Էջեր

ՀՊՏՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

23 Փետրվար 2012

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»  ՊԵՏԱԿԱՆ  ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ   ԳԻՏԱԿԱՆ  ԽՈՐՀՈՒՐԴ

1. Համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտահետազոտական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է։ Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ։

2. Համալսարանի գիտական խորհուրդը`
1) հաստատում է իր կանոնակարգը,
2) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին,
3) ընդունում է որոշումներ պատվավոր կոչումներ շնորհելու, համալսարանի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ,
4) իրականացնում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունները` փակ գաղտնի քվեարկությամբ,
5) սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ,
6) հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները, ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունների ընթացակարգերը, գիտամանկավարժական կազմի պաշտոնների տեղակալման կարգը,
7) նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին,
8) իրականացնում է ՀՊՏՀ կանոնադրությունից բխող` համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ,
9) պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած ընդհանուր չափաքանակների շրջանակում, ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է ըստ մասնագիտությունների վճարովի հիմունքներով ընդունելության տեղերը,
10) քննարկում և հիմնադրի հաստատմանն է ներկայացնում համալսարանի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկը։
3. Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են համալսարանական հանձնաժողովներ, որոնց կարգավիճակը, կառուցվածքը, իրավասությունները, աշխատանքի կարգը սահմանվում են համալսարանի գիտական խորհրդի կողմից։
4. Համալսարանի գիտական խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 60-ը։ Համալսարանի գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, մասնաճյուղերի տնօրենները, ուսանողական խորհրդի նախագահը, համալսարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև կարող են ընդգրկվել դասախոսներ։
5. Համալսարանի գիտական խորհրդի անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներ են` ներառյալ ուսանողական խորհրդի նախագահը, որոնց առաջադրում ու ընտրում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը։
6. Գիտական խորհրդի կազմը հաստատում է ռեկտորը։
7. Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը։ Որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե գիտական խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունել, և կենսագործվում են համալսարանի ռեկտորի հրամաններով։