Էջեր

Առանձնահատուկ ուշադրություն սիրիահայ ուսանողներին. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդիպեց սիրիահայ ուսանողներին

02 Հոկտեմբեր 2013

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր հանդիպեց մեր համալսարանում սովորող սիրիահայ ուսանողներին՝ ուսումնական տարվա սկզբին նրանց ունեցած դժվարություններին ծանոթանալու, նրանց հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին  ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ֆակուլտետների դեկանները:

Հանդիպման սկզբում համալսարանի ղեկավարը հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ և հոգսեր ունեն սիրիահայ ուսանողները, ինչ դժվարությունների են հանդիպել ուսումնառության ընթացքում:

 

 


Ուսանողներից մեկը նշեց, որ ինքն ուսման վարձը սեպտեմբերին վճարելու դժվարություն ունի, մեկ ուրիշը մատնանշեց ռուսերենի  ոչ բավարար իմացությունը, հարց եղավ նաև առարկայական ծրագրերի մասին: Ի պատասխան ուսման վարձը սեպտեմբերին վճարելու  մասին հարցին ՀՊՏՀ ռեկտորը նշեց, որ չնայած ըստ կարգի՝ ուսման վարձերը պետք է վճարել մինչև սեպտեմբերի 24-ը, սակայն համալսարանի ղեկավարությունը որևէ ուսանողի չի պարտադրել վարձը վճարել մինչ նշված ժամկետը, ավելին՝ համալսարանի ղեկավարությունը հենց տարեսկզբին հայտարարել է, որ պատրաստ է ուսման վարձերը վճարելու ճկուն ժամանակացույց սահմանել և ընդառաջել ուսանողներին: Ռուսերենի դժվարություններ ունենալու խնդրին Կորյուն Աթոյանն արձագանքեց. «Առանձին խումբ կստեղծենք, առանձին դասաժամեր  կանցկացնենք»: Ուսումնառությանը վերաբերող որոշ խնդիրների համար ռեկտորը հանձնարարեց վաղը ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտորի և դեկանների հետ հանդիպում կազմակերպել և պարզաբանել ուսանողների համար անհասկանալի հարցերը:

 


Կորյուն Աթոյանն ուսանողներին կոչ արեց բոլոր խնդիրների և հարցերի դեպքում ազատորեն դիմել բուհի ղեկավարությանը, որը միշտ պատրաստ է ընդառաջել և ուսանողների խնդիրներին լուծումներ գտնել: Նա հիշեցրեց, որ համալսարանում այս ուսումնական տարվանից գործում է սոցիալական նոր փաթեթ, որը ներառում է կրթաթոշակներ, զեղչեր, կեցության պայմաններ: Ռեկտորն առաջարկեց օգտվել բուհի ընձեռած բոլոր հնարավորություններից, նոր  վերանորոգված և ամբողջությամբ նորովի կահավորված Ուսանողի տնից: Նա հիշեցրեց, որ համալսարանի ղեկավարությունը պատրաստ է աջակցելու իր բոլոր ուսանողներին, առանձնահատուկ վերաբերմունք և ըմբռնում կա նաև սիրիահայ ուսանողների նկատմամբ: «Ինչ խնդիրներ ունեք, ասեք, քննարկենք: Դուք մեր բուհի լիարժեք անդամն եք, ձեզ խորթ չզգաք: Սա ձեր հայրենիքն է, պետք է արագ ինտեգրվեք, գուցե ձեզնից ոմանք էլ մնան այստեղ հիմնական ապրելու»,- ասաց Կորյուն Աթոյանը:

«Դուք մեր ուսանողներն եք և օգտվում եք մեր բուհի բոլոր արտոնություններից, ավելին՝ ձեր նկատմամբ կիրառվում են ավելի շատ արտոնություններ»,- հավելեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին