Էջեր

Այս տարի ՀՊՏՀ-ի ֆինանսական ֆակուլտետը կունենա 542 շրջանավարտ

04 Մայիս 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանի հարցազրույցը  Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին:

-Վերջին տարիներին ֆինանսական շուկայում տեղի ունեցող զարգացումները վկայում են այն մասին, որ այս ոլորտը հավակնում է դառնալ ՀՀ տնտեսության շարժիչ ուժը: Ինչպե՞ս է սա անդրադառնում Ձեր ֆակուլտետի աշխատանքային ռիթմի վրա`  նկատվու՞մ  է արդյոք դիմորդների թվաքանակի աճ, գործող ուսանողների պատասխանատվության, իսկ դասախոսների կողմից խստապահանջության ավելացում:


- Ֆինանսական հատվածը, ընդհանուր առմամբ, արդեն իսկ ՀՀ տնտեսության շարժիչ ուժն է: Մեր ֆակուլտետն այն եզակիներից է, որտեղ դիմորդների պակաս չի նկատվել, անգամ ունեցել ենք նախատեսվածից ավելի դիմորդներ: Ուսանողների պատասխանատվությունը, ինչպես նաեւ դասախոսների խստապահանջությունն առանձին թեմաներ են: 

 Ինչ վերաբերում է դասախոսների խստապահանջությանը, ապա այն միայն կարող է նպաստել գիտելիքների ստացման գործընթացին: Մեր կարծիքով, ուսանողի պատասխանատվության զգացումն ուղղակիորեն պայմանավորված է հասարակության մեջ գիտելիքի գնահատման աստիճանով: Այսինքն` իրական գիտելիք կրողի բարեկեցության աստիճանը պետք է էականորեն բարձր լինի, ինչն էլ կարող է ազդել ուսանողի պատասխանատվության աճի վրա: 

- Որքա՞ն  ուսանող է սովորում այսօր Ձեր ֆակուլտետում եւ որքա՞ն շրջանավարտ եք ունենալու այս տարի: Ի դեպ, որո՞նք են լինելու ընդունելության քննությունների առարկաները: 

- Այս պահին ունենք 1870 ուսանող առկա եւ հեռակա կրթաձեւերում, բակալավրիատում եւ մագիստրատուրայում միասին: Այս տարի մեր ֆակուլտետի շրջանավարտների թիվը կկազմի 542: Այդ թվում` առկա բակալավրիատում կթողարկվի 261, հեռակա բակալավրիատում` 68, առկա մագիստրատուրայում` 140, հեռակա մագիստրատուրայում` 73 շրջանավարտ: Ընդունելության քննություններն են` հայոց լեզու, մաթեմատիկա, օտար լեզու:

- Ի՞նչ մասնագետներ է պատրաստում ֆինանսական ֆակուլտետը, եւ որո՞նք են այն մասնագիտական առարկաները, որոնք պետք է հետագայում հիմք հանդիսանան ֆինանսավարկային ընկերությունների շարքերը համալրող աշխատակիցների համար:


- Դժվար է առանձնացնել նման առարկաներ: Այս համատեքստում պետք է ելնել այն իրողությունից, որ մեր ֆակուլտետում ուսուցանվում է մասնագիտական առարկաների համալիր: Մենք բակալավրի կրթություն ենք տալիս չորս տարվա ուսումնառության արդյունքում եւ տարեցտարի փորձում ենք դետալացնել, առանձին կոնկրետ գիտակարգերի միջոցով հաղորդել մասնագիտական գիտելիքները: Սա հիմնականում երրորդ եւ չորրորդ կուրսերում: Իսկ պետական քննությունն այն ամփոփիչ ստուգումն է, որից հետո շրջանավարտը ստանում է որակավորում, ինչը հաստատում է, որ չորս տարվա կրթական ծրագիրն յուրացվել է: 

Բակալավրիատում պատրաստում ենք ֆինանսիստներ, մաքսային, բանկային, ապահովագրական գործի, արժեթղթերի շուկայի մասնագետներ: Մագիստրատուրայում նույն մասնագիտությունների գծով ավելի խորացված ուսուցում է իրականացվում: 

-Ի՞նչ տեղ է հատկացվում պրակտիկ դասընթացներին. համագործակցո՞ւմ եք այդ ուղղությամբ բանկերի, վարկային, ապահովագրական եւ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ: 


- Գերատեսչություններից համագործակցում ենք, մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության, Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Սերտ հարաբերություններ ենք պահպանում ՀՀ-ում գործող առեւտրային բանկերի մեծամասնության, իսկ ապահովագրական ընկերություններից՝ գրեթե բոլորի հետ: Այդ համատեղ աշխատանքներն ուղղորդված են գործնական հմտությունների ու գիտելիքների ստացմանը, փորձառության կազմակերպմանը, ապա նաեւ աշխատանքի տեղավորմանը:

 - Հետեւու՞մ եք արդյոք Ձեր շրջանավարտների հետագա կարիերային, որքանո՞վ է համալրված այսօրվա ֆինանսական դաշտը Ձեր ֆակուլտետի շրջանավարտներով:

- Այդ խնդիրների լուծման նպատակով բուհում վերջերս վերակազմավորվել է համապատասխան ստորաբաժանում՝ կարիերայի եւ մարքեթինգի բաժինը, որի միջոցով պետք է ապահովվի շրջանավարտների հետ հետադարձ կապը։ Առաջնային է գիտելիք ունեցող ուսանողի համապատասխան աշխատանքում ներգրավված լինելը:

Օգտվելով առիթից` կցանկանայի տեղեկացնել, որ վերջին մեկ տարում ռեկտոր Կորյուն Աթոյանի ղեկավարությամբ մեր բուհը, մասնավորապես, ֆինանսական ֆակուլտետի մասնագիտությունների գծով, համագործակցության պայմանագրեր է ստորագրել այնպիսի գերատեսչությունների հետ, ինչպիսիք են Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի բանկերի միությունը: Այս պայմանագրերով բուհը տվյալ գերատեսչության հետ համատեղ պատրաստելու է այնպիսի մասնագետներ, որոնք հետագայում՝ ուսումն ավարտելուց հետո, աշխատանքի են անցնելու այդ գերատեսչություններում։ Այս գործընթացը շարունակվում է նաեւ այլ գերատեսչությունների հետ՝ մեր բուհի մյուս ֆակուլտետներում եւս կոնկրետ մասնագիտացումներով կադրեր պատրաստելու համար։ Սա ուսանողներին աշխատանքով ապահովելուն ուղղված բուհի առանցքային քայլերից է։

Մինչ այդ ծրագրերի իրականացումը, գիտելիքի առարկայացումն իրական չէր, եւ  մեր ուսանողների ճնշող մեծամասնությունն ինքնուրույն էր փորձում  լուծել աշխատանքի տեղավորման խնդիրը:  

- Մեր օրերի ուսանողության հասցեին շատ հակասական կարծիքներ են հնչում. գովասանքից` առաջադեմ հայացքների համար, մինչեւ քննադատություն` ուսման գործընթացի նկատմամբ  անտարբեր լինելու առումով: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

-Ունենք ինչպես դրվատանքի արժանի ուսանողներ, այնպես էլ այնպիսիք, որոնք նկատելիորեն անտարբեր են գիտելիքի նկատմամբ:  Եվ ահա այստեղ է, որ հույս ունենք, որ պիլոտային ծրագրերը պետք է սկզբունքորեն փոխեն իրավիճակը: Մասնավորեցնելով` ասեմ, որ, օրինակ, Պետեկամուտների կոմիտեի հետ համագործակցության արդյունքում մեր ֆակուլտետում մասնագետներ են թողարկվելու հարկային վարչարարություն, մաքսային վարչարարություն, պետական եկամուտների կանխատեսում եւ վերլուծություն մագիստրոսական մասնագիտացումների գծով:  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կթողարկվեն մասնագետներ համատեղ կոլեկտիվ ներդրումային համակարգեր, իսկ Հայաստանի բանկերի միության հետ` բանկային գործունեության կազմակերպում մագիստրոսական մասնագիտացումների գծով: Ընդ որում, պետք է հատուկ շեշտադրել, որ համագործակցությունը ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի հետ արդեն տվել է նկատելի արդյունք: Հիմնանորոգվել եւ տեխնիկապես հագեցվել են ֆակուլտետի 3 լսարաններ, որտեղ նորագույն պայմաններում կիրականացվի հարկային եւ մաքսային վարչարարության գծով մագիստրոսական կրթական ծրագիրը:

Տեղեկացնեմ նաեւ, որ թվարկված մագիստրոսական ծրագրերը սկիզբ կառնեն 2012-2013 ուսումնական տարվանից, եւ երկու տարի անց բարձր առաջադիմությամբ մագիստրոսներն աշխատանքի կտեղավորվեն նշածս գերատեսչություններում եւ բանկային համակարգում, ինչը թույլ կտա վերականգնել գիտելիքի նկատմամբ հավատն ու վստահությունը:

Սերգեյ Սուքիասյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը: