Էջեր

ԶՈՐՅԱՆ ՀԱԿՈԲ ՆՇԱՆԻ

24 Սեպտեմբեր 2012

Ծնվել է 1894-ի օգոստոսի 25-ին Տրապիզոնի նահանգի Օրդու գյուղաքաղաքում: 1900-1908-ին սովորել է ծննդավայրի, 1908-1912-ին` Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում, 1919-1920-ին` Լոզանի (Շվեյցարիա) համալսարանի փիլիսոփայության, 1920-1925-ին` Բեռլինի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետներում, մասնագիտացել սոցիոլոգիայի, քաղաքատնտեսության, փիլիսոփայության ու պատմագիտության մեջ:

Հ. Զորյանը Ս. Թեհլերյանի հետ գործակցել է Թալեաթ փաշայի սպանության համար (1921-ի մարտի 15-ին): Ուսման տարիներին մասնակցել է Գերմանիայի ուսանողական սոցիալիստական շարժմանը, ՀՕԿ-ի և նշանավոր հայասեր Յոհաննես Լեփսիուսի «Գերմանահայկական ընկերության» աշխատանքներին:

1925-ին Բեռլինի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1926-ին ընտրվել է ՀԽՍՀ գիտության ու արվեստի ինստիտուտի թղթակից անդամ, 1931-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1925-ի աշնանը Հ. Զորյանը հրավիրվել է Երևանի պետական համալսարան, որտեղ դասավանդել է հայ ժողովրդի պատմություն և քաղաքատնտեսություն: 1930-1931-ին եղել է Կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտի տնօրեն (ռեկտոր), 1931-1937-ին` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան: 1927-1929-ին նա համատեղությամբ վարել է Հանրային գրադարանի, 1932-1935-ին` Կուլտուրայի պատմության ինստիտուտի և 1936-1937-ին` Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրենի պաշտոնները: Գործուն մասնակցություն է ունեցել մարքսիստ պատմաբանների հանրապետական ընկերության ստեղծմանը (1928), դարձել նրա առաջին նախագահը: Զգալի է նրա ավանդը պատմաբան մասնագետների պատրաստման գործում:

Հ. Զորյանի ուսումնասիրությունները վերաբերում են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական պատմությանը: Նրա գիտական պատկառելի ժառանգության մեջ առանձնակի արժեք ունեն «Ֆեոդալական Հայաստանի գյուղացիական շարժումները X դարում» (Եր., 1928), «Ներդասակարգային պայքարը հայ Արշակունիների թագավորության վերջին շրջանում» (Եր., 1936), «Արտաշատի, Վաղարշապատի և Դվինի պրոբլեմը» (Եր., 1935), «Արաբների հարկային քաղաքականությունը ավատատիրական Հայաստանում» (Եր., 1927), «Արաբական շրջանում ֆեոդալական Հայաստանի քաղաքի և գյուղի միջև ստեղծված հակադրությունը» (Եր., 1927-1928) հրատարակությունները:

1937-ին Հ. Զորյանը անհիմն մեղադրանքներով ենթարկվել է բռնաճնշումների և ձերբակալվել:

Մահացել է 1942-ին բանտում: Արդարացվել է հետմահու: