Էջեր

Կայացավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի առաջին հանդիպումը ուսանողության հետ (2011թ. դեկտեմբեր)

08 Նոյեմբեր 2012

«Համալսարանում սկիզբ առած բարեփոխումներն ընդգրկելու են բուհի զարգացման բոլոր ուղղությունները` ուսումնական գործընթաց, գիտահետազոտական աշխատանքներ, արտաքին կապեր, ուսանող դասախոս- հարաբերություններ, ուսանողների և աշխատակազմի հանգստի ու ժամանցի պայմանների ստեղծում և, ըստ էության, այդ գործընթացում չկա որևէ երկրորդական հիմնախնդիր»,- դեկտեմբերի 7-ին ՀՊՏՀ ուսանողության հետ  երկխոսության ընթացքում հայտարարեց ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Նա ներկայացրեց մեկնարկած աշխատանքների ընթացքը, արդեն կատարվածը և հետագա գործունեության  միտումները:

«Այսօր պարտավոր ենք մեր բուհի կրթական մակարդակը հավասարեցնել գոնե Հայաստանի աշխատաշուկայի, գործատուի պահանջներին»,- ասաց պարոն Աթոյանը` հավելելով, որ պետք է դուրս մղել կարծրացած այն մտածողությունը, թե դասախոսն ուզում է լավ կրթություն տալ, սակայն ուսանողն ընդդիմանում է:

«Մենք հակառակորդներ չենք, մենք ընդհանուր գործ ենք անում և միակամ պետք է լինենք այս ճանապարհին, իսկ միակամության նախապայմանը փոխվստահությունն է, միմյանց հոգսերին տեղեկացված լինելը, միմյանց հավատալը»,- շարունակեց բուհի ղեկավարն ու հորդորեց ուսանողներին համարձակ ու անկաշկանդ շարադրել իրենց մտքերը:

Ծավալվեց, իրոք, անմիջական ու բաց երկխոսություն, որը տրամադրեց ուսանողներին խոսելու իրենց հուզող խնդիրների մասին, տեղ-տեղ դժգոհելու, արտահայտվելու շատ ու շատ հարցերի շուրջ, որոնց մասին մինչ օրս լռել էին:

Համալսարանում ուսումնական գործընթացի կազմակերպումը երկխոսության այն հանգուցակետն էր, որի շուրջ ուսանողները համեմատաբար շատ մտահոգություններ ունեին: Ժամանակատար ու անարդյունավետ անհատական աշխատանքներ, որոնք վերածվել են մեխանիկական copy-paste-ի, գրավոր, թեստային,  համակարգչային քննություններ. ո՞րն է առավել օբյեկտիվ գնահատում գիտելիքը, թելադրության վերածված դասախոսություններ, բողոքարկման գործընթացի անկատարություն,  փոխատեղման դժվարին մրցապայքար:

«Կարևորը, սիրելի’ ուսանողներ, գիտելիք ձեռք բերելն է: Թե ինչ կերպ, ինչ եղանակով է ձևավորվում դրա գնահատականը, հավատացե’ք, փոքր-ինչ երկրորդական է», - ասաց ռեկտորը՝ այնուհետև նշելով, որ բարձացված հարցերն արժանի են քննարկման ու վերանայման, արդյունավետ ուղիների որոնման:

Մագիստրոսական նոր կրթական ծրագրերի ներդրումը և դրանից ածանցվող հարցերը հուզում էին ներկաներից շատերին:

Ռեկտորը հանգամանորեն պարզաբանումներ կատարեց` հատկանշելով. «Մագիստրոսական նոր կրթական ծրագրի համար ընդունելության նոր կարգ է գործելու. կազմակերպվելու են ընդունելության քննություններ մասնագիտական առարկայից, օտար լեզվից և ինֆորմատիկայից: Ուսումնառության երկու տարվա արդյունքում բարձր առաջադիմությամբ ուսանողները մրցութային կարգով աշխատանքի կանցնեն համակարգում: Վարձավճարի չափը դեռևս ճշգրտված չէ, ամենայն հավանականությամբ, կլինի ավելի բարձր այսօր գործող մագիստրոսական վարձավճարից»։

Մագիստրոսական կրթության համատեքստում ռեկտորը խոսեց նաև բուհական ամբողջ համակարգում կրթական գործընթացների, տվյալ դեպքում` մագիստրոսական կրթական չափորոշիչների նույնականացման մասին` ընդգծելով, որ դա կարևոր նախապայման է, որը պետք է ապահովի ուսանողների շարժունակությունը:

Փորձառության կազմակերպումը համարելով ուսումնական գործընթացի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը և հուսադրելով երկխոսությանը ներկա ուսանողներին` Կորյուն Աթոյանը հատկանշեց, որ բովանդակային առումով այն ամբողջությամբ պետք է վերանայվի: Նա շեշտադրեց, որ ուսանողը փորձառության վայրում պետք է մասնագիտական փորձ և հմտություններ ձեռք բերի:

«Լիահույս եմ, որ խնդրի կարգավորումն արդեն իսկ նախանշվում է համալսարանի և մի քանի պետական կառույցների փոխգործակցության ծրագրերի իրականացմամբ` ՀՀ պետեկամուտների կոմիտե, Հայաստանի բանկերի միություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,- ասաց ռեկտորը` հավելելով, որ համանման նոր ծրագրերով այս կնճռոտ հարցը դրական լուծման կմղվի:

Նա ուսանողներին հայտնեց նաև, որ համալսարանի պաշտոնական ինտերնետային կայքի աշխատանքը, որի բացումը նախատեսվում է առաջիկայում, հրատապ լրատվությամբ ու ծանուցումներով կապահովի տեղեկատվական հոսք ու շատ հարցերի պատասխաններն ուսանողները կգտնեն այնտեղ, իսկ էլեկտրոնային գրադարանի ստեղծումը կնպաստի գրադարանային որոշ խնդիրների լուծմանը:

Երեք ժամ և ավելի տևած երկխոսությունը փարատեց ուսանողների շատ ու շատ մտահոգություններ: Պարոն Աթոյանը սիրով ունկնդրեց անգամ անձնական բնույթի հարցադրումները, խորհուրդներ տվեց, հուսադրեց: Նա անդրադարձավ նաև ուսանողների բարձրացրած տնտեսական բնույթի խնդիրներին` տեղեկացնելով, որ դրանց քաջատեղյակ է ու հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումներին:

Վերջում ռեկտորը հավաստիացրեց ներկաներին, որ բուհի ղեկավարությունը շարունակելու է խորհրդակցական կարգով, գործի դնելով բարեփոխումների ողջ զինանոցը` բուհը դարձնել կրթական ծառայություններ մատուցող լիարժեք համակարգ և իր պատրաստակամությունը հայտնեց այդուհետ էլ ունկնդիր լինելու ուսանողների ձայնին, հանդիպելու ու զրուցելու նրանց հետ առաջարկած ցանկացած ձևաչափով: