Էջեր

Այս տարի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան է ընդունվել 1263 դիմորդ

19 Հուլիս 2012

2012-2013 ուսումնական տարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվելու դիմում է ներկայացրել 2477 դիմորդ, որից բուհ է ընդունվել 1263-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ հավելելով, որ 97 դիմորդ ընդունվել է անվճար համակարգով, 1166-ը՝ վճարովի, այդ թվում 300-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված լրացուցիչ տեղերում:

Նրա խոսքերով՝ նախորդ տարվա համեմատ բուհի՝ ավանդաբար հեղինակավոր համարվող ֆակուլտետներում մրցակցությունն այս տարի բավական մեծ էր, անցողիկ շեմը՝ բավական բարձր: Ֆինանսներ և վարկ մասնագիտության համար, օրինակ, այս տարի անվճարի վերին շեմը 59,5 միավորն է եղել: Կառավարում, հաշվապահական հաշվառում, միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունների նկատմամբ ևս դիմորդներն այս տարի մեծ հետաքրքրություն են դրսևորել: «Թվարկված մասնագիտությունների գծով անվճարի վերին շեմը եղել է 59 միավոր: Ավելի քիչ թվով դիմորդներ ունեցել ենք վիճակագրություն, ապրանքագիտություն բաժիններում»,- ասաց Կ.Աթոյանը:

ՀՊՏՀ ռեկտորը նշեց, որ իրենց բուհում ստեղծվել է կարիերայի կենտրոն, որը ուսումնասիրելու է թե իրենց շրջանավարտներից քանիսն են աշխատանքի տեղավորվել՝ իրենց մասնագիտություններով: Ըստ նրա՝ իրենք մեծ ուշադրություն են դարձնում ուսանողների կրթության և մասնագիտական գիտելիքների վրա, ինչպես նաև համագործակցում են տարբեր գործատուների հետ:

 Panorama.am