Էջեր

Դիմորդների հայտերի ընդունումն սկսվում է մայիսի 5-ին

30 Ապրիլ 2014

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովը սույն թվականի մայիսի 5-ին, ժամը 9.00-ին սկսում է դիմորդների հայտագրման գործընթացը, որը կավարտվի հունիսի 1-ին, ժամը 18.00-ին: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը՝ նշելով, որ տեղեկատվությունը նախնական է, և կարող են տեղ գտնել որոշ փոփոխություններ: Ձեզ ենք ներկայացնում պատասխանատու քարտուղարի կողմից մեզ տրամադրված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

Դիմորդը դիմում - հայտի հետ միասին ներկայացնում է՝

1.       լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին՝ հաստատված դպրոցի տնօրենի կողմից,

2.       6 լուսանկար (3 X 4 սմ չափսի),

3.       փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

4.       անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),

5.       զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին,

6.       սույն կարգի 105-րդ և 106-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր,

7.       միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,

8.       ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները 2014 թվականին ավարտած ՀՀ քաղաքացիների, 2014 թվականի գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից հուլիսի 2-ը՝ մինչև ժամը 18:00:

«Դիմորդ – 2014»-ի մասին հավելյալ մանրամասներն ու փոփոխությունները կներկայացնենք առաջիկա օրերի մեր լրահոսում:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հասցեն է՝ Մ. Նալբանդյան 128, թիվ 2 մասնաշենք, ֆինանսական ֆակուլտետ, 1-ին հարկ:

 Մասնագիտություններ ցանկին ծանոթացեք ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝  http://edu.am/DownloadFile/6450arm-Cankqnnut14-15.pdf

Միասնական քննությունների օրերին ըստ առարկաների ծանոթացեք այստեղ՝ http://atc.am/files/2014%20mias/qnnakan_orer.jpg

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ