Տնտեսագիտական բացատրական բառարանի» (Եր., 1999), «Տնտեսագիտական ուսմունքների պատմություն» (Եր., 2002), «Տնտեսագիտության տեսություն» ուսումնական ձեռնարկների: Նրա գիտական ղեկավությամբ 32 ասպիրանտ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, որից 2-ը դարձել են գիտության դոկտորներ:  Բացի հիմնական աշխատանքներից ծավալել է հասարակական գործունեություն:

2000թ. պարգևատրվել է Անանիա Շիրակացու, ՀՀ կրթության ու գիտության նախարարության ոսկե, 2005 թ.`  ՀՀ ոստիկանության պետի «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, 2010 թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալով, 2011թ.  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով :