Էջեր

«Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիա

07 Նոյեմբեր 2017

Լաբորատորիան ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կառուցվածքում ներառված ստորաբաժանում է` կազմված  պրոֆեսորադասախոսական անձնակազմի դասախոսներից, գիտաշխատողներից, ասպիրանտներից, հայցորդներից, մագիստրանտներից և ուսանողներից, որի ստեղծման հիմքը ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների համար կոլեկտիվ նախագծերի մշակման և իրականացման համապատասխան ակադեմիական միջավայրի ձևավորումն է։ Լաբորատորիան գործում է ակադեմիական սկզբունքների հիման վրա: Ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները մասնակցում են լաբորատորիայի աշխատանքներին առավել փորձառու և տիտղոսակիր գործընկերների հետ միասին: Ներկա ակադեմիական աշխարհում լաբորատորիան հնարավորություն է տալիս սկսնակ հետազոտողներին զգալ գիտահետազոտական խմբի լիարժեք մասնակից:

Լաբորատորիան ստեղծվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2014-2015թթ. Գիտաուսումնական խմբերի դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ստեղծված «Ազգային ինովացիոն համակարգ» գիտաուսումնական խմբի (խմբի ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյան) հենքի վրա։ Խումբը իրականացրել է ՀՊՏՀ ԳՈՒ - 005 ծածկագրով «Ազգային ինովացիոն համակարգի ձևավորումը որպես տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն» հետազոտական թեման (Տես հղումը՝ https://inovationhpth.wordpress.com/)։ 

Լաբորատորիայի նպատակն է մշակել և իրականացնել ինովացիոն և ինստիտուցիոնալ ոլորտներին վերաբերող տեսական և կիրառական բնույթի գիտական նախագծեր, ապահովել դրանց հրապարակումը և ուսումնական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներդրումը: Գիտաուսումնական լաբորատորիան ձևավորվել է հորիզոնական համագործակցության սկզբունքով, որը նրանում ներգրավված հետազոտական խմբերի ակադեմիական աճի ու առաջխաղացման  հիմքն է։ Լաբորատորիայի կազմում բացի հիմնական հետազոտողներից կարող են ընդգրկվել նաև փորձնակ-հետազոտողներ և հրավիրված փորձագետ-գիտնականներ։ Լաբորատորիան նպատակ ունի նաև հիմնավորել հետազոտական ուղղությունների ընտրությունը, դրանց համապատասխանորեն մշակել և իրականացնել տեսական և կիրա­ռական բնույթի նախագծեր, ապահովել ուսումնական գործընթացում գիտահետա­զոտական աշխատանքների արդյունքների ներդրումը, կատարված ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը։

 Լաբորատորիայի աշխատանքներին ներգրավված՝

  • հետազոտողները նախագծերին մասնակցության միջոցով կարող են ձեռք բերել վերլուծական, հետազոտական և փորձագիտական հմտություններ,
  • բակալավրիատի ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտները, շահագրգիռ հետազոտողները կարող են լաբորա­տորիա­յի հետազոտական ուղղությունների շրջանակներում կատարել ինքնու­րույն հետազոտական գործունեություն,
  • լաբորատորիայում աշխատանքը կամ համագործակցությունն այլևայլ ձևերով թույլ է  տալու ապահովել թեկնածուական ատենախոսության, մագիստրոսական թեզի, ավարտական աշխատանքի գիտահետազոտական բաղադրիչը փորձագիտական մակարդակի վրա,
  • լաբորատորիայի աշխատակիցներն ու ներգրավված հետազոտողները կարող են մասնակցել ֆակուլտետի ամբիոնների մեթոդական բնույթի նյութերի մշակմանը, անհրաժեշտության դեպքում դասավանդել  լաբորա­տորիայի կողմից մշակված՝ բակալավրական ու մագիստրոսական կրթաձևերում ներառված մասնագիտական մոդուլները:

Լաբորատորիայի հիմնական խնդիրներն են՝

  • Դասախոսների, գիտաշխատողների, ասպիրանտների և  ուսանողների ակտիվ ներգրավումը լաբորատորիայի թեմատիկ ուղղություններին համապատասխան հետազոտական թեմաների և նախագծերի մեջ,
  • Հետազոտական և վերլուծական աշխատանքների արդյունքների շուրջ  քննարկումների, սեմինարների, գիտաժողովների, խորհրդաժողովների կազմակերպումը և անցկացումը,
  • Հետազոտությունների արդյունքների օգտագործումը համալսարանի ուսումնական գործընթացում, մասնավորապես, լաբորատորիայի հենքին (պրոֆիլին) համապատասխան նոր ու կրթական ծառայությունների շուկայում մրցունակ առարկայական մոդուլների և կրթական ծրագրերի մշակման և ներդրման ճանապարհով,
  • Համատեղ գիտական, հետազոտական նախագծերի մշակումը և իրականացումը հայաստանյան և արտասահմանյան գործընկեր համալսարանների, ինստիտուտների, հետազոտական կենտրոնների, լաբորատորիաների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների հետ,  
  • Փորձագիտական,  խորհրդատվական և կոնսալտինգային ծառայությունների մատուցումը պետական կառույցներին, մասնավոր ընկերություններին և միջազգային կառույցներին,
  • ՈՒսանողների, մագիստրանտների և ասպիրանտների համար ամառային դպրոցների և ակադեմիաների կազմակերպումը, որտեղ դասախոսություններով և վարպետության դասերով հանդես կգան ինովացիոն հետազոտությունների և նորարարական բիզնեսի ոլորտների ճանաչված մասնագետներ։
  • Լաբորատորիայի ենթակայությամբ գործող հետազոտական և գիտաուսումնական խմբերը ստեղծելու են էլեկտրոնային փորձարարական տվյալների բազա, մասնակցելու են թեմաներից բխող սոցիոլոգիական հարցումներին, կազմակերպելու են մագիստրատուրայի և բակալավրիատի ուսումնական ծրագրերի բարելավմանն ուղղված գործունեություն՝ առաջարկելով սեփական հետազոտության արդյունքները՝ կոնկրետ մասնագիտական դասընթացների գծով:

«Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի աշխատանքները վերաբերում են ՀՀ տնտեսության զարգացման համար հիմնարար նշանակություն ունեցող ինովացիոն գործունեությանն առընչվող հիմնա­հարցերին, որոնց քննարկման ու  շահեկան լուծումներ ստանալու հարցում շահագրգիռ են մի շարք ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներ։ Մասնավորապես, լաբորատորիայի աշխատանքների ծավալումը հիմնված է հետևյալ հավելյալ հիմնա­վո­րում­ների վրա.

1.«Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների» գիտաուսունական լաբորա­տո­րիայի ուսումնասիրությունների արդյունք­ների մեջ շահագրռություն ու համագործակցելու ցան­կու­թյուն ունեն մի շարք պետական գերատեսչություններ ու նրանց կողմից ձևավորված կառույցներ։ Դրանցից է մասնավորապես ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախա­րա­րությունը, որին հատկապես հետաքրքրում են ՀՀ արդյունաբերության  տեխնոլոգիական և ինովացիոն ներուժի, ՀՀ տնտեսության տեխնոլոգիական խզվածքի, ինչպես նաև ՀՀ տեխ­նո­լո­գիա­կան կլանման կարո­ղությունների գնահատման վերաբերյալ մշակումները, տեխնո­լո­գիա­կան նորագույն մշակումների փոխանցման ու տնտեսության մրցունակության վրա դրանց ազդե­ցությունների գնահատումները։ Նախարարությունը՝ ի դեմս՝ Նորա­մու­ծու­թյան և ձեռ­նե­րե­ցու­թյան ազգային կենտրոնի, որոշակի շահագրգռություն ունի վերոնշյալ հար­ցե­րի մշակումների պատ­վերի շրջանակներում «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտա­ուսումնական լաբորատորիայի հետ ունենալ սերտ համագործակցության։

2. ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն ևս հետաքրքրություն ունի լաբորա­տո­րիայում իրականացվող այն ծրա­գրե­րրում, որոնք վերա­բե­րում են կիրառական նշանակության գիտա­հետա­զո­տական մշակումների արդյունքների արտոնագրման, առևտրային պաշտպանության, լիցենզոն համաձայնագրերով դրանց փոխանցման կամ առևտրայնացման (դիֆուզման) հիմնահարցերով։ Ներկայումս ՀՀ Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ իրակա­նաց­վում են կիրառական (նաև՝ կոմերցիոն) ելք ունեցող ունեցող շուրջ չորս տասնյակ ծրագրեր, որոնց առևտրայնացման (ինովացիոն կամ նորաստեղծական) ներուժի գնահատումը տնտեսագիտական վերլուծությունների և հետազոտությունների առարկա է, ինչին անհրաժեշտ համաձայ­նու­թյունների (կամ մասնակի համաֆինանսավորման) դեպքում կարող է ձեռնամուխ լինել ՀՊՏՀ  ՙԻնովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների գիտաուսում­նական լաբորատորիան»։

3. Ինչպես ինովացիոն մեծ ներուժ ունեցող մեգածրագրերի ղեկավարների («ՔԵՆԴԼ», «Սկոլկովո» (ՌԴ), Հայաստանի ազգային ինժեներական ANEL լաբորատորիա, «Ձեռնարկությունների ինկու­բա­տոր» հիմնադրամ և այլն) հետ հանդիպումները, այնպես էլ ինովացիոն ձեռնարկատիրության բնագավառի փոքր ու միջին ընկերությունների (օրինակ տեղեկատվական կամ դեղագործական բնագավառների) ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ոլորտները ևս զգալի հետաքրքրություն ունեն իրենց ծրագրերին առընչվող ինովացիոն համակարգերի ու քլաս­թեր­ների ձևավորման ու զարգացմանն առընչվող տնտեսագիտական հետա­զո­տությունների, մշակումների ու հիմնավորումների նկատմամբ, ինչը լաբորատորիայի հետ համագործակցության արդյունավետ հարթակ կարող է ձևավորել։

4. ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստի­տու­ցիոնալ հետազոտությունների» գիտաուսումնական լաբորա­տո­րի­այի հետ համագործակցության ցանկություն է հայտնել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDea) հիմանադրամի  տնօրիությունը՝ հիմնադրամի նոր մեկնարկած ՙՀայաստանի գիտատեխնոլոգիական զարգացման» ծրագրի («FAST») շրջանակներում։

5. «Ինովացիոն և ինստի­տու­ցիոնալ հետազոտությունների» գիտաուսունական լաբորա­տո­րի­այում ծավալվող աշխատանքները թույլ կտան միջ­ազ­գա­յին գիտահե­տա­զոտական համագործակցության շրջանակներում ավելի համակարգված ու արդյունավետ ձևով մասնակցել տարբեր դրամաշնորհային ծրագրերին, դրան­ցում ներգրավել համալսարանի դասախոսներին, ասպիրանտներին, մագիստրանտներին և շնոր­հալի ուսանողներին։ Լաբորատորիայի ղեկավարը առա­ջարկվող հետա­զո­տական թեմատիկայի շրջանակներում 1991-2016թթ. իրականացրել է շուրջ մեկ տասնյակ միջազ­գային գիտահետազոտական դրամաշնորհային ծրագրեր Գեր­մա­նի­այի Դաշնային հանրա­պետության, Բելառուսի Ազգային տեխնոլոգիական համալսարանի, Բելառուսի Գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի, Բելառուսի Պետական տնտեսագիտական համալսարանի գիտնական հետազո­տողների հետ։ Այդ համա­գործակցությունը շարունակվում է։ Ընթացքի մեջ է լաբորատորիայի ղեկավար Ա. Մարգարյանի և Բելառուսի Ազգային տեխնոլոգիական համալսարանի Տնտեսության և իրավունքի ամբիոնի վարիչ Ս.Սոլոդովնիկովի համատեղ ծրագիրը «ՀՀ և Բելառուսի կառուցվածքային քաղա­քա­կա­նու­թյան համակարգումը տնտեսության իրական հատվածի արդիականացման համա­տեքստում» թեմայով (2017-2019թթ.), որին ներգրավված են համալսարանի 2 դասախոս և 1 ասպիրանտ։ Ընթացքի մեջ են Եվրոպական միության «Հորիզոն - 2020» ծրագրի շրջանակներում մի շարք այլ երկրների հետազոտող-գիտնականների հետ համատեղ դրամաշնորհային ծրագրերի նախապատրաստական աշխատանքները։ 

«Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի հիմնական հետազոտական ուղղություններն են՝

- ՀՀ տնտեսության ինովացիոն զարգացման մարտահրավերները և գիտելիքահենք տեխնոլոգիական արդիականացման հիմնախնդիրները

- ՀՀ տնտեսության ինովացիոն դիվերսիֆիկացման հիմնախնդիրները նոր արդյունաբերական քաղաքականությանն անցման համատեքստում

- Բարձրտեխնոլոգիական հենքի վրա ինովացիոն կլաստերների ձևավորման ու զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

- Տեխնոլոգիական նորաստեղծության (ինովացիայի) և նմանակման (իմիտացիայի) հարաբերակցության հիմնախնդիրները ՀՀ-ում

- Երկարաժամկետ տնտեսական աճի տեխնոլոգիական գործոնների ազդեցությունների գնահատման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

- ՀՀ-ում մտավոր սեփականության օբյեկտների ստեղծման, պաշտպանության և առևտրայնացման հիմնախնդիրները

- ՀՀ տնտեսության ինովացիոն (նորաստեղծական) ներուժի գնահատման ու զարգացման հիմնախնդիրները

- Գիտելիքահենք (ինովացիոն) տնտեսության ձևավորումը որպես ՀՀ տնտեսական անվտանգության  և երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացման հիմնապայման

- Չորրորդ արդյունաբերական հեղափոխության (4.0) տեխնոլոգիաների ստեղծման կամ ներմուծման (կլանման) հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

- Տնտեսության գիտելիքահենք արդիականացման տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ գործոնների հարաբերակցության հիմնախնդիրները  

- Բարձրտեխնոլոգիական և գիտելիքահենք մակրոգեներացիաների ազդեցությունները տնտեսական ցիկլերի վրա ու տնտեսական քաղաքականության մեջ դրանց հաշվառման առանձնահատկությունները

- Զարգացող և անցումային երկրների բարեփոխումների ազդեցությունները տնտեսության ինովացիոն արդիականացման վրա. ԵԱՏՄ համատեքստ

«Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի հետազոտական ուղղություններից բխող ՀՊՏՀ մասնագիտական ամբիոնների գծով մագիստրոսական թեզերի թեմաներ կարող են ընտրվել.

  1. Ինովացիոն տնտեսության վերաբերյալ հիմնական գաղափարների և տեսական պարդիգմների էվոլյուցիան ժամանակակից պայմաններում
  2. Ինովացիոն տնտեսություն և ինովացիոն համակարգեր. փոխլրացաման և փոխներգործության հիմնախնդիրներ
  3. Ազգային ինովացիոն համակարգերի ձևավորման և զարգացման հիմնախնդիրները
  4. Ազգային ինովացիոն համակարգերի համեմատական բնութագիրը (ԵԱՏՄ երկրների օրինակով)
  5. Տեխնոլոգիական խզումներ և տեխնոլոգիական սահմաններ
  6. Տնտեսության գիտատեխնոլոգիական կանխատեսման համակարգը. ֆորսայթ հետազոտությունների դերը
  7. Տնտեսության տեխնոլոգիական փոփոխությունների և արտահանման հատվածի փոխազդեցությունները
  8. Տնտեսության նորաստեղծական արդիականացումը գլոբալ արժեշղթաների ձևավորման և զարգացման պայմաններում
  9. Նորագույն գիտելիքահենք տեխնոլոգիաների փոխանցման և տարածման հիմնախնդիրները տնտեսական ինտեգրման համատեքստում
  10. Ընկերությունների ինովացիոն ռազմավարությունները տնտեսական մրցունակության գործոնների համակարգում
  11. Նորարարամետ բիզնես մոդելների  մշակման ու գործադրման առանձնահատկությունները անցումային տնտեսություններում
  12. Ավելացված արժեշղթաների ձևավորումը  և զարգացումը ընկերությունների մրցակցային դիրքերի ուժեղացման համակարգում
  13. Նորագույն տեխնոլոգիաների ստեղծումը և առևտրայնացումը տնտեսական աճի կայունացման գործոնների համակարգում
  14. Ազգային ինովացիոն համակարգի ինստիտուցիոնալ ապահովման հիմնախնդիրները տնտեսության համակարգափոխության պայմաններում
  15. Ինովացիոն ճեղքման գործոնները և մեխանիզմները անցումային տնտեսություններում
  16. Ինովացիոն զարգացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում
  17. Տնտեսության կառուցվածքային-նորաստեղծական կերպափոխման ռազմավարությունը գիտելիքահենք արդիականացման պայմաններում
  18. Նորարամետ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման հիմնախնդիրները
  19. Գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցման հիմնախնդիրները ազգային ինովացիոն համակարգի ձևավորման և զարգացման համատեքստում
  20. Ինովացիոն կլաստերների արդյունավետության գնահահատման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում
  21. Պետական-մասնավոր համագործակցությունը որպես ինովացիոն տնտեսության ձևավորման ու զարգացման գործոն
  22. Ինովացիոն կլաստերների ձևավորումը որպես արդյունավետ տարածքային քաղաքականության իրականացման գործիք
  23. Նորարարամետ հարկային քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում
  24. Ինովացիոն ձեռնարկատիրությունը որպես փոքր և միջին ձեռնարկությունների մրցակցային դիրքերի ուժեղացման գործոն
  25. Նորամուծությունների ֆինանսավորման մեխանիզմների զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում
  26. Ինովացիոն ենթակառուցվածի արդիականացման հիմնախնդիրները ՀՀ տնտեսության զարգացման ներկա մարտահրավերների պայմաններում
  27. Տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային միտումները և տնտեսության ինովացիոն դիվերսիֆիկացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում
  28. Միասնական ինովացիոն տարածքի ու համագործակցության մեխանիզմների զարգացումը Եվրասիական տնտեսական միության
  29. Տեխնոլոգիական փոփոխությունների վենչուրային ֆինանսավորման հնարավորությունները և մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում
  30. Տեխնոլոգիաների միջազգային փոխանցման մեխանիզմների զարգացումը ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացման գործնթացի խորացման պայամաններում
  31. Տեխնոտնտեսական պարադիգմների հերթագայության մեխանիզմները գիտելիքահենք տնտեսության անցման պայմաններում
  32. Բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման հիմնախնդիրները ՀՀ տնտեսության արտաքին կապերի դիվերսիֆիկացման պայմաններում