Էջեր

Կանոնադրություն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»

ՊԵՏԱԿԱՆ  ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԳԻՏԱԿԱՆ  ԽՈՐՀՈՒՐԴ

 

 1. Համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

 2. Համալսարանի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը,

բ) քննարկում  է  գիտական  գործունեության  գլխավոր  և  հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին,

գ) ընդունում է որոշումներ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր», «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր», «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վաստակավոր դասախոս», «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վաստակավոր աշխատող» կոչումներ շնորհելու, համալսարանի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, համալսարանի մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ,

դ) իրականացնում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունները` փակ գաղտնի քվեարկությամբ,

ե) սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ,

զ) հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները,

է) նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին,

ը) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` համալսարանի ուսումնա-մեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ,

թ) հաստատում է համալսարանի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգը,

ժ) պետական լիազորված մարմնի  հաստատած ընդհանուր չափաքանակների շրջանակում, ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է ըստ մասնագիտությունների վճարովի հիմունքներով ընդունելության տեղերը,

ի) քննարկում և  հիմնադրի հաստատմանն  է ներկայացնում համալսարանի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկը,

լ) ընդունում է որոշում նոր մասնագիտությունների կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ և ներկայացնում կառավարման լիազորված մարմնի հաստատմանը:

3. Համալսարանի գիտական խորհրդի անդամների թվաքանակը չի կարող գերազանցել 60-ը: Համալսարանի գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե մտնում են` ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, մասնաճյուղերի տնօրենները, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական գիտական ընկերության նախագահը, բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև վաստակաշատ պրոֆեսորներ և ուսանողներ:

Համալսարանի գիտական խորհրդի անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են` ներառյալ ուսանողական խորհրդի նախագահը, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը: 

4. Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: